Խոստովանում ենք մեր մեղքերը, սակայն չենք զղջում արածի համար:

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Եկեղեցու սրբերից մեկը հրաշալի նկարագրում է ժամանակակից մարդու վերաբերմունքը մեղքի նկատմամբ, ասելով` «Մենք ուտում ենք պահոց կերակուրներ, սակայն պահք չենք պահում:
Մենք կարդում ենք հոգևոր գրքեր, սակայն չունենք հոգևոր փորձառություն: Մենք բարձրաձայնում ենք մեր մեղքերը խոստովանության ժամանակ, սակայն չենք զղջում մեր կատարած մեղքի համար:
Մենք անգիր գիտենք բազում աղոթքները, սակայն չենք աղոթում»:
Իրապես, երբեմն մեզ թվում է, թե գիտենք ամեն ինչ, սակայն պարզվում է, որ բավարար չէ մեր իմացածը դրանով ապրելու համար, առավել ևս` փրկվելու:
Մեր ունեցածը գիտելիք է, որի արդյունքը տեսանելի չէ:
Ո՞վ կարող է ստույգ իմանալ մարդու զղջման չափը, ո՞վ կարող է ստուգել աղոթքի անկեղծությունը մեկ բառից կամ 100 բառից կազմված: Ո՞վ կարող է ստուգել մարդկանց երկրպագության իրական նպատակը: Միայն Աստծուն է հայտնի մեր սրտի նպատակը, հետևաբար միայն Նա կարող է գնահատական տալ մեր արարքին:
Մենք շատ հաճախ ենք ինքնախաբեության մեջ  հայտնվում, կարծելով, թե արդեն ունենք ամեն առաքինություն հոգևոր կյանքում: Դրա համար Ավետարանական այս կամ այն դրվագը փայլուն օրինակ է մեզ համար մեր ունեցած պաշարը ստուգելու համար: Օրինակ` Հուդան մեր Տիրոջը մատնելուց հետո զգաց իր սխալը, վերադարձրեց վերցրած գումարը, և բոլորի մոտ բարձրաձայն խոստովանեց իր մեղավոր լինելը: Փաստորեն զղջալը, խոստովանելը և նույնիսկ դրամը վերադարձնելը բավարար չեղան, այլ բան էր պետք Հուդային` փրկության համար: Պետք էր սպասել իր զղջման արդյունքին: Եթե Հուդան իրեն չկախեր մինչև կիրակի օրը, ապա կտեսներ Տիրոջ Հրաշափառ Հարությունը: Նույն վիճակում մենք ենք, ապրելու ուժ չունենք, շուտ հիասթափվում ենք, որոշները նույնիսկ իրենց խնդիրներից ազատվելու համար ինքնասպանության են դիմում, որոշները բաժանվում են, միմյանցից հեռանալով: Մենք ունենք նաև Պետրոս առաքյալի օրինակը: Բայց Պետրոսի պարագան այլ էր: Նա ուրացավ, որը պակաս ծանր մեղք չէր, քան Հուդայինը, բայց Պետրոսը ուժ գտավ իր մեջ, զղջալուց հետո տրտմորեն ապրել: Պետրոսի համար առավել ծանր էր այն հանգամանքը, որ իր ուրացումից հետո Հիսուսին խաչը հանեցին և Նա մահացավ խաչի վրա, ու Պետրոսը չկարողացավ գոնե զրուցել, արդարանալ, կամ բացատրել: Պետրոսի արարքից մենք հասկանում ենք, որ նա չէր հիշում Տիրոջ ասած խոսքերը խաչի չարչարանքների մասին, այդ պահին մտքում չկար այդ խոսքերը, որովհետև Սուրբ Հոգին դեռ չէր ուղարկել նրանց: Հիմա վերադառնանք մեզ` երբ մենք մի մեղք ենք գործում և չենք հիշում Տիրոջ ոչ մի խոսք, Ավետարանից ոչ մի պատգամ, ու շարունակում ենք մնալ նույն և տարբեր մեղքերի մեջ, ուրեմն վստահ կարելի է ասել, որ մեր վարքի պատճառով մեր աղոթքը լսելի չի լինի Աստծուն: Հրեշտակը չի տանի մեր աղոթքը և չի ներկայացնի Աստծու առջև, քանի դեռ մենք շարունակում ենք մնալ մեղքի մեջ: Որովհետև մեզ էլ նախապես զգուշացված է ամեն մեղքից զերծ մնալու գաղտնիքների մասին:
Սա ևս լուրջ խորհելու թեմա է, որի մեջ ենք գրեթե բոլորս:

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մարկոսի 1.35-45
Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ-գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր: Նրա յետեւից նրան փնտրելու գնացին Սիմոնը եւ նրանք, որ նրա հետ էին:  Եւ երբ գտան նրան, ասացին. «Ամէնքը փնտրում են քեզ»:  Եւ նրանց ասաց. «Եկէք գնանք այլ մօտակայ գիւղաքաղաքներ եւս, որպէսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետեւ հէնց դրա համար եմ եկել»:  Եւ ամբողջ Գալիլիայում նրանց ժողովարաններում քարոզում եւ դեւեր էր հանում:  Նրա մօտ եկաւ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարող ես ինձ մաքրել»:  Իսկ Յիսուս գթալով ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»:  Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, եւ նա մաքրուեց:  Եւ Յիսուս իսկոյն դուրս հանեց նրան եւ խստիւ պատուիրեց.  «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի բան չասե՛ս, այլ գնա, քեզ քահանայի՛ն ցոյց տուր եւ մաքրուելուդ համար ընծա՛յ տուր այն, ինչ հրամայել էր Մովսէսը նրանց համար իբրեւ վկայութիւն»: Բայց նա դուրս գնալով սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դրսում՝ ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս: