Երանելի ենք մենք՝ բոլոր մարդիկս, քանի որ մեր Տերը հեզ է, անհիշաչար, գթասիրտ, առատաձեռն, ողորմած, երկայնամիտ, ամեն անգամ ներում է մեր անօրինությունները, եթե իհարկե մենք ինքներս
այն ցանկանում ենք: Եվ ահա Նա կանչում է, ահա համբերում, ահա տալիս է մեզ Իր բոլոր բարիքները այս և թե գալիք կյանքում, եթե մենք ցանկանում ենք այն: Եվ այսպես, ձեռնամուխ լինենք, սկսենք աղոթել, քանի դեռ սրա համար ժամանակ կա: Քանի դեռ մենք այստեղ՝ այս կյանքում ենք, միշտ էլ կարող ենք շարժել Աստծո գթասրտությունը: Դժվար չէ մեզ արժանանալ ներման, մեզ համար բարեպատեհ ժամին ծեծելով Նրա ողորմածության դռները: Արցունքներ հեղենք, քանի դեռ ժամանակ կա, որ այն ընդունելի լինի, որպեսզի գնալով այն կյանքը չլացենք արդեն անօգուտ, քանի որ այնտեղ արցունքներն էլ ոչ մի արժեք չեն ունենա: Որքան որ մենք ցանկանում ենք, այնքան էլ ներում է մեզ բարգութ Աստված: Քանի որ այստեղ լսում է Նա մեզ, եթե դիմում ենք, այստեղ ներում է, եթե դրա համար խնդրում ենք, այստեղ հարթում է մեր անօրենությունները, եթե մենք շնորհապարտ ենք լինում: Իսկ եթե փնտրում ենք այստեղ մխիթարություն, ապա այնտեղ՝ հարցաքննություն, այստեղ՝ ազատություն, այնտեղ՝ դատ, այստեղ՝ անվտանգություն, այնտեղ՝ նեղություն, այստեղ՝ հաճույքներ, այնտեղ՝ տանջանք, այստեղ՝ շահամոլություն, այնտեղ՝ պատիժ, այստեղ՝ ծիծաղ, այնտեղ՝ լաց,
այստեղ՝ սառնություն (հոգևոր), այնտեղ՝ մահապատիժ, այստեղ՝ քամահրանք, այնտեղ՝ հավիտենական հուր, այստեղ՝ զգեստներ, այնտեղ՝ անքուն որդեր, այստեղ՝ գոռոզություն, այնտեղ՝ ստորացում,
այստեղ՝ հափշտակում, այնտեղ՝ ատամների կրճտոց, այստեղ՝ լիացում ոսկով, այնտեղ՝ խավար և մեգ, այստեղ՝ անհոգություն, այնտեղ ոչ ոքի չներվող արարքներ:
Իմանալով այս, սիրելի եղբայրներ, ինչո՞ւ ենք անհոգ մեր փըրկության հանդեպ: Թող մեր միտքը չմնա այստեղ գամված: Թող մեզ քաղցր չթվա սերը երկրավոր բաների հանդեպ այստեղ, որպեսզի դառը չլինի մեր արցունքներն այնտեղ: Ինչո՞ւ ենք անփույթ և չենք ցանկանում բժշկվել, քանի դեռ ժամանակ կա: Հանուն այս կարճ ժամանակում թափված մի փոքր արցունքների և հանուն ապաշխարության, Աստված ներում է մեր բոլոր մեղանչումները:
Մի քիչ լացիր այստեղ, որպեսզի չլացես այնտեղ՝ հավիտյանս հավիտենից շոշափելի խավարի մեջ: Եղիր շնորհապարտ այստեղ, որպեսզի այնտեղ չգցվես անշեջ կրակների մեջ: Ով մեր համար արցունքներ չի հղի, ով չի լացի մեր վրա: Ատելով կյանքը, սիրում ենք մահը: Ինքդ մտածիր, ով իմ անկեղծ եղբայր, և ընտրիր լավագույնը և օգտակարը հոգուդ համար: Ի՞նչ դժվարություն կա քեզ մեղքերիդ համար այստեղ լացել և ապաշխարության միջոցով դառնալ աստվածահաճո: Այստեղ աղոթել, որպեսզի չհեղել արցունքներ այնտեղ՝ կրակների մեջ, առանց որևէ օգուտի:
Քանզի, եթե հեղես արցունքներ այստեղ, կստանաս թեթևություն և ամեն տեսակի մխիթարություններ, իսկ այնտեղ լացելով իսկ կտրվես պատժի և կպահանջվի քեզանից բազմաթիվ տաղանդներ (ոսկու
կշիռ): Վճարիր, մի փոքր խնդրելով Ամենակալին, որպեսզի Նա ների մեր հոգու պարտքերը: Եթե չես ուզում այստեղ շատից քիչը տալ, այնտեղ ստիպված կլինես բազում խոշտանգումներից հետո տալ քո բոլոր պարտքերը: Ասում եմ այս բոլորը՝ ձեր հանդեպ ունեցած սիրուց, ով սիրելի և աստվածասեր եղբայրներ, ոչ որպես արժանավայել մարդ, անխոցելի կյանքով և մաքրություն պահպանող, այլ որպես
մարդ, որ մեծ սգի և սրտի տրտմությամբ խորհեցի ինքս իմ մեջ, թե ինչ է մեզ սպասում և ինչի հանդեպ ենք մենք անհոգ: Մաքուր չեմ ես, եղբայրներ, այլ անօրեն իմ կյանքում, գործում և մտածումներում և չեմ տեսնում իմ մեջ ոչ մի բարի բան, այլ հակառակը թե հիմա, և թե մշտապես մեղավոր եմ և տկար իմ հոժարակամության մեջ: Բայց այս ասում եմ ձեր համախոհությանը, որովհետև տրտմությունը պատում է իմ սիրտը Աստծո գալիք ահավոր դատաստանից, քանի որ մշտապես անփույթ ենք և մտածում ենք ապրել այս ունայն աշխարհում դարեդար: Կանցնի այս ժամանակը և այն ամենը, ինչ որ կա նրանում: Եվ այս բոլորի համար մեզանից հաշվետվություն պիտի պահանջվի, սիրելիներ, որպես բարին իմացողներ և չար գործողներ:
Մի՞թե չես վախենում այս ամենից, չես դողում, ով մարդ, չէ՞ որ մոտ է ժամանակը, և կհայտնվի Փեսան Իր փառքով: Չգիտե՞ս, արդյոք, որ ամեն ինչ արդեն պատրաստ է, և երկնային փողը սպասում է ազդանշանի: Եվ ի՞նչ պիտի անես այն ժամին, եթե այժմ չպատրաստես աստվածահաճո գործեր: Չէ՞ որ Աստված սիրաշահում է միայն արժանիներին:
Ամենամեծն Աստված, միայն անմահ, արժանի արա այն ժամին Քո մեծ առատաձեռնությանը, որպեսզի իմ գաղտնի անմաքրությունները չբացվեն տեսնողների առջև, Հրեշտակների, Հրեշտակապետների, Մարգարեների, Առաքյալների, արդարների և սրբերի առջև: Փրկիր մեղավորին շնորհովդ և առատաձեռնությամբդ և արժանացրու նրան փափկության դրախտին՝ կատարյալ արդարների հետ: Ընդունիր, ո՜վ Ամենակալ, խնդրանքները քո ծառայի, աղոթքներով բոլոր այն սուրբերի, որոնք հաճեցրեցին քեզ: Փառք Քրիստոսին: Ամեն:
Սուրբ Հայր Եփրեմ Ասորու քարոզը ապաշխարության վերաբերյալ