ԺԲ օր.Մեծ Պահք. Ապաշխարության աղոթք

hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2017, hogevor karoz 2017, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2016

ԺԲ օր.Մեծ Պահք. Ապաշխարության աղոթք
Տե՛ր երկնքի և երկրի, Հիսուս Քրիստոս, իշխան կենաց և մահու, դատավոր կենդանիների և մեռյալների, հույս և ապավեն իմ հոգու, քեզ եմ մատուցում իմ աղոթքի երկրպագությունը:

Լսիր ինձ և քավիր իմ մեղքերը, որ միակդ ես առանց մեղքերի, որ միակդ ես սուրբ և սուրբերի մեջ ես բնակվում, որ միակդ ես գթած ու ողորմած: Ողորմիր ինձ, Ստեղծիչ իմ, և օրհնիր ինձ: Հաշտվիր ինձ հետ, կենսատու իմ, և Արքայությանդ մեջ հիշիր ինձ, ինչպես ավազակին: Դարձիր դեպ ինձ, Փրկիչ իմ Աստված, և դարձրու ինձանից Քո ցասումը: Բարկությամբ մի խրատիր ինձ և Քո ցասումով մի հանդիմանիր: Մի բարկացիր ինձ վրա հավիտյան և մի հիշիր իմ չարիքները և մի պարտավորիր ինձ ըստ իմ անօրենությունների: Մի վարվիր ինձ հետ ըստ իմ մեղքերի և մի հատուցիր ինձ ըստ իմ անօրենության: Մի զրկիր ինձ Քո երեսից և մի դատապարտիր ինձ, քանի որ ես ինքս գիտեմ, որ հանցավոր եմ իմ մանկությունից և անպատասխան եմ Քո առջև: Բայց Դու, Թագավոր հզոր և անոխակալ, որ մեղավոր կնոջ հանցանքները ներեցիր, ներիր իմ՝ մեղավոր և անօրեն քո ծառայի պարտքերը: Քանզի քո առատ բարերարությունն այնժամ է երևում, երբ ողորմում ես ինձ, որ արժանի չեմ Քո ողորմությանը, երբ ինձ ցույց ես տալիս գթությունդ, որ արժանի եմ բյուր տանջանքների, քանի որ իմ բոլոր օրերն անցկացրի չարության մեջ և չմնացի Քո հրամանով:
Արդ, քաղցրացիր իմ նկատմամբ, բարի և քաղցր Թագավոր, հաշտվիր բազմամեղիս հետ և մի դարձրու Քո երեսն ինձանից և բարկությամբ մի հեռացիր Քո ծառայից: Մի անարգիր ինձ և մի թող ինձ, իմ Փրկիչ Աստված, քանի որ թեպետ ես Սուրբ Հոգուդ տաճարն ապականեցի անառակ վարքով, բայց Դու գթա ինձ, Ստեղծիչ իմ՝ ողորմած և անհիշաչար, և մի ապականիր իմ հոգին գեհենի հրում հավիտենական այրմամբ: Ներողամիտ եղիր իմ հանդեպ, մարդասեր, և շնորհիր ինձ ապաշխարության ժամանակ և արցունքով զղջում, և զորացրու սիրտն իմ՝ իմաստությամբ՝ խորհելու Քո օրենքների մասին օր ու գիշեր, բարություն և արդարություն գործելու Քո առջև: Բարձրացնում եմ դեպի Քեզ իմ աչքերը և իմ ամբողջ սրտով կանչում Քեզ, Տեր Քրիստոս, Միածին Որդին Աստծո, որ Քո մարդասիրությունից հաղթվելով, կամովին խոնարհվեցիր անճառ փառքից և առար ծառայի կերպարանք, խաչի ու մահվան չարչարանքների համբերեցիր՝ Քո ստեղծածների փրկության համար:
Արդ, որ այսպիսի սեր ունես մարդկանց հանդեպ և կամենում ես, որ ամեն մարդ ապրի և ճշմարիտ գիտությանը դառնա, գթա և ինձ՝ բազմամեղիս, մարդասեր Տեր, և կամեցիր իմ փրկությունը և արա ինձ ողորմություն, որ առավել եմ մեղանչել, քան բոլոր մարդիկ: Քանի որ Քեզ չսիրեցի իմ ողջ սրտով և իմ ողջ զորությամբ չպահեցի Քո պատվիրանները, այլ ունայնությամբ անցկացրի իմ օրերն ու կատարեցի իմ սրտի կամքը: Իմ օրերը պակասեցին, և անօրենությունները շատացան, և ինձ համար չկա հույս փրկության և տեղ՝ ապավինության Քեզանից բացի, քանի որ միայն Քո բարերարությանն եմ հուսացած և Քո առատ ողորմությանն ապավինած: Եվ արդ, արտասուքների բխմամբ, աղաչում եմ քեզ, քանի դեռ իմ ժամանակը չի հասել, քանի դեռ իսպառ կորուսյալ չեմ, շնորհիր ինձ ապաշխարություն և վախճանիցս առաջ արձակիր ինձ իմ մեղքերի կապանքներից և անտեսիր իմ անթիվ անօրենությունները:

Որ ամեն բարու Տեր և մեղքերը ներող Իշխան ես, ծածկիր իմ բոլոր հանցանքները Քո բարեգթությամբ և մխիթարիր իմ վշտացած ու տարակուսած հոգին և առաջնորդիր ինձ այսուհետև ըստ Քո կամքի ապրել իմ պանդխտության մնացած ժամանակը, և մի թող ինձ իմ անձի կամքով ապրել, մինչև տանես, բնակեցնես Երկնքիդ Արքայության օթևաններում: Լսիր, Տեր, Քո անարժան ծառայի աղոթքներն ու խոնարհեցրու Քո ունկն իմ պաղատանքներին, որ ասացիր. «Փնտրեցեք և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեր համար»: Եվ այժմ, բաց իմ առջև, Տեր, Քո ողորմության դուռը, որ ողբալով կանչում եմ քեզ, և մի անտեսիր իմ մեղավոր անձի աղաչանքները, որ չեկար կանչելու արդարներին, այլ մեղավորներին՝ ապաշխարության: Եվ արդ, խոնարհված հոգով, փշրված սրտով, ամոթալից երեսով պաղատում եմ Քո անոխակալ տերությանը և ատյան դնելուց առաջ աղաչում և նախքան դռան փակվելը և անփոփոխելի վճիռ սահմանելն իմ արտասուքը Քո առջև հեղում, ողորմած Տեր, քաղցր և անհիշաչար և ներողամիտ՝ արարածներիդ հանդեպ: Հիմար կույսերի հետ մի՛ դատապարտիր ինձ՝ փակելով ողորմությանդ դուռը, չար ու վատ ծառայի հետ մի՛ առաքիր ինձ արտաքին խավարն, ուր աչքերի լաց է և
ատամների կրճտում: Մի՛ հեռացրու ինձ Քո սիրելիների դասից և տարագիր մի՛ արա երանավետ հավիտենական կյանքից: Անբաժին մի՛ հանիր ինձ հայրենի ժառանգությունից, որ պատրաստել ես Քո սուրբերի համար աշխարհի սկզբից, և մի զրկիր ինձ երկնավոր հարսնարանից: Եվ հանուն Քո մեծ ու փառավորյալ թագավորության, դատաստան մի մտիր Քո ծառայի հետ և մի հատուցիր ինձ ըստ իմ բազում անօրենությունների: Այլ շնորհիր ինձ աջակողմյան դասի արժանավոր և կատարյալ հոգիների հետ, լուսեղեն ամպերին բազմած բարձրանալ օդի միջով Քեզ ընդառաջ, և Քո սիրելիների և կամարարների հետ ուրախացրու հարազվարճ ուրախություններում և առատապարգև փառքովդ փառավորիր ինձ արդարների երամներում, նրանց հետ բնակեցնելով Քո երկնային արքայության մեջ՝ Վերին Երուսաղեմում: Որպեսզի նրանց հետ ձայնակցելով, փառավորեմ Քեզ Հոր և Սուրբ Հոգու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: ԱՄԵՆ:
Սուրբ Եփրեմ Ասորի
Խրատանի ապաշխարության