ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Ձանձրույթը հոգու թուլացումն է, մտքի հոգնությունը, հեղգանալը ճգնողական սխրանքներում, ատելությունն ուխտի հանդեպ, աշխարհի բաների գովաբանումը, զրպարտողը Աստծուն, իբր Նա ողորմած չէ և ոչ էլ մարդասեր: Սաղմոսերգության մեջ նա թույլ է, աղոթքում՝ տկար, իսկ մարմնավոր գործերում ամուր, ինչպես երկաթ, ձեռքի գործերում՝ առույգ, հնազանդության մեջ՝ կեղծավոր:
Կա բնական ձանձրույթ հոգնածությունից, և կա դիվային ձանձրույթ: Եթե ուզում ես տարբերել, տարբերիր այսպես. դիվայինը վրա է հասնում մինչ այն ժամը, որում դու քեզ հանգիստ պիտի տաս, քանզի երբ մարդն սկսում է ինչ-որ (հոգևոր) բան անել, մինչ նա արդեն մոտենում է գործի մեկ-երրորդ կամ մեկ-չորրորդ մասին, դևը ստիպում է նրան թողնել գործը և վեր կենալ: Այդժամ հարկ չէ լսել նրան, այլ պետք է աղոթք անել և համբերությամբ ջանալ գործն ավարտին հասցնել և թշնամին տեսնելով, որ այդ նպատակի համար մարդն աղոթք է անում, դադարում է նրա դեմ պայքարել, քանզի նա չի ուզում, որ պատճառ դառնա աղոթքի համար: Իսկ բնական ձանձրույթը լինում է այնժամ, երբ մարդը ջանում է իր ուժերից վեր և ուզում է էլ ավելին ավելացնել դրա վրա, և այսպիսով, առաջ է գալիս բնական ձանձրույթ մարմնավոր տիրության պատճառով, այս պարագայում հարկ է փորձել սեփական ուժերը և հանգիստ տալ մարմնին, Աստծո երկյուղով:
Դուք միշտ ախ ու վախ եք անում, կարծում եմ, որ դրա պատճառն այն է, որ ձեր հույսը կապել եք ձեր արած գործերին, որպես թե ձեր փրկության արգասիք: Դա հրեական ճանապարհ է: Իսկ քրիստոնեական արցունքաթաթախ ապաշխարելը և խնդրելը. «Տեր, որ տնօրինում ես ամեն ինչ, փրկիր ինձ»: Չէ որ փրկության համար Տիրոջն ապավինելը քրիստոնյաների պարտականությունն է և իրենց հոգու փրկության գրավականը: Այս կետը շատ կարևոր է: Երբ Տիրոջ հանդեպ ունեցած ապավինությունը կամաց-կամաց շեղվում է, այդժամ բոլոր գործերը ծռվում են, քանզի այդժամ Տերը ետ է կանգնում՝ ասելով. «Դե մնա այն բանի հետ, ինչի վրա որ հույս ես դրել»: Տիրոջն ապավինելու զգացումը մեծ գործ է:
Պետք է այնպես քեզ զգաս, ինչպես որ զգում է իրեն ծովում խեղդվողը, որ բռնվել է տախտակամածից և պառկել նրա վրա, որով մնում է ու քշվում անդունդների վրայով: Նա միշտ զգում է, որ պատրաստ է կործանվելու, բայց այդ զգացումի հետ միասին զգում է նաև իր տակ փրկարար փայտը: Սա է ճշմարիտ պատկերը բոլոր հոգիների, որոնք ճշմարտապես փրկվում են Տիրոջով: Նա զգում է, որ ինքն իրենով կորսվում է, բայց միևնույն ժամանակ, զգում է, որ Տիրոջով փրկություն կա՝ հավատով առ Աստված:
Ձանձրույթն առաջանում է նաև փառամոլությունից, նաև լինում է ուժերից վեր բաներ անելուց, վնասակար է ծուլանալ պետքականի մեջ, բայց և անվտանգ չէ չափից ավելի ջանքերը: Առավել պետք է ամուր բռնել երեք բաներից, Աստծո հանդեպ ունեցած երկյուղից, խոնարհությունից և մշտապես ապաշխարությունից:
Խրատանի ապաշխարության գրքից
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 6.15-21
15 Երբ Յիսուս իմացաւ, որ գալու են իրեն բռնել-տանելու, որպէսզի իրեն թագաւոր անեն, դարձեալ միայնակ դէպի լեռը գնաց: 16 Եւ երբ երեկոյ եղաւ, նրա աշակերտները ծովեզերք իջան: 17 Եւ նաւակ նստելով՝ գալիս էին դէպի ծովի միւս կողմը՝ դէպի Կափառնայում: Եւ երբ մութն ընկաւ, Յիսուս դեռ իրենց մօտ չէր եկել. 18 եւ ծովը հողմի ուժգին փչելուց փոթորկւում էր: 19 Երբ շուրջ քսանհինգ կամ երեսուն ասպարէզ թիավարելուց յետոյ տեսան Յիսուսին, որ քայլում էր ծովի վրայով եւ նաւակին էր մօտեցել, սաստիկ վախեցան: 20 Եւ նա ասաց նրանց. «Ես եմ. մի՛ վախեցէք»: 21 Եւ ուզում էին նրան նաւակի մէջ առնել. եւ նաւակը շուտով հասաւ այն տեղը, ուր գնում էին:
Post Views: 1,110