Ժ օր Մեծ Պահքի.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Գոհություն և Փառք Աստծուն պահքի բոլոր օրերի համար:
Արթնացա՞նք, գոհություն հայտնենք Աստծուն, որ դարձյալ խաղաղությամբ բացվեց շնորհի լույսը և ողորմության դուռը:
Գնահատենք այս երևույթը ամենայն լրջությամբ և նույն լրջությամբ շարունակենք մեր Պահքի օրերը, որոնց համար Հ. Մանդակունի Հայրապետը այսպես է ասում. «Արդ, պահքի քառասուն օրերը կոչվում են մեկ օրվա անվամբ` Ուրբաթ». Իսկ մենք գիտենք, որ տարվա համարյա բոլոր ուրբաթ օրերը պահոց օրեր են և առավել խիստ է Ավագ Ուրբաթ օրը` մեր Տիրոջ թաղման կարգի պատճառով: Եթե Պահքի անունը Ուրբաթ է, ուրեմն այն ենթադրում է պատշաճ լրջություն և մեծագույն ուշադրություն: Չնայած մենք ականատես ենք լինում բազմաթիվ խրախճանքների, որոնք կատարվում են պահքի օրերին: Աշխատենք պահքի օրերին սննդից զատ, մեր կյանքը կազմակերպել Ավետարանի լույսի տակ, որպեսզի ավելի հստակ երևա մեր սխալները:
 
Կյանքում մեզ ամենաշատը պակասում է անկեղծությունը, ինչի պատճառով շատ հաճախ նաև սուտ ենք խոսում: Գիտեն, որ մեր ասածը սուտ է, բայց ասում ենք դրությունից դուրս գալու համար, իրավիճակը հարթելու համար. կեղծիքը ծածկելու համար, ժամանակավոր, էժան հեղինակություն ձեռք բերելու համար և հազար ու մի դատարկ բանի համար: Մենք գիտենք, որ մեր ընտանիքում խնդիր կա, բայց վարպետորեն ծածկում ենք դա մարդկանցից, ցույց տալով ամբողջովին այլ բան: Դա չի կարող երկար մնալ թաքնված` ըստ Ավետարանի` թե չկա ծածուկ բան, որ հայտնի չլինի: Մինչդեռ մենք ոչ թե պետք է ծածկենք, այլ փորձենք ուղղել յուրաքանչյուրս մեր սխալը, որպեսզի մեր տանը մեծացող երեխան իր ֆիզիկական աճի հետ միասին ձեռք բերի նաև հոգևոր աճ, ինչպես նաև քրիստոնեական դաստիարակություն: Իսկ փոքրերը տեսնում են դա: Ի՞նչ է այսօր ընտանիքներում երեխաների դաստիարակության վիճակը: Նրանց գերակշռող մասը դաստիարակություն ստանում է համակարգչից և հեռուստացույցից: Աստծու կատարյալ պարգևները` մեր երեխաները, ժամանակի ընթացքում վերածվում են մի դատարկ անոթի, որի մեջ լցվում է ամեն տեսակ աղբ: Անցնում են տարիներ և մենք` ծնողներս կանգնում ենք տխուր իրականության առջև… մեր երեխաները չեն հաշտվում մեզ հետ, ընտանիքներում կատարյալ քաոս է տիրում, և մենք չենք հիշում, թե ինչ պայմաններում են մեծացել մեր երեխան մեր մեղքով: Իմանալ ճշմարտությունը, և չգործադրել, առաջին սխալ քայլն է: Ինչո՞ւ մենք չենք կարողանում ձեռբազատվել մեր մեղքերից, որովհետև ամեն օր խնամքով մեկ այլ մեղք ենք ավելացնում հնի վրա: Նայենք մեր առօրյա հարաբերություններին մարդկանց հետ և ամեն ինչ պարզ կլինի:Դարձյալ սկսենք շտկել կարծեցյալ մանրուքը, որն արհամարհում ենք ամեն օր… Օրհնյա՜լ Տեր, սովորեցրու մեզ Քո արդարությունը ամեն օր: Հովհան Ոսկեբերան հայրապետը ասում է…
Աստծո` մեր մասին հիշելը որևէ այլ բանից չի գալիս, քան առաքինության մեջ վարժվելու ջանադիր վարքից, իսկ մեզ մոռացության մատնելը որևէ այլ բանից չի գալիս, քան մեղքի մեջ հայտնվելուց:
Պահեցողությունը մաքրում է հոգին, վեհացնում միտքը, չափի ու հակակշռի տակ է պահում կրքերը, ցրում է ցանկության ամպերը, մարում է սեռական կրակը և վառում է ճշմարտության լույսը:
Օգոստինոս Երանելի:

Օրվա ընթերցվածք.

Ելք 2.11-22
11 Շատ օրեր յետոյ, երբ Մովսէսը մեծացաւ, գնաց իր ազգակիցների՝ իսրայէլացիների մօտ, ականատես եղաւ նրանց չարչարանքներին: Նա նկատեց, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մէկին՝ մի իսրայէլացու: 12 Մովսէսն այս ու այն կողմ նայեց եւ ոչ ոքի չտեսնելով՝ սպանեց եգիպտացուն եւ նրան թաղեց աւազի տակ: 13 Յաջորդ օրը նա տեսաւ իրար հետ կռուող երկու եբրայեցիների եւ անիրաւութիւն անողին ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում ընկերոջդ»: 14 Սա պատասխանեց. «Ո՞վ է քեզ իշխան ու դատաւոր կարգել մեզ վրայ, թէ՞ ինձ էլ ես ուզում սպանել, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»: Մովսէսը վախեցաւ՝ մտածելով, որ եղելութիւնը յայտնի է դարձել: 15 Երբ փարաւոնը լսեց այդ դէպքի մասին, պահանջեց, որ սպանեն Մովսէսին: Մովսէսը փախաւ փարաւոնի պատճառով ու բնակուեց Մադիամի երկրում: 16 Մադիամի երկիրը գալով՝ նա նստեց մի ջրհորի մօտ: Մադիամացիների քուրմն ունէր եօթ դուստր, որոնք արածեցնում էին իրենց հօր ոչխարները: Նրանք եկել էին ջուր հանելու եւ լցնելու աւազանները, որպէսզի ջրեն իրենց հօր ոչխարները: 17 Բայց եկան ուրիշ հովիւներ եւ աղջիկներին հեռու քշեցին: Մովսէսը ոտքի ելաւ եւ պաշտպանեց նրանց, ջուր հանեց ու ջրեց նրանց ոչխարները: 18 Աղջիկները եկան իրենց հօր՝ Հռագուէլի մօտ: Սա նրանց հարցրեց. «Ինչո՞ւ այսօր օրը ցերեկով վերադարձաք»: 19 Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի տղամարդ մեզ փրկեց այդ հովիւների ձեռքից, ջուր հանեց ու ջրեց մեր ոչխարները»: 20 Հայրը հարցրեց իր դուստրերին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ թողեցիք այդ մարդուն: Արդ, կանչեցէ՛ք նրան, որ հաց ուտի»: 21 Եւ Մովսէսը բնակուեց այդ մարդու մօտ, եւ սա իր դուստր Սեփորային Մովսէսին կնութեան տուեց: 22 Կինը յղիացաւ ու ծնեց որդի, որին Մովսէսը Գերսամ անուանեց՝ ասելով. «Ես պանդուխտ եմ օտար երկրում»: