Արդյո՞ք հեռուստացույցը քրիստոնյայի համար վտանգ չի ներկայացնում:

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2019

Հեռուստացույցը աշխարհի լայն բացված դարպասներն են, որտեղից և մեր տներն են հեղեղվում աշխարհի հոգեկորույս հմայքները և կորստաբեր խորհուրդները՝ մեր տները վերածելով համերգասրահների, սպորտդահլիճների, խաղահրապարակների և ակումբների, պատերազմի դաշտի, ռեստորանների և հասարակաց տների՝ լեցուն ամեն տեսակի անառակ կանանցով, գողերով, մարդասպաններով: Երբեմն մեր տներն են պղծվում Աստված հայհոյող ֆիլմերով և զրույցներով, նաև խեղկատակություններով ու բազում այլ մեղսառատ հաղորդումներով: Հեռուստացույցի առջև գտնվող քրիստոնյան մի քանի ժամում մերձենում է ամենատարբեր մեղքերի հետ՝ մեկ անզուսպ ծիծաղում է, այնինչ ասաց. «Թող ձեր ծիծաղը սուգի փոխվի»: Մեկ բարկանում է, որը մահացու մեղք է, մեկ աչքով
տեսնում է և սրտով ցանկանում, որ շնություն է, մեկ էլ փափագում է աշխարհի առաջարկներին, գովազդային ներգործումից դրդված, որ ագահություն է: Մեկ էլ վառվում է վրեժխնդրությամբ, չնայած որ ասվեց. «Վրեժխնդրությունը Իմն է»: Եվ այս բոլոր մեղքերի հետ ցիրուցան է անում նաև իր ժամանակը, որի համար ասվեց, թե «Ծախու առեք»: Չարը խաբում է մեզ՝ ներշնչելով, որ հեռուստացույցի մեջ ոչ մի ահավոր բան չկա: Կարող ես նայել լուրեր, նաև եղանակի տեսություն, բայց շատ սահուն ձևով են դրանք վերափոխվում անառակության և ամեն տեսակի պղծություններով ներծծված ֆիլմերի ու հաղորդումների: Եվ որ ամենասարսափելին է՝ այս դիտումներով մենք փաստում ենք, որ սիրում ենք աշխարհը: Ուրեմն, վախենանք այն օրվանից, երբ կանգնելու ենք ահավոր ատյանի առջև, որովհետև կարող ենք դասվել Աստծո թշնամիների հետ, քանի որ «Աշխարհի հանդեպ ունեցած սերը թշնամություն է Աստծո դեմ»:
Ամփոփելով մեր խոսքը, այս ենք ասում. թող ձեր խորհուրդները, խոսքերն ու գործերը, հոգու և մարմնի ամեն շարժում պարկեշտ և աստվածավայել լինեն, որպեսզի Աստծո անվանը ... հայհոյանքի և պարսավանքի պատճառ չլինեն, այլ տեսնողների և լսողների գովասանքի և փառավորման առիթ տան: Որպեսզի ձեզանից ոչ մեկը հին Իսրայելի պես չլսի Աստծո մարգարեից, թե՝ «Իմ անունը ձեր պատճառով հայհոյվում է հեթանոսների մեջ» Ես. 52:5: Այլ մանավանդ, պայծառ առաքինությամբ արժանի լինենք լսելու տերունական խոսքը՝ ուղղված Իր աշակերտներին. «Թող ձեր լույսն այսպես լուսավորի մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» Մատթ. 5:16::
 
«Հարց և Պատասխան» գրքից:

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Ղուկասի 12.4-9
Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին. մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող,  այլ ցոյց կտամ ձեզ, թէ ումից պէտք է վախենաք: Վախեցէ՛ք Նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի: Այո՛, ասում եմ ձեզ. վախեցէ՛ք Նրանից:  Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծոյ առաջ մոռացուած չէ: Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշւուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները:  Ասում եմ ձեզ. ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կխոստովանի Աստծոյ հրեշտակների առաջ:  Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ ուրանայ, Աստծոյ հրեշտակների առաջ պիտի ուրացուի: