Ոխակալը մտնում է Եկեղեցի` իբրև քրիստոնյա, բայց նրա աղոթքները պիղծ են առավել, քան պիղծ զոհերը.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Ոխ պահողների ու վրեժ լուծողների անօրինությունն ու չարությունը առավել ահավոր ու սաստիկ ենք տեսնում, քան մյուս բոլոր մեղքերի անօրենությունները.որովհետև բոլոր մյուս մեղքերն ու անօրինությունները երբեմն սաստկանում ու բորբոքվում են, երբեմն` դադարում, իսկ չարի կողմից հրահրված քինահանությունը, երբ ընկերոջից իրեն ընդդիմացող խոսքեր է լսում, բորբոքվում է անօրեն ու նենգ խորհուրդներով: Քինախնդիր ոխապահների մտքում ամեն ժամ առանց հանգչելու բորբոքվում է նախանձի բոցը և հանապազ կսկծեցնում նրանց սիրտը.
նրանք հալումաշ են լինում ու չարչարվում են իրենց մտքում, ոմանք անգամ այլագունում են իրենց չար խորհուրդների և սրտի նենգության պատճառով: Եվ մարդկանց մեջ շրջում է խորամանկ իժը` ոխակալը, իժի թույնի նման իր սրտում կրելով նենգությունը: Նրա միտքը մշտապես սատանայի օթևան ու բնակարան է: Նա լսում է, ինչ որ սատանան է ասում, և շուտափույթ կատարում է նրա կամքը. տեսքից մարդու է նման, իսկ բարքով` չարաժանիք գազանի: Հրապարակներում նստում է իբրև մարդ, բայց նրա խորհուրդներում չար դևի խորամանկություններն են: Մտնում է Եկեղեցի` իբրև քրիստոնյա, բայց նրա աղոթքները պիղծ են առավել, քան պիղծ զոհերը. քանզի
ոխ պահողների աղոթքները չեն բարձրանում Աստծու առջև, որովհետև չարությունը նրանց սրտերում է, և մշտապես անօրեն նենգություն են խորհում:
Այդպիսի մարդը եթե անգամ մեծ գումարներ ողորմություն բաժանի, աղոթքներով լուսացնի և պահք պահի, սաստիկ ճգնություններով ցամաքեցնի իր մարմինը, այդ ամենից ոչ մի օգուտ չի ունենա, եթե ոխ պահի իր ընկերոջ հանդեպ և իր սրտում չարիքը թաղված ունենա: Նա նստում և հանապազ ընկերոջ չար պատահարների ու փորձությունների մասին է խորհում, փափագով չարիք է կամենում նրան, ցանկանում է, որ նա սովի մատնվի, սրով ընկնի, ավազակների ձեռքն ընկնի, մեռնի. բոլոր տեսակի չարիքներն ու չար լուրերն է ցանկանում նրան:
 
Նրա տեսությունից ծածկում է իր դեմքը, չի ախորժում նրա տան մոտով իսկ անցնել: Երբ նրան տեսնում է ճանապարհին, փոխում է ճանապարհը, որ նրան չհանդիպի: Երբ Եկեղեցում է տեսնում, չի ուզում Եկեղեցի մտնել, եթե հրապարակում է տեսնում, նրա աչքերն այնպես են մթագնում, որպես թե չի կարողանում նրա երեսին նայել. խոնարհեցնում է գլուխը, իբրև գետնի հետ է խոսում, և կամենում է չար բան խոսել նրա մասին, ում նախանձում է: Եվ եթե մեկը նրա մասին չար բան է խոսում, հաճույքով լսում և նրա չարախոսությանը նորանոր բաներ է ավելացնում` մեծ ուշադրությամբ խոսելով նրան չարախոսողի հետ: Բայց եթե բարի խոսք է լսում նրա մասին, տրտմում, տխրում է նրա դեմքը, հալումաշ է լինում նրա միտքը:
Սիրելի է նրա թշնամիներին և թշնամի է նրա բարեկամներին:
Այդպիսի սատանայամիտներին չպե՛տք է մարդ անվանել, այլ օձ և իժ, և եթե դրանցից ավելի դաժանը գոյություն ունի, դրա անունով: Որովհետև նրանք ավելի չար գազան են, քան օձն ու իժը. քանզի օձն ու իժը բնությամբ են դաժան, իսկ ոխ պահողները սեփական կամքով են ընդունել սատանայի չար խորհուրդները, որի պատճառով էլ ժառանգելու են անշեջ հուրն ու անլույս խավարը նրա հետ: Իսկ ես զարմանում եմ Աստծու ներողամտության վրա, որ մոլեգնող այդպիսի ամբարշտությունների պատճառով երկնքից նույն պահին կայծակներ չի առաքում. քանզի ոխ
պահողն իր չարությամբ ու անօրինությամբ գերազանցում է ավազակներին ու մարդասպաններին: Քանի որ ավազակներն ու մարդասպանները երբեմն սպանում, երբեմն էլ
դադարում են սպանել, իսկ ոխապահը երբեք չի դադարում սպանելուց. նա իր բոլոր գործերում է մարդասպան, որովհետև սրտում ոխ ունի իր ընկերոջ հանդեպ. մարդասպան է անկողնում, երբ հիշում է ընկերոջ հանդեպ ոխը. մարդասպան է տանը, մարդասպան է Եկեղեցում, հրապարակներում, նաև ճանապարհին է մարդասպան, մարդասպան է ցերեկը, գիշերը, ամեն ժամ, որովհետև հանապազ իր սրտում կրում է նախանձն ու ոխը:
Եվ ապա սատանան, ավելի աճեցնելով ոխապահի անօրեն ամբարշտությունը, նրան հոժարեցնում է քինահանության` վրեժ լուծելու իրեն զրկողից:
Եթե փոքր էլ լինի զրկանքը, սատանան այն նրան մեծ է ցույց տալիս, և սատանայի ամբարշտությունն այնքան է զորանում, որ նրան հանդգնել է տալիս առավել անօրինություններ գործել, մինչևիսկ հրդեհով վնաս հասցնել նրա տներին ու բերդերին:
Եվ արդ, ի՞նչ շահեցիր այդ սատանայական անօրինությունը գործելով, եթե ոչ միայն հոգուդ կորուստն ու գեհենի երկյուղը, հուրն ու խավարը և հավիտենական տանջանքները:
Արդ, թող ոչ ոք չհանդգնի քինահանության ահավոր անօրինությունը գործել և իր անձի համար վրեժ չլուծի, այլ թող անսա դատավոր Աստծուն, որ ասում է.
«Իմն է վրեժխնդրությունը, և ես եմ հատուցելու, ասում է Տերը»:
Դու չարի փոխարեն չար մի՛ հատուցիր, այլ.
«Եթե քաղցած է քո թշնամին, հա՛ց տուր նրան, և եթե ծարավ է, ջո՛ւր. չարերին ես եմ հատուցելու, ասում է Տերը» Մատթ. 25: 37
 
Հովհան Մանդակունի Հայրապետ
Ոխ պահողների և նախանձի մասին ճառից` մի հատված.

Օրվա ընթերցվածք.

Իմաստություն Սողոմոնի 9.9

Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը:  Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ: Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո Սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից:  Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները, սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ: