Երկյուղը առավել մեծ ուժ ունի մեր վրա, քան Ավետյաց Երկիրը.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Լիովին բարեպաշտ քրիստոնյան առաջնորդվում է ոչ թե պատժի հանդեպ ունեցած վախով և ոչ էլ արքայությունը ժառանգելու ցանկությամբ, այլ Քրիստոսով: Իսկ մենք խորհենք արքայության երանությունների և գեհենի տանջանքների մասին, և գոնե այսպիսով ճշմարտության մեջ ուսուցանենք և դաստիարակենք մեզ, սրա միջոցով մղենք մեզ կատարելու այն, ինչը որ պարտ ենք կատարել: Երբ այս կյանքում կտեսնես ինչ որ մեծ և լավ բան, այնժամ մտածիր երկնային արքայության մասին, և կհամոզվես, որ քո տեսածը չնչին բան է: Երբ տեսնես որևէ զարհուրելի բան, այնժամ մտածիր գեհենի մասին և դու կծիծաղես դրա վրա: Երբ քեզ կլանում է մարմնավոր տռփանքը, խորհիր կրակների մասին և մտածիր այդ մեղքի պատճառած հաճույքի մասին այնպես, որ այն չնչին մի բան է, նույնիսկ իր հետ հաճույք իսկ չի բերում: Եթե վտանգավոր է խախտել օրենքը, որն այստեղ է կարգվել և ունի այնպիսի զորություն, որ մեզ ետ է պահում չարագործությունից, ուրեմն առավել մեզ զգոն կպահի ապագայի անվախճան չարչարանքներից հավիտենական պատժի հիշողությունը:
 
Եթե երկրավոր թագավորի հանդեպ ունեցած երկյուղը մեզ ետ է պահում բազում հանցանքներից, ինչքան առավել մեզ ետ կպահի երկնավոր Թագավորի հանդեպ եղող երկյուղը: Ի՞նչ կերպով մենք կարող ենք բորբոքել մեր մեջ այդ երկյուղը: Եթե ուշադիր լինենք Սուրբ Գրքի խոսքերին: Քանի որ միայն մահացածի տեսքը խոնարհեցնում է մեր միտքը, ուրեմն առավել ևս գեհենը և անմար կրակները, առավել ևս սատկող որդերը: Եթե մենք մշտապես խորհենք գեհենի մասին, ապա շուտով և փութապես չենք գահավիժի նրա մեջ:
Դրա համար էլ Աստված սպառնում է պատժով: Եթե խորհելը գեհենի մասին, մեզ մեծ օգուտ չբերեր ապա Աստված չէր խոսի այդ սպառնալիքի մասին բայց քանի որ հիշողությունը սրա մասին կարող է նպաստել մեծամեծ գործերի իրականացման համար, դրա համար էլ Նա կարծես այս բանը որպես փրկարար միջոց է ուղարկել մեր հոգիներին՝ այն սարսափը, որ բորբոքվում է մեր մեջ այդ հիշողությունից: Այդ պատճառով էլ անհոգ չգտնվենք օգուտի հանդեպ, որ ծնվում է այստեղից այլ այն ունենանք որպես մշտական խոսակցության առարկա՝ առավոտյան և երեկոյան սեղանի շուրջ: Հաճելի բանի շուրջ խոսակցությունը ամենափոքր օգուտ իսկ չի բերի մեր հոգիներին, հակառակը, այն կդարձնի ավելի տկար, իսկ զրույցը ավելի վշտագին և տխուր բաների շուրջ, կհեռացնի մեր անձից ցրվածությունը և փափկակեցությունը, և ուղղելով մեզ, կկանգնեցնի ճշմարտության ճանապարհի վրա: Այն կպահի նույնիսկ այն ժամանակ, երբ անձն ընկնի տկարության մեջ: Ով զբաղվում է ուրիշի գործերին հետաքրքրություն ցուցաբերելով, ուզում է հաղորդակից լինել այդ բանին, նա այդ հետաքրքրասիրության հետևանքով վտանգների է ենթարկում իրեն: Իսկ նա, որ խոսում է գեհենի մասին, ոչ մի վտանգի չի ենթարկվում, այլ իր անձը դարձնում է առավել ողջախոհ:
Միգուցե դու վախենում ես այդպիսի զարհուրելի զրույցներից: Մի՞թե կարծում ես, թե կհանգցնես գեհենը, եթե չխոսես դրա մասին: Կամ մի՞թե էլ ավելի կբոցավառես, եթե խոսես նրա մասին: Խոսես թե չխոսես այդ մասին, միևնույն է, կրակը պիտի վառվի: Մշտապես խորհիր այդ բանի մասին, որպեսզի երբեք չընկնես այնտեղ: Քանի որ անհնարին է անձի համար՝ ընկնել մեղքի մեջ, եթե նա հարատև զբաղված է գեհենի մասին խորհելու հիշողությամբ: Լսիր, ուրեմն, այս սքանչելի խրատը. «Հիշիր քո վերջը և հավիտյան չես մեղանչի» (Սիրաք 7:39): Անհնար է այն անձի համար, որը վախենում է իր գործերի համար պատասխանատվության ենթարկվելուց, չծուլանա չարիք գործելու մեջ: Քանզի վախը, որ ամրանում է մեր մտքում, թույլ չի տալիս, որ նրանում որևէ աշխարհային բան տեղ գտնի: Եթե խոսքը գեհենի մասին է, որ երբեմն է միայն զբաղեցնում մեզ, այսպես խոնարհեցնում և սանձահարում է մեր անձը, ապա միտքը նրա մասին, որ հարատև մնում է մեր մեջ, արդյո՞ք ամեն կրակից առավել չի՞ մաքրի մեր անձը: Այնքան չմտաբերենք երկնային արքայությունը, որքան գեհենի կրակները: Քանի որ երկյուղը առավել մեծ ուժ ունի մեր վրա, քան Ավետյաց Երկիրը, և ես գիտեմ, որ շատերը կհրաժարվեին հազարավոր երանություններից, միայն թե ազատվեին պատժից: Երբեք չի խուսափի գեհենից նա, ով արհամարհում է նրան, ինչպես որ մեզ մոտ այն մարդիկ, որոնք վախենում են արդարադատությունից, զգուշանում են և չեն ընկնում դատավորի մոտ, և հակառակը, ովքեր անտարբեր են, նրանք հաճախ ենթարկվում են դատի, այդպես է և այնտեղ:
Եթե նինվեացիները չվախենային կործանումից, ապա նրանք կկործանվեին: Բայց քանի որ նրանք վախեցան, դրա համար խուսափեցին պատժից:
Եթե Նոյի ժամանակվա մարդիկ վախենային ջրհեղեղից, ապա չէին կործանվի նրանով: Եվ սոդոմացիները, եթե վախենային, ապա կխուսափեին երկնառաք կրակից:
Մեծ չարիք է սպառնալիքների հանդեպ անհոգությունը: Ով անտես է անում սպառնալիքները, նա սեփական փորձով է իմանում հետևանքները: Ոչինչ ավելի օգտակար չէ գեհենի մասին զրույցից, այն դարձնում է մեր հոգին ամեն տեսակի արծաթից էլ մաքուր:
Քրիստոսն էլ միշտ խոսում էր գեհենի մասին: Չնայած սա տրտմեցնում է լսողներին, սակայն նրան տալիս է մեծ օգուտ: Այսպիսի բաներ պարունակում է այն ամենը, ինչը օգտակար է, քանի որ դեղերն ու սպեղանիներն էլ սկզբում տհաճություն են պատճառում հիվանդին, բայց հետո նրան մեծ օգուտ են տալիս: Ինչ որ է, քամիները նավի
համար, նույնն էլ խոսքերը հոգու համար: Որ կողմ ուզես, այն կողմ էլ կարող ես այն թեքել և ընթացք տալ:
Հովհան Ոսկեբերան Հայրապետ` (Գեհենի մասին ճառից)

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 15.39-16.12

39 Երբ նա ժողովրդի բազմութիւնն արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները:

16 1 Փարիսեցիներն ու սադուկեցիները մօտեցան ու փորձելով՝ նրանից ուզում էին, որ ցոյց տայ իրենց երկնային մի նշան: 2 Իսկ նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. 4 «Չար եւ շնացող մի սերունդ նշան է ուզում, եւ սակայն նրան նշան չպիտի տրուի, բացի Յովնան մարգարէի նշանից»: Եւ նրանց թողեց ու գնաց: 5 Աշակերտներն էլ գնացին ծովի այն կողմը, բայց մոռացան հաց վերցնել: 6 Յիսուս նրանց ասաց. «Տեսէ՛ք, զգո՛յշ եղէք սադուկեցիների եւ փարիսեցիների խմորից»: 7 Աշակերտները իրենց մէջ խորհում էին ու ասում. «Որովհետեւ հաց չենք վերցրել»: 8 Յիսուս այդ իմացաւ ու ասաց. «Թերահաւատնե՛ր, ինչո՞ւ էք ձեր մտքում խորհում, թէ հաց չունէք: 9 Դեռեւս չէ՞ք իմանում եւ չէ՞ք յիշում հինգ նկանակը, որ կերակրեց հինգ հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք. 10 ոչ էլ՝ եօթ նկանակը՝ չորս հազարին. եւ քանի՞ սակառ վերցրիք: 11 Արդ, ինչպէ՞ս չէք իմանում, թէ հացի համար չէ, որ ձեզ ասացի՝ զգոյշ լինել փարիսեցիների եւ սադուկեցիների խմորից»: 12 Այն ժամանակ իմացան, թէ չէր ասել, որ զգուշանան խմորից, այլ՝ փարիսեցիների եւ սադուկեցիների ուսուցումից: