Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
«ՀՐԱԺԱՐԻՄՔ»
Հավատացյալները, քահանայի գլխավորությամբ, «Հրաժարիմքն» արտասանում են երեք անգամ՝ դեպի արևմուտք շրջված և ձեռքերն իջեցրած՝ ի կոր ։ Երեք անգամ «Հրաժարիմքն» ասելուց
հետո դարձյալ շրջվում են դեպի արևելք։
Հրաժարվում ենք սատանայից և նրա ամբողջ խաբեությունից, նրա պատրանքներից, խորհուրդներից, ընթացքից, նրա չար կամքից, չար հրեշտակներից, չար սպասավորներից, չար կամարարներից և նրա ամբողջ չար զորությունից հրաժարվելով հրաժարվում ենք։ Ինչո՞ւ ենք շրջվում դեպի արևմուտք։
Քրիստոնյաներս հավատում ենք, որ մեր Տերն Իր երկրորդ գալստյանը հայտնվելու է արևելքից, ուստի և Նրա գալստյան մշտարթուն սպասումով՝ աղոթելիս հայացքներս ուղղում ենք դեպի արևելք ։ Այս խորհրդով է, որ եկեղեցու խորանը, ուր զետեղված է ս. Սեղանը, գտնվում է եկեղեցու արևելյան կողմում, և հավատացյալները եկեղեցում աղոթելիս կանգնում են դեմքով դեպի խորանը։ Այսպես իր միտքն ու սիրտը դեպի արևելք ուղղած հավատացյալին «թիկունքից» հարվածում է սատանան՝ ջանալով խափանել նրա աստվածահաճո ընթացքը։ Սատանայից և նրա ողջ զորությունից հրաժարվելիս դեպի արևմուտք շրջվելով՝ խորհրդանշաբար հակահարված ենք հասցնում՝ «ո՛չ» ենք ասում, մեզ թիկունքից հարվածողին և ապա դարձյալ շրջվում դեպի արևելք։ Ամեն անգամ «Հրաժարիմքն» ասելով՝ մենք դարձյալ ու դարձյալ հրաժարվում ենք սատանայի իշխանությունից և հավաստում Տիրոջ հանդեպ մեր հավատարմությունը։
Ս. Հովհաննես առաքյալը սատանայի հոգին «խաբեության հոգի» է կոչում՝ ի հակադրություն Աստծո Հոգու, Ով «ճշմարտության Հոգի» է (Ա Հովհ. Դ 6)։ Սատանան մարդուն խաբելով`նրա միտքը պատրելով է նրան դրդում մեղանչելու, ինչպես վարվեց և Եվայի հետ։ Ինչպես Ինքը մեր Տերն է վկայում, սատանան «ի սկզբանե մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, քանի որ ճշմարտություն չկա նրա մեջ։ Երբ նա սուտ է խոսում, իր էությունից է խոսում, քանի որ սուտ է և ստի հայր» (Հովհ. Ը 44)։
Նրան հատուկ է չարն իբրև բարի ցույց տալ, բարին՝ իբրև չար, կարող է նաև «լուսո հրեշտակի կերպարանք» առնել, ինչպես ասում է Պողոս առաքյալը հանդես եկող իր սպասավորների միջոցով, խաբեական ու թվացյալ ճշմարտությամբ, արդարությամբ, սրբությամբ ու իմաստությամբ, մարգարեություններով, հրաշագործություններով ու զանազան նրբարվեստներով մոլորեցնել անփորձ հոգիներին և նույնիսկ, եթե հնար է, նաև ընտրյալներին՝ համաձայն Տեր Հիսուսի կանխազգուշացման:
Սատանան իր հրեշտակների միջոցով մարդու մտքի կամ սրտի մեջ իր խորհուրդներն ու դրանց միջոցով իր կամքը՝ ցանկություններն է «գցում» և երբ մարդ հավանում ու հնազանդվում է դրանց, թույլ է տալիս, որ սատանան իր վրա իշխանություն ձեռք բերի, քանզի «ծառա եք նրան, ում հնազանդվում եք»,- ասում է Պողոս առաքյալը (Հռոմ. Զ 16)։
Սատանայի կամքի համաձայն էլ մարդը նրա չար գործերն է կատարում, նրա ընթացքը բռնում, նրա ճանապարհներով ընթանում՝ խաղալիք դառնալով նրա չար հրեշտակների ձեռքին։
Նախքան Վերջին ընթրիքից հետո Տիրոջ մատնությունը, «սատանան արդեն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի Նրան» (Հովհ. ԺԳ 2)։ Անանիան ու Սափիրան էլ, երբ կեղծիք թույլ տվեցին Պետրոսի առաջ, վերջինս ասաց. «Անա՛նիա, ինչո՞ւ սատանան քո սրտի մեջ դրեց, որ խաբես Սուրբ Հոգուն» (Գործք Ե 3)։
Սատանան խաբում ու շեղում է մարդկանց ոչ միայն իր անտեսանելի սպասավորների՝ չար հրեշտակների միջոցով, այլև իր մահկանացու սպասավորների՝ կախարդության զանազան տեսակներով զբաղվողների, կռապաշտների, անհավատների, Քրիստոսին՝ միակ ճշմարիտ Աստծուն չդավանողների, ինչպես նաև իր բոլոր կամարարների, այսինքն՝ իր կամքը կատարողների, իրենից
խաբված ու իր ձեռքին գործիք դարձած անձանց միջոցով։ Տերը, լավ գիտենալով մի կողմից՝ խաբելու, մոլորեցնելու և այսպիսով իրեն ծառայեցնելու արվեստում սատանայի բազմահնար մեծ վարպետությունը, իսկ մյուս կողմից՝ մեր անփորձությունն ու դյուրագայթությունը, մեզ պատվիրում է միշտ զգույշ, զգոն և «օձի պես խորագետ» լինել:
Մարդու սրտի մեջ սատանայի գցած խորհուրդներից ծնված ցանկությունները խաբում են մարդուն և մեղք ծնում, մեղքն էլ իր հերթին է մարդուն խաբում՝ նրա միտքը թմրեցնելով ու սիրտը կարծրացնելով։
«Յուրաքանչյուր ոք փորձվում է հրապուրվելով ու խաբվելով իր ցանկություններից։ Այնուհետև ցանկությունը հղանալով՝ մեղք է ծնում»,- ասում է Հակոբոս առաքյալը (Հակոբ.Ա 14-15), իսկ Պողոս առաքյալը հորդորում է միջոցներ ձեռք առնել, որպեսզի մեզանից «ոչ ոք չկարծրանա մեղքի խաբեությամբ»(Եբր. Գ 13)։ Ահա այս «խաբեպատիր ցանկությունները» (Եփես. Դ 22),
դրանցից ծնված մեղքերն ու ամենայն մեղսականն է, որ կազմում է այն աշխարհը, որն ատել է հրամայում Ավետարանը.
«Մի՛ սիրեք աշխարհը և ինչ որ կա նրանում։ Եթե մեկն աշխարհը սիրում է,իր մեջ չունի Հոր սերը, քանզի ինչ որ աշխարհի մեջ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն և այս կյանքի ամբարտավանություն, որ Հորից չէ, այլ այս աշխարհից» (Ա Հովհ. Բ 16). կամ՝ «Չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծո դեմ, քանզի ով ուզում է այս աշխարհը սիրել, իրեն թշնամի է դարձնում Աստծուն» (Հակոբ. Դ 4)։ Ահա մեղքի այս «աշխարհը» պիտի չսիրենք և ո՛չ թե այն երկիր-աշխարհը, որում բնակվում ենք և որը Տիրոջ ձեռքի գործն է, ուստի և բարի է.
«Աստծո բոլոր ստեղծածները բարի են, և չկա մի բան, որ պիտանի չլինի» (Ա Տիմ. Դ 4)։ Մեղքի այս «աշխարհի» իշխանն է սատանան և այդ «աշխարհն» է, որ Աստծուն «չի ճանաչում» և «ատում է» Հիսուսին ու Նրա ճշմարիտ հետևորդներին, ովքեր «այս աշխարհից չեն» (Հովհ.ԺԵ 18)։
Հրաժարիմքի բացատրությունից.
Վերոգրյալից կարող է թյուր տպավորություն ստեղծվել, թե եթե մեր չար խորհուրդները, ցանկություններն ու մեղքերը սատանայի խաբեության արդյունք են, ապա մարդն ազատվում է դրանց պատասխանատվությունից։ Ուրեմն էլ ինչի՞ն է պետք ապաշխարությունը, կամ ինչո՞ւ պիտի կանգնենք դատաստանի առաջ։ Այս հարցի պատասխանը տանք մեր Եկեղեցու հայրերի խոսքերով. Ներսես Լամբրոնացին (12-րդ դ.) ասում է. «Սատանան ու նրա դևերը չեն բռնանում մարդկանց վրա, եթե մեկը կամովին չի ցանկանում չարը», «առանց մեր կամքի նա (սատանան) չի կարող մեզ գցել խորհուրդների մեջ», քանզի մարդու «մշտաշարժ հոգին անձնիշխան է. ինչ կամենում է, այն էլ խորհում է»։ Ս. Ներսես Շնորհալին իր «Աշխարհ ամենայն» երգի մի տան մեջ ասում է. «Չարի խորհուրդները խաբում են հոգիս, խորասույզ անում», իսկ հաջորդ տան մեջ՝ «Կամովի՛ն կորացա», «Ընտրեցի չարը, ընդունեցի կամովին՝ հույլեր մեղքերի»։
Իսկ ս.Գրիգոր Տաթևացին ձևակերպում է. «Մարդու գործած բոլոր մեղքերն արդյունք են չարի խաբեության և մարդու թույլ ու հեշտասեր կամքի»։
Ուրեմն, սատանայի խաբեությամբ է մարդը մեղանչում, բայց ո՛չ առանց իր կամակցության ու հավանության. մարդը մեղանչում է ոչ թե հարկադրանքի տակ, այլ կամովին։ Ինչպես որ փրկության էլ հասնում է ո՛չ թե միայն Աստծո շնորհով կամ ո՛չ թե միայն իր մարդկային կամավոր ջանքերով (Հիսուսի խոսքն է՝ «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող». Հովհ. ԺԵ 6),
այլ այս երկուսի համագործակցությամբ։ Քանզի Աստված էլ, որ մարդուն Իր պես անձնիշխան է ստեղծել, նրա կամքի վրա չի բռնանում։
Օրվա ընթերցվածք.
Պետրոս առաքյալի Ա թուղթը 3:8
Եւ ամենագլխաւորը՝ եղէք համախորհուրդ, կարեկից, եղբայրասէր, ազնուագութ, խոնարհ. չարի փոխարէն չար մի՛ հատուցէք կամ նախատինքի փոխարէն՝ նախատինք, այլ ընդհակառակը՝ օրհնեցէք, որովհետեւ այդ բանին իսկ կոչուեցիք, որպէսզի ժառանգէք օրհնութիւնը.