Այս վերնագիրը առաջին հայացքից կարող է զարմանք պատճառել, սակայն խորքը թափանցելուց մեծ օգուտներ կարող ենք քաղել բուն իմաստը հասկանալուց հետո:
Թշնամին հարուցում է մեր մեջ ամենատարբեր մտքեր և խորհուրդներ, իսկ մենք մեր կողմից պարտավոր ենք այն քննել, և եթե դրանք չեն համապատասխանում սուրբ հայրերի տեսակետին, ապա պարտավոր ենք դրանք անմիջապես մերժել, քանզի սուրբ հայրերը մեծ փորձառություն են ունեցել այս անտեսանելի պայքարում: Եվ ինչու առաջնային չենք համարում այս պարագայում Սուրբ Գիրքը և ավելի տեղ ենք տալիս սուրբ հայրերի մեկնությանը, սա այն պատճառով, որ իրենք՝ հայրերն իսկ ասում են, որ Աստվածաշնչի ինքնակամ մեկնություններից է, որ առաջանում են բազում շեղումներ և աղանդներ:
Ըստ սբ. Աթանաս Մեծի, չարը կարող է մարդուն մղել կասկածելու, թե նույնիսկ բնական պահանջները, որ տրված են մարդ արարածին, դրանք էլ կարող են մեղք համարվել:
Տրվելով նման մտածմունքների և այն միանգամից չմերժելով, մարդն սկսում է գիշեր ու զօր խորհել անօգուտ բաների մասին:
Չարը մեր առջև դնում է կեղծ թիրախներ և մեզ մղում նրանց դեմ պատերազմել՝ ներշնչելով, թե հենց այդ է սատանայի դեմ մղված պայքարը: Սրանով նա մեր թանկագին ժամանակը, որի համար գրված է, թե. «Ժամանակն օգտագործեք, քանզի օրերը չար են», ստիպում է վատնել դատարկ բաների վրա: Նա մեզ խաբելով աշխատում է համոզել, որ մենք այդպես վարվելով մեծ-մեծ վնասներ ենք հասցնում իրեն և երկնքում բազում գանձեր դիզում:
Այսպիսով նա մեզ ոչ միայն բարի պտուղներից է զրկում, այլ այնպես է անում, որ պտղաբերենք չար պտուղներ, որոնք են` ինքնահավանությունը, հպարտությունը, մարդահաճությունը, ինքնավստահությունը և սրանցից էլ, իրենց հերթին ծագած բազում այլ չարիքներ:
Օրինակ՝ աղոթքը համարվում է ամենամեծ առաքինությունը, սակայն հերիք է աղոթքի զենքը ճիշտ ուղու վրա չդնել, և սա ոչ միայն բարիքի, այլ մեծ չարիքի պատճառ կարող է դառնալ: Այսինքն, աղոթքով, եթե չի փնտրվում սեփական մեքերի տեսություն, նրանցից ձերբազատվելու շնորհ, երկյուղ, խոնարհություն, դժոխքից խուսափում և Երկնքի արքայությանն արժանանալու ուղի, այլ մոռանալով իր անձի համար վերը նշված խնդրանքները, տրվելն ունայնաբանության, այսինքն՝ ամբողջ ջանքով աղոթել այս կամ այն պետությանը քրիստոնեության դառնալու համար և նմանօրինակ այլ բաներ: Սրանք իրականում չարի խարդավանքներ են, ո՛չ Գրիգոր Նարեկացու Աղոթագրքի և ոչ էլ Ներսես Շնորհալու աղոթքների, և ոչ էլ այլ հայրերի աղոթքների մեջ նմանօրինակ բաները առաջնային չեն եղել: Նրանք լացել են իրենց մեղքերի վրա և մեր համար էլ դարձել օրինակ, քանի որ հայրերի մոտ ասված է. «Փրկվիր դու, և շուրջ բոլորը կփրկվեն շատերը»: Այսինքն՝ աղոթքի զենքը անգիտության պատճառով գործածվում է ոչ ճիշտ նպատակի, այլ կեղծ թիրախի վրա:
Նման ձևով նաև ողորմությունը, եթե ըստ Սուրբ Գրքի չի տրվում, միայն դրամի իզուր վատնում է, փառամոլության և մարդահաճության պատճառ: Եվ այն, ինչի համար ասվում է, թե. «Երանի ողորմածներին, որովհետև ողորմություն պիտի գտնեն», սրա սխալ օգտագործումը կարող է ավելի մեծ վնասներ պատճառել, քան եթե այն ընդհանրապես չարվեր:
Բազում են այդ կեղծ թիրախները, և եթե ջանանք նրանց ի հայտ բերել, Աստծո ողորմությամբ կհաջողենք և կխուսափենք դատարկ ջանքերից:
Օրինակ`պատահում է, որ միտք է գալիս, թե այս կամ այն մարդը քո ետևից ծիծաղեց, կամ բամբասեց և այլն, և եթե մենք նեղսրտենք, արդեն կեղծ թիրախ է, որովհետև այդ բանն իրականում կարող է եղած չլինել, այլ կարող է միայն չարի ներգործության արդյունք լինել: Բայց եթե իրականում անգամ ծաղրեն կամ վատաբանեն, վիրավորեն, ու այդ բոլորին մենք տեղիք տանք, ապա կընկնենք հիշաչարության մեղքի մեջ և մշտապես կսկսենք մտածել այդ վիրավորողի մասին: Այսինքն, մեր պատերազմը, որ մղում ենք սատանայի դեմ, շուռ կգա կեղծ թիրախի, այսինքն՝ մարդու դեմ: Իսկ ինչպե՞ս կարելի է խուսափել այդ խաբեություններից: Չէ՞ որ մարդու սիրտը տկար է և իսկույն վշտանում է նման բաներից, շուտ վիրավորվում, և շատ դժվար է նրա դեմն առնել: Սակայն դրա դիմաց, ըստ հայրերի, շատ լավ պաշտպանական միջոց կա: Այսպիսի մի ասացվածք կա. «Սեպը սեպով են հանում», այսինքն՝ ցավը ցավեցնելով են բժշկում, ինչպես հիմնականում անում են բժիշկները:
Երբ մեկի կողմից վիրավորանք ես ստանում, ջանա լռել: Սիրտդ կստիպի, որ նույն ձևով պատասխանես վիրավորողին: Ջանա այդ ցավը ցավով բժշկել, այսինքն՝ լռիր և ինքդ քո մեջ ասա. «Գոհանում են քեզնից, Տեր, որ այս հոգատար եղբոր կամ քրոջ միջոցով խրատում ես անարժանիս, քանզի ես էլ ավելի վիրավորանքների էի արժանի իմ բազում մեղքերի պատճառով: Սակայն Դու այս փոքր վշտով միայն ինձ հանդիմանեցիր, որով և ցույց տվեցիր Քո սերն իմ հանդեպ ըստ Քո խոսքի. «Ում որ սիրում եմ, նրան էլ հանդիմանում և խրատում եմ: Եթե խրատի համբերող եք, ուրեմն, հարազատ որդիների պես եք»: Շնորհիր ինձ՝ գոհությամբ և համբերությամբ Քո օրհնյալ ձեռքից ընդունեմ այս վիրավորանքը, քանզի գրված է. «Ամեն բան գոհությամբ Տիրոջ ձեռքից ընդունեք»: Որպեսզի ես էլ արժանանամ այստեղ անտրտունջ Քո տառապանքների մասնակից լինել, որպեսզի երկնքում էլ արժանանամ Քո փառքին: Այս եղբորն էլ օրհնես այս բարի գործի համար, որ արեց իմ հանդեպ, և իր սուրբ աղոթքներով էլ ինձ ողորմի»:
Սա, իհարկե, նմանօրինակ վիճակից ելնելու աղոթքի մի ոճ է:
Վարժեցնելով սրան մեր անձը, նմանօրինակ ամեն մի իրավիճակում էլ կարելի է ձևակերպել նման մի աղոթք: Համոզված եղեք, որ սա մեծ հարված կլինի ոչ թե կեղծ թիրախին, այլ բուն թշնամուն՝ սատանային և նրա դաշնակից մեր հին մարդուն, որն ամեն կերպ արգելք կհանդիսանա նման աղոթքին և կստիպի անպայման պատասխանել, կամ գոնե մտքի մեջ հայհոյել վիրավորողին: Սակայն եթե վարժվենք այս բանում Տիրոջ ողորմությամբ առաջընթաց կարող ենք ունենալ և նմանօրինակ հաջող աղոթքից հետո մեր հոգիներում ջերմություն և խնդություն կզգանք, որը և ապացուցում է. հաղթանակը ոչ թե կեղծ, այլ իրական թիրախի, այսինքն՝ սատանայի դեմ է:
Երբեմն էլ մարդիկ սատանայի դեմ իրենց թշնամությունն արտահայտում են՝ նրան հայհոյելով, նզովելով և բարկանալով, բայց դրանք նույնպես չարի կողմից դրված կեղծ թիրախների վրա կրակել է նշանակում:
Եվ այսպես, մենք էլ ընթերցելով Աթանաս Մեծի ուղերձը, աշխատենք չտրվել թշնամական խաբեություններին, և մեր ժամանակը և ջանքերը ընդունայն չծախսենք՝ կռվելով բազում կեղծ թիրախների դեմ, այլ աշխատենք քայլել արքայական պողոտայով ու չշեղվել նրանից: Ավելի հաստատվենք նրանում՝ սուրբ հայրերի խրատներով և բարեխոսական աղոթքներով, որպեսզի այդ ճշմարիտ ընթացքով արժանանանք փառավորել Ամենասուրբ Երրորդությանը հոգով և ճշմարտությամբ. Ամեն.