Հարստության և աղքատության մասին:

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Հարստությունը անշնորհակալ փախստական է, անհաշտ մարդասպան, ժայռ՝ ամեն կողմից զառիթափ, ստորջրյա քար, անընդմեջ ալեկոծվող ծով, մշտապես հողմակոծվող անթիվ քամիներով, բռնապետ կառավարող՝ ծանրությամբ և խստությամբ, տիրակալ դաժան՝ամեն տեսակի բարբարոսից, անհաշտ թշնամի, հակառակորդ անխիղճ՝ երբեք չդադարեցնող իր թշնամությունը նրանց հանդեպ, ովքեր տիրում են իրեն: Սակայն այսպիսին չէ աղքատությունը, այլ հակառակն է ասվածի: Նա անվտանգ կայան է, խաղաղ նավահանգիստ, մշտապես հանգստություն, ուրախություն զերծ վտանգներից, մաքուր հաճույք, անխռով և անվրդով կյանք, բարենպաստություն անընկճելի, մայր խոհեմության, բազում սխալ արարքների սանձահարող, տանջանքների դիմակայություն, խոնարհամտության արմատ: Ինչի՞ համար, ասացեք խնդրեմ, ես փախչեմ նման աղքատությունից, դուք վազում եք այն բանի հետևից, որը թշնամական է, մահացու է և կատաղի ամեն մի գազանից: Այսպիսին է արծաթսիրությունը, այսպիսին է մոլեգին կիրքը փողի հանդեպ: Ինչի՞ համար ես մշտապես քեզ մոտ պահում քո մշտական թշնամուն: Ինչու՞ ես զայրացնում գազանին, որին պետք է սանձահարել և հնազանդեցնել:
Իսկ ինչպե՞ս այն կարող է դառնալ ձեռնասուն: Ինչպե՞ս այս գազանը կարող է դադարել գազան լինելուց: Ես կարող եմ փոխել նրան, եթե դուք ցանկանաք, քանզի այսպիսին է խոսքի ուժը: Ինչպե՞ս նա կփոխի իր գազանությունը, սրա համար պետք է իմանալ, թե ինչպես է նա դառնում կատաղի: Ինչպես առյուծը, վագրը և արջը լինելով փակի տակ և բանտարկված, և լինելով մթության մեջ, դառնում են կատաղի և հույժ չարանում, այսպես էլ հարստությունը, եթե նրան փակում են և թաղում, սա դառնում է առյուծից առավել վայրագ և ամեն օր վախ է առաջացնում, և եթե դու նրան դուրս ես հանում խավարից և ցանում աղքատների մեջ, այս գազանը դառնում է ոչխար, դավաճանը՝ պաշտպան, ստորջրյա քարը՝ նավահանգիստ, նավաբեկությունը՝ խաղաղություն: Նույնը և կարելի է տեսնել նավերի մեջ, երբ բեռը չափից ավելի ծանր է լինում, այնժամ նավը խորտակվում է, իսկ եթե իր չափով, ապա նա ընթանում է քամուն համընթաց: Նույնը և լինում է մեր տներում, երբ դու հավաքում ես հարստությունը առավել քո կարիքներից, այնժամ քամու մի փոքր ճնշումն էլ, այսինքն՝ իրավիճակների հանկարծահաս հանգամանքներն էլ, կարող են խորտակել մեր նավը: Իսկ եթե դու հավաքես այնքան, որ բավարարում է քո կարիքներին, այնժամ, եթե ուժգին փոթորիկ էլ լինի, դու անխափան կհասնես քո նավահանգիստը:
(Հովհան Ոսկեբերան Հայրապետ):

Օրվա ընթերցվածք.

Ղուկաս 12:2-10

Որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ գաղտնի բան, որ չիմացուի, քանի որ, ինչ որ խաւարի մէջ ասէք, լսելի պիտի լինի լոյսի մէջ. եւ ինչ որ շտեմարաններում փսփսաք ականջների մէջ, պիտի քարոզուի տանիքների վրայ։ Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից։ Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ։ Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»։ «Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի։ Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի։