ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2019
Երբ Աստված ստեղծեց մարդուն, Նա սերմանեց նրա մեջ աստվածային մի բան, կարծես մի ինչ-որ խորհուրդ, որը կայծի նման իր մեջ ունի թե՛ լույս և թե՛ ջերմություն. խորհուրդ, որ
լուսավորում է միտքը և ցույց է տալիս, թե որն է բարին, և որը՝ չարը. սա կոչվում է խիղճ, իսկ դա բնական օրենք է: Սա այն ջրհորն է, որը, ինչպես մեկնում են սուրբ հայրերը, փորեց Իսահակը, իսկ «փղշտացիները խցանեցին» (Ծննդ. 26): Հետևելով այս օրենքին՝ այսինքն՝ խղճին, նահապետներն ու բոլոր սրբերը, նախքան գրի առնված օրենքը, հաճելի եղան Աստծուն: Բայց երբ մարդիկ, մեղքի անկման պատճառով, իրենց խիղճը թաղեցին և ոտնատակ տվեցին, այնժամ անհրաժեշտ եղան սուրբ մարգարեները, հարկ եղավ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անձամբ գալուստը, որպեսզի արթնացներ և շարժեր խիղճը, որպեսզի այդ հորած կայծը կրկին բոցավառվեր Նրա սուրբ պատվիրանները պահելու միջոցով: Այժմ մեր իշխանության ներքո է՝ կամ նորից
թաղել, ծածկել այն, կամ էլ թույլ տալ, որպեսզի ճառագի մեր մեջ և լուսավորի մեզ, եթե կամենում ենք հնազանդվել նրան:
Քանզի երբ մեր խիղճը մեզ թելադրում է ինչ-որ բան անել, իսկ մենք արհամարհում և անտեսում ենք նրան, և երբ նա կրկին ասում է, իսկ մենք չենք անում, այլ շարունակում ենք ոտնատակ տալ նրան, այնժամ մենք թաղում ենք նրան, և նա չի կարողանում այլևս հստակորեն խոսել մեզ հետ՝ իր վրա ընկած
ծանրության պատճառով, այլ, ինչպես վարագույրի ետևից շողացող լապտեր, սկսում է իրերը մեզ ավելի խավար ցույց տալ:
Եվ ինչպես որ ջրում, որը պղտորվել է տիղմի առատությունից, ոչ ոք չի կարող ճանաչել իր դեմքը, այնպես էլ մենք, հանցավորության պատճառով չենք ըմբռնում, թե ինչ է ասում մեզ մեր
խիղճը, այնպես որ մեզ թվում է, թե մեր մեջ այն բնավ գոյություն չունի: Բայց և այնպես, չկա՛ մարդ որ խիղճ չունենա, քանզի այն, ինչպես մենք արդեն ասացինք, ինչ-որ աստվածային
բան է և երբեք չի վերանում, այլ մշտապես հիշեցնում է մեզ օգտակարը, իսկ մենք այդ չենք զգում, որովհետև ինչպես արդեն
ասվեց, արհամարհում ու ոտնակոխ ենք անում նրան: Ավետարանում խիղճը թշնամի է կոչվում:
Բայց ինչո՞ւ է խիղճը անվանում թշնամի: Թշնամի է կոչվում այն պատճառով, որ մշտապես ընդդիմանում է մեր չար կամքին և հիշեցնում է մեզ, թե ի՛նչ պետք է անենք, բայց չենք անում,
և դարձյալ, ինչ չպետք է անենք, և անում ենք, և սրա համար նա մեզ դատապարտում է: Դրա համար Տերն էլ է նրան անվանում թշնամի և պատվիրում է մեզ՝ ասելով.«Քո թշնամու հետ,մինչ նրա հետ դեռ ճանապարհին ես, եղի՛ր իրավախոհ»: Ճանապարհը, ինչպես ասում է Բարսեղ մեծը, այս աշխարհն է:
Եվ այսպես, եղբայրնե՛ր, ջանանք պահպանել մեր խիղճը, քանի դեռ այս աշխարհում ենք գտնվում, թույլ չտանք, որ նա մեզ հանդիմանի ինչ-որ գործի մեջ, ոտնակոխ չանենք նրան
երբևիցե և ո՛չ մի բանում, թեկուզ և ամենափոքր բանում: Իմացե՛ք, որ փոքրը և էապես չնչինը (անտեսելուց) մենք անցնում ենք նաև մեծագույնները անտեսելուն: Քանզի, երբ մեկը սկսում է ասել. «Ի՞նչ մեծ բան է որ, եթե ես ասեմ այս խոսքը, ի՞նչ մեծ բան է որ, եթե ես ուտեմ այս փոքր բանը, ի՞նչ մեծ բան է որ, եթե ես նայեմ այս կամ այն բանը», ապա դրանից, թե՝ «Ի՞նչ մեծ բան է այս, ի՞նչ մեծ բան է այն», ընկնում է նա չար սովորության մեջ և սկսում է արհամարհել թե՛ մեծը և թե՛ կարևորը և ոտնատակ տալ իր խիղճը, իսկ այդպիսով կարծրանալով չարի մեջ, ենթարկվում է բացարձակ անզգայության մեջ ընկնելու վտանգին: Դրա համար, եղբայրնե՛ր, զգուշացե՛ք փոքրը անտեսելուց, զգուշացե՛ք արհամարհելուց, որպես փոքր և չնչին: Այն փոքր չէ, քանզի նրա հետևանքով ձևավորվում է չար սովորություն: Ուշադի՛ր լինենք ինքներս մեր հանդեպ և հոգ տանենք փոքրի համար, քանի դեռ այն թեթև է, որպեսզի այն չդառնա ծանր, քանզի թե՛ առաքինությունները և թե՛ մեղքերը սկսում են փոքրից և վերածվում են մեծագույն բարիքի կամ չարիքի: Դրա համար Տերը պատվիրում է մեզ պահպանել մեր
խիղճը և կարծես թե հատուկ հորդորում է մեզանից յուրաքանչյուրին՝ ասելով. «Տե՛ս, թե ինչ ես անում, թշվա՛ռ, սթափվի՛ր, հաշտվի՛ր թշնամուդ հետ, քանի դեռ նրա հետ ճանապարհին ես»: Հետո էլ ցույց է տալիս այս պատվիրանը չպահելու չարաբաստիկ հետևանքը.
«Գուցէ Նա քեզ դատավորին հանձնի, և դատավորը՝ դահճին, ու դու բանտ նետվես», իսկ հետո՞«Ճշմարի՛տ եմ ասում քեզ, այնտեղից դուրս չես գա, մինչև չվճարես վերջին նաքարակիտը»: Քանզի խիղճը մեզ մերկացնում, է ինչպես ես արդեն ասացի, թե՛ բարու և թե՛ չարի մեջ և ցույց է տալիս մեզ՝ ինչ անել և ինչ չանել, և դարձյալ ինքն է, որ մեզ դատապարտելու է Դատաստանի օրը, դրա համար և ասված է. «Գուցե նա քեզ դատավորին հանձնի»:
Խրատանի ապաշխարության գրքից.
Օրվա ընթերցվածք.
Առակներ 10.1-7
1 Իմաստուն որդին ուրախացնում է հօրը, անմիտ որդին տրտմութիւն է մօր համար: 2 Գանձերը չեն օգնի անօրէններին, մինչդեռ արդարութիւնը փրկում է մահից: 3 Տէրը սովամահ չի անում արդարին, բայց ամբարիշտների կեանքը պիտի կործանի: 4 Աղքատութիւնը խեղճացնում է մարդուն, ժրաջան ձեռքերը հարստացնում են նրան: 5 Խրատուած որդին իմաստուն կլինի, իսկ անմիտը ծառայ կդառնայ: Իմաստուն որդին ազատւում է խորշակից, անօրէն որդին խորշակահար է լինում ամռանը: 6 Տիրոջ օրհնութիւնն արդարների գլխին է, բայց տարաժամ սուգը պիտի փակի ամբարիշտների բերանը: 7 Արդարների յիշատակը մնալու է գոհաբանութեամբ, բայց ամբարիշտների անունը պիտի ջնջուի:
Post Views: 1,002