Պառկում ես քնելու՝ հիշիր, որ Տէրը գլուխը դնելու տեղ չուներ:

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Հարաժամ աղոթքի փութալը տերունական պատվեր է, միշտ և անդադար պետք է աղոթել Նրան: Քանզի, թեպետ այլ առաքինությունների համար չափ և սահման ունենք, այսինքն՝ պահոց պնդությունն ու մարմնի ճնշումը ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ժամանակի պատշաճության, սակայն աղոթքի պտուղը Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում: (Խոսրով Անձևացի):
Անդադար աղոթել չի նշանակում ամբողջ օրը կանգնել սրբապատկերի առջև և աղոթել, թեև դա անհրաժեշտ է որոշակի ժամերի: Այլ անհրաժեշտ է բոլոր գործերի ընթացքում աղոթել: Այսպես, զբաղվելով կենցաղային գործերով, կարելի է աղոթել տեսանելի առարկաների միջոցով՝ միտքը տեղափոխելով անտեսանելիներին:
Այսպես օրինակ, նայում ես կրակին, ասա. «Փրկիր ինձ, Տէր, հավիտենական կրակից», լվանում կամ մաքրում ես որևէ առարկա, ասա մտովի. «Առավել լվա ինձ Տեր, իմ անօրենություններից, և իմ մեղքերից սրբիր ինձ` մեղավորիս»: Ճաշակում ես ուտելիք կամ խմում ես որևէ բան, հիշիր Տիրոջը և ասա. « Տէր, թույլ մի տուր ինձ խմել լեղի և քացախ` ծարավ ժամանակ»: Պառկում ես քնելու՝ հիշիր, որ Տերը գլուխը դնելու տեղ չուներ:
Արթնանալիս, երբ տեսնում ես լույսը՝ ասա. «Առավոտ լուսո, Արեգակն արդար առ իս լոյս ծագեա»: Հագնվելիս՝ « Հագցրու ինձ իմ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքի պատճառով»: Մազերդ սանրելիս, հիշիր Փրկչի չարչարանքները, երբ հռովմեացի զինվորները Նրա մաքրամաքուր մազերն էին քաշում, երբ տանում էին խաչելության և ասա. «Փառք Սուրբ Խաչիդ, Ալելուիա, Սուրբ չարչարանացդ, Ալելուիա»: Լվացվելիս խաչակնքիր՝ վռնդելու համար ջրից չարի ներգործությունները, նաև ասա. «Ցողիր ինձ մշտիկով և ես սուրբ կլինեմ, լվա, և ձյունից ճերմակ կլինեմ»:
Դուռը բացելիս. ասա. «Դուռն ողորմութեան, դավանողիս բաց, դասիր ինձ քո արդարների հետ»: Երբ լուսավորում ես տունդ՝ ասա. «Լոյս ճշմարիտ Քրիստոս, արժանավորե՛ա հոգիս ուրախութեամբ տեսանել զլոյս փառաց Քոց ի կոչման աւուրն», երբ կհանդիպես ավազաթմբի՝ ասա. «Այլ եդեր ապաշխարութիւն վասն իմ՝ մեղավորիս, զի մեղայ ավելի, քան զաւազ ծովու, եւ բազմացան անօրէնութիւնք իմ»: Երբ կտեսնես մի որևէ փոս տեղ, ասա մտովի. «Մի յաւիտեան բարկանար ինձ, Տէր, եւ մի՛ յիշեր զչարիսն իմ եւ մի պարտաւորեր զիս ընդ իջեալսն ի ներքոյ երկրի չարեօք»: Քնից առաջ հիշիր հավիտենական մահվան մասին: Եվ այսպես, սովորեցրու ինքդ քեզ նյութեղենից անցնել հոգեղենին և կամաց-կամաց կսովորես հարատև աղոթքի մեջ մնալ:
 
Խրատանի ապաշխարության գրքից.

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի թուղթը հռոմեացիներին 15.1-13

1 Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մեզ համար հաճելի չլինել. 2 այլ մեզնից իւրաքանչիւր ոք թող ընկերոջը հաճելի լինի ի շինութիւն բարի գործերի. 3 քանզի Քրիստոս էլ ոչ թէ միայն իրեն հաճելի եղաւ, այլ, ինչպէս եւ գրուած է. «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրայ ընկան»: 4 Ուրեմն, ինչ որ գրուեց, գրուեց, որ մենք սովորենք, որպէսզի համբերութեամբ եւ գրքերի պարգեւած մխիթարութեամբ յոյսն ընդունենք: 5 Եւ թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց՝ ըստ Յիսուս Քրիստոսի, 6 որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը: 7 Ուստի, ընդունեցէ՛ք միմեանց, ինչպէս որ Քրիստոս ընդունեց ձեզ ի փառս Աստծոյ: 8 Ասեմ նաեւ, որ Քրիստոսի՝ թլփատուածներին սպասաւոր լինելը Աստծոյ ճշմարտութեան համար էր՝ հաստատուն դարձնելու համար հայրերին տրուած խոստումը: 9 Նաեւ հեթանոսները փառաւորում են Աստծուն նրա ողորմութեան համար, ինչպէս գրուած էլ է. «Դրա համար հեթանոսների մէջ գոհութիւն պիտի տամ քեզ եւ քո անուան համար սաղմոս պիտի երգեմ»: 10 Եւ դարձեալ ասում է, թէ՝ «Հեթանոսնե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ»: 11 Եւ դարձեալ թէ՝ «Բոլո՛ր հեթանոսներ, օրհնեցէ՛ք Տիրոջը եւ գովեցէ՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ»: 12 Եւ դարձեալ Եսային ասում է. «Պիտի գայ Յեսսէի արմատը, եւ նա, որ պիտի կանգնի, իշխան է հեթանոսներին. նրա վրայ յոյս պիտի դնեն հեթանոսները»: 13 Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք: