Եթե գիտակ Պողոս առաքյալն էր սխալվել, ապա ի՞նչ ասենք մենք.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Երբ Պողոս առաքյալը դեռ Սավուղ էր, նա Աստծո Եկեղեցու մեծ հալածիչ էր։ Ինչո՞ւ էր հալածում քրիստոնյաներին։ Զարմանալի է, բայց դա անում էր Աստծո փառքի համար, քանի որ շատ կրոնասեր էր։ Եվ հետագայում տեսնում ենք, որ նա հայտնություն ուներ, թե ինքն ընտրված է Աստծո կողմից, ինչպես որ ինքն է ասում. «Աստված ինձ մորս արգանդից ընտրեց»։
Նաև տեսնում ենք, որ շատ ծանրակշիռ պատճառներ ուներ իրեն ընտրյալ համարելու, քանի որ թլփատված էր ութերորդ օրը, Իսրայելի ցեղից էր, եբրայեցի՝ եբրայեցի ծնողներից, Բենիամինի սերնդից, ըստ օրենքի՝ փարիսեցի, ըստ նախանձախնդրության՝ հալածում էր եկեղեցին, ըստ օրենքի արդարության՝ անբասիր, և աշակերտն էր Գամաղիելի։
Այդ ամենը նրան մեծ վստահություն էր ներշնչում իր անձի նկատմամբ։ Եվ ահա նա մեծ գործունեություն էր ծավալել՝ իր կարծիքով Աստծո փառքի համար։
Նա էր բռնել Ստեփանոսին քարկոծողների հագուստները, նա Տիրոջը խաչողների մեջ էր նաև, հալածում էր նոր կազմավորվող Եկեղեցին։
Եվ այդ բոլորը, ըստ իրեն, անում էր Աստծո փառքի համար։
Բայց երբ Աստված Դամասկոսի ճանապարհին այցելեց նրան, ի զարմանս Սավուղի ասաց. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես Ինձ հալածում»։
Իսկ նա զարմացած հարցրեց. «Դու ո՞վ ես, Տե՛ր». այն Աստծուն, Որին իր կարծիքով ծառայում էր նախանձախնդրորեն, պարզվեց, որ երբ նույնիսկ չի ճանաչում։
Եվ երեք օր աչքերը կուրացած մնացին. ինչպես երեխան ինն ամիս արգանդում, որ պատրաստվում է ծնվել, այնպես էլ Պողոսը։ Հինը մեռավ, և ծնվեց նորը՝ Քրիստոսով Փիլիպ. 3:5։
Եվ իր անձի վրա վստահ եղողը ամբողջովին մաքրվեց իր անձի առանձնաշնորհների վրա հույս դնելուց և ասաց. «Ես էլ չեմ ապրում, այլ Քրիստոս՝ իմ մեջ»։
Էլ իր վրա վստահություն չուներ, դրա համար էլ ասում է. «Ես ձեզ մտքի ճարտարությամբ չքարոզեցի, այլ՝ Հոգու զորությամբ»։ Եվ արդեն ճշմարտացիորեն անմնացորդ Տիրոջը նվիրված իր անձը կենդանի զոհ էր մատուցում իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ես բոլոր առաքյալներից շատ աշխատեցի, բայց՝ ոչ թե ես, այլ՝ Աստծո շնորհը, որ իմ մեջ էր, քանի որ ես ոչինչ եմ»։
Ուրեմն զգուշանանք, քանի որ հնարավոր է, որ գիշեր-ցերեկ Տիրոջ համար վազենք, գործենք, բայց Դատաստանի օրն այն Աստծուց, Ում կարծես թե ծառայում էինք և ակնկալում Նրանից լսել երանելի բարբառը. «Ապրե՛ս, բարի ու հավատարի՛մ ծառա», հանկարծ լսենք ահավոր և զարհուրելի խոսքերը. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ էիր Ինձ հալածում»։
Խրատանի ապաշխարության գրքից

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 15.21-28

21 Յիսուս, այդտեղից ելնելով, գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը: 22 Եւ ահա այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»: 23 Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»: 24 Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ՝ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»: 25 Իսկ կինը մօտենալով երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»: 26 Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»: 27 Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»: 28 Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի, ինչպէս որ կամենում ես»: Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց: