Ի՞նչն է մղում մեզ բամբասանքի:

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Ի՞նչ է բամբասանքը կամ չարախոսությունը: Բամբասանքը մի անձի մասին ճիշտ կամ սխալ տեղեկություն՝ սրան-նրան հաղորդելն է՝ անձին վարկաբեկելու կամ նրան նսեմացնելու համար, նրա հատկությունները արժեզրկելու կամ նրա նկարագիրը սպանելու համար: Բամբասանքը 7 գլխավոր մեղքերից մեկն է, որին ենթակա են մարմնավոր հավատացյալները: Բամբասանքը մոլություն է, որ ավերներ է գործում, սրտեր է կոտրում, հավատացյալներին միմյանցից բաժանում և հոգևոր կյանքի մեջ անկման պատճառ դառնում:
Ի՞նչն է մղում մեզ բամբասանքի:
1. Մեր մարմնավոր վիճակը, այսինքն մեր մեջ դեռ գործում է հին մարդը:
2. Դիմացինի հանդեպ մեր նախանձը: Նա ունի, մենք չունենք: Նա հաջողություն է արձանագրում, որից մենք զուրկ ենք:
Նա բարձր դիրքի է արժանացել, իսկ մենք՝ոչ: Այս բաները գրգռում են մեր նախանձը և մենք գոհացում ենք փնտրում բամբասելով անձին:
3. Հնարավոր է, որ մի առիթով մեզ նեղացրած կամ վիրավորած լինի, և իրեն բամբասելով փորձում ենք վրեժ լուծել:
4. Քանի որ մենք հույս չունենք, որ պիտի լինենք կամ ունենանք այն ամենն, ինչ ունի մեր ընկերը, ուզում ենք , որ ուրիշներն էլ չլինեն, կամ չունենան:
Ո՞ւմ և ի՞նչ վնաս է հասցնում չարախոսությունը.
1.Առաջին վնասը հասցնում է հենց բամբասողին և չարախոսողին: Եթե մարդը հոգևոր է՝ Սուրբ Հոգին է տրտմում, որովհետև չարախոսությունը մեղք է, իսկ չարախոսելով մենք բեկանում ենք աստվածային մի օրենք, որի պատճառով անհատույց չպետք է մնանք: Մենք ունենք Աստվածատուր սիրո կտակը, որի համաձայն միմյանց սիրող մարդիկ իրար չեն բամբասում:
2. Աստծո խոսքը ասում է, որ ժամանակը շատ թանկագին է, բայց մենք այն վատնում ենք բամբասանք անելով: Մինչդեռ կարող էինք ծառայեցնել այդ ժամանակը հոգևոր հաղորդակցության կամ աղոթքի նպատակով:
3. Յուրաքանչյուր հավատացյալ համարվում է Քրիստոսի մարմնի անդամ: Երբ մենք վիրավորենք մարմնի որևէ անդամ, ցավը առաջինը կզգա գլուխը, իսկ այս պարագային Գլուխը Տեր Հիսուսն ինքն է : Ուրիշ հավատացյալի վիրավորանքը, անարգանքը, անիրավությունը մեր Տերը իր վրա է վերցնում: Քանզի Աստված, որ հավատացյալների փրկության համար վճարեց Խաչափայտին գամվելով, չի ուզում տեսնել մարդուն վարկաբեկված:
4. Երբեմն մենք արդարացնելով մեր արարքը ասում ենք , թե ասածը ճշմարտություն է, բայց բամբասելով և խոսքը չորս կողմ տարածելով մի՞թե որևէ ծառայություն մատուցած կլինենք դիմացինին:
Չէ՞ որ մեր կեղտոտ շորերը հանրության առաջ չենք փռի: Մեր տղայի կամ աղջկա տկար կողմերը կհայտարարե՞նք ամբողջ աշխարհին:
Չբամբասելով կսովորես լռել, նաև չի խայտառակվի բամբասվողը:
Երբ ուրիշի մասին մի բան պետք է ասենք, լավ կլինի , որ իմաստությամբ մեզ մի հարց տանք, օրինակ լսածս ճի՞շտ է, կամ նույնիսկ ճիշտ լինելու դեպքում ուրիշներին փոխանցելը ինձ, դիմացինին, կամ Աստծուն որևէ օգուտ կտա՞ն: Արած բամբասանքը Աստծուն փառք կբերի՞:
Եթե իրականությունը սխալ շարժառիթով ասենք, կդառնա բամբասանք: Աստված քննում է մեր սրտերը, և մենք մի օր հաշիվ պիտի տանք Նրան մեր ասածների և արածների համար: Զգուշանանք բամբասելուց, որովհետև մենք էլ տկար կողմեր ունենք: Ինչ որ ցանենք, նույնը պիտի հնձենք: Պակաս մեղավոր չեն բամբասանք լսողները և նաև հրահրողները: Մեզ պատվիրված է սիրել միմյանց: Եթե մարդուն ասելու բան ունենք , ապա հաշվի առնենք նրա բոլոր հատկությունները: Որևէ մեկի 9 դրական հատկանիշները անտեսել, և ծանրանալ 1-ի վրա, մեղք է, սխալ է, հանցանք է: Եթե մեկը սխալ բան է արել, և այդ բանը քո ականջին է հասել, և դու ուզում ես , որ այդ անձը անդրադառնա իր հանցանքին, աղոթիր իր համար, գնա տես նրան և խրատիր: Տեսածիդ մասին լռելով կշահես և՛ դու, և՛ դիմացինդ: Դու ՝ լռել սովորելով, դիմացինդ՝ չխայտառակվելով. Դա նաև հաճելի կլինի Աստծուն: Հիշենք, որ բոլորս ենք Աստծո բաժինը՝ ընկած, թե կանգնած:

Օրվա ընթերցվածք.

Թուղթ եբրայեցիներին 13.17-21
Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն. եւ նրանք ուրախութեամբ թող անեն այդ բանը եւ ոչ՝ հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ:  Աղօթեցէ՛ք մեզ համար, որովհետեւ հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ:  Եւ առաւել եւս եմ աղաչում, որ այդ բանն անէք, որպէսզի աւելի շուտ դառնամ ձեզ մօտ:  Եւ խաղաղութեան Աստուածը, որ մեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ Հովիւն է,  ձեզ հաստատ թող պահի բարի գործերի մէջ, որպէսզի կատարէք իր կամքը. եւ մեր մէջ թող կատարի իրեն հաճելի եղող բաները Յիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք յաւիտեանս: Ամէն: