Եղիցի անուն Տեառն օրհնեալ յաւիտեան, զի յառաջ քան զարեւ է անուն Նորա:
Շնորհակալ ենք Աստծուն պահքի անցած տաս օրերի համար: Բարի պահեցողություն, անկեղծ զղջում, անձանձիր աղոթք եմ մաղթում բոլորիս: Թեպետ անհնար է, որ առանց փոքր կորուստի ավարտվի պահքի ցանկացած օրը, բայց ցանկալի է հնարավորինս շուտ վերականգնել այդ կորուստը: Եթե պահք պահողները համատարած լինեին, պատկերը այլ կլիներ և ավելի հեշտ կլիներ պահել, բայց մենք շրջապատված ենք ամենատարբեր մարդկանցով և տեսակետներով: Հետևաբար մեր կարևորագույն խնդիրներից մեկն էլ այն է, որ հաշտ ու համերաշխ լինենք նրանց հետ, որոնք չեն պահում պահքը, որպեսզի մեր աղոթքը խաղաղ լինի, սրտնեղություն չունենանք այլոց պատճառով և մեր աղոթքը անպտուղ չլինի ողջ պահքի ընթացքում: Պահքի ամեն մի օրը անպտուղ թող չանցնի: Հաշտվենք նաև նրանց հետ, որոնց նեղացրել ենք ինչ որ առիթով, ինչ որ ժամանակ: Հեշտ է պատահական մարդուն ասել` «կներեք», սակայն դժվար է ասել նրան, ում նեղացրել ենք: Մեծ առումով մենք ուրիշ թշնամիներ չունենք, բացի մեր մեղքերից: Իսկ Ավետարանը ամեն օր խնամքով հղկում է մեր սուր անկյունները, հայելու պես ցույց է տալիս մեր իրական դեմքը, կշեռքի պես նժարին է դնում մեր գործերը: Ապագան անորոշ է, դրա համար էլ մեզ հանձնենք Փրկիչ Աստծուն, Որը մեզ ստեղծեց, որպեսզի վայելենք Իր ներկայությունը և փառաբանենք Իր Սուրբ Անունը: Տիեզերքն էլ, մեզ էլ, Աստված ստեղծել է Իր համար: Աշխարհի վերջը կլինի Աստծու կամքով, և վերջին խոսքը կլինի Աստծունը, որովհետև Նա է տիեզերքի Ստեղծիչն ու Կառավարիչը:
Ինչպես ասում են` խորհուրդ` մարդկանց, կամք` Աստծու. Երբ սկսենք ապրել Աստծու խոսքի համաձայն, «ինչքանով որ այն հնարավոր է», միամտաբար չմտածենք, թե մեզ բոլորը սիրելու են: Մենք ունենալու ենք նաև թշնամիներ ու հակառակորդներ, որոնք անվերջ հակառակվելու են մեզ:
Մենք աներեր պետք է մնանք մեր ներքին համոզման և հավատամքի մեջ, թող իրենք փոխվեն ժամանակի ընթացքում: Երբեմն մեզ թվում է, թե շիտակ ենք ապրում և թշնամիներ չունենք: Եթե այդպես լիներ, ապա մեր Տերը, որ համակ Սեր, Ճշմարտություն և Արդարություն է, թշնամի չէր ունենա, բայց ցավոք ունեցավ և հիմա էլ ունի: Խրատի՛ր մեզ, Տէ՛ր, Քո արդարութեամբ, Քեզ հուսացողներիս:
Ուզո՞ւմ ես քո Հայրենիքում խաղաղ ապրել, ուրեմն ապրիր`
Առանց կաշառքի ու ագահության,
Ապաշխարությամբ և աղոթքով,
Երիտասարդի ամուսնությունը` գիտակցված Պսակի Խորհրդով,
Ծերը`արժանապատիվ ծերությամբ ու հարգանքով իր տանը, ոչ թե ծերանոցում.
Աշխատանքը` նվիրումով, ի սեր Աստծո, ոչ թե միայն եկամուտի համար:
Տղամարդը` տեր, կինը` հնազանդ, երեխան` խրատ լսող:
Մեր հարստությունը մեր ուղղափառ հավատքն է, մեր եկեղեցին է: Այս բոլոր բաները մեզ եկեղեցին պետք է սովորեցնի, եթե չգնանք, չի կարող սովորեցնել, եկեղեցին միշտ կանչում է, սակայն պարտադրել չի կարող, կամավոր պետք է գնանք: Այնպես ապրենք Որ մեր Տերը օրհնություն իջեցնի մեր երկրի վրա մեր սրբերի բարեխոսության միջոցով, մեր զղջման ու ապաշխարության շնորհիվ: