Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
«Այն ամենն, ինչ մի անգամ խոստովանում ես, կորցնում ես, լինի մեղք, թե առաքինություն».
Ըստ Եկեղեցու հայրերի ընդհանուր նկարագրության՝ մարդու մահվան ժամանակ հայտնվում է նրա հրեշտակը (կամ հրեշտակներ)՝ հոգին տանելու (Ղուկ. ԺԶ 22)։ Հոգին երկնքի ներքո գտնվող օդային ոլորտով անցնելիս (որն, ինչպես գիտենք, սատանայի և նրա հրեշտակների իշխանության ոլորտն է), հարձակման է ենթարկվում բազմաթիվ չար ոգիների (չար հրեշտակների, այսերի, դևերի) կողմից, որոնք մարդուն հիշեցնում են նրա մեղքերը, այսինքն՝ այն, ինչը նրանում պատկանում է իրենց։ Այս մարտում հոգու պաշտպանն ու օգնականն է նրա հրեշտակը (կամ բարի հրեշտակներ), որն արդարի հոգին ազատելով այս հարձակումներից՝ բարձրացնում-հասցնում է երկինք՝ արդարների կայանները՝ Անդրանկաց Եկեղեցին, ուր հավաքված են հրեշտակները և արդարների ու սրբերի հոգիները (Եբր. ԺԲ 22-23)։ Այստեղ հոգին ուրախալից հույսով սպասում է Մեծ դատաստանի օրվա հատուցմանը, երբ արդեն ո՛չ միայն հոգով, այլև հարություն առած մարմնով, այսինքն՝ կատարելապես, պիտի ճաշակի հավիտենական բարիքները Երկնքի արքայության մեջ։ Իսկ մեղսաշատ հոգին, այս մարտում պարտվելով, չի կարողանում անցնել երկինք և մնում է երկնքի ներքո՝ մեղավորների կայանում՝ այնտեղ երկյուղով ու հոգու տանջանքով սպասելու Մեծ դատաստանին ու վերջնական դատապարտությանը։
Եկեղեցին սովորեցնում է, որ մեզ հիշեցվելու են միայն այն մեղքերը, որոնք այս կյանքում թողության չեն արժանացել։ Այս իրողությունը պատկերավոր կերպով ներկայացվում է այսպես. ամեն անգամ, երբ մարդ մեղանչում է, նրա մեղքը գրի է առնվում նրա պահապան հրեշտակի կողմից, ով տեսնում է նրա բոլոր գործերը։ Սակայն խոստովանությամբ ու քահանայական իշխանությամբ թողության արժանանալուց հետո գրանցված մեղքը մեկընդմիշտ ջնջվում է և այլևս չի հիշվելու ոչ հոգու ելքից հետո, ոչ էլ Մեծ դատաստանի ժամանակ։ Ինչպես իրավամբ ու գեղեցկորեն ասում է Հայ Եկեղեցու վարդապետներից Սարգիս Շնորհալին, «Այն ամենն, ինչ մեկը մի անգամ խոստովանում է, կորցնում է, լինի դա մեղք, թե առաքինություն»։
Մահվանից հետո տեղի ունեցող այս պատերազմն ու նրա արդյունքը, ինչպես նաև Տիրոջ երկրորդ գալստյանը հետևող Մեծ դատաստանն են պատճառը, որ մարդիկ մեռնելուց առաջ կարիք են ունենում իրենց մեղքերը խոստովանելու և քահանայից թողություն ու ս. Հաղորդություն ստանալու՝ գիտենալով, որ միայն այս կյանքում կարող են իրենց մեղքերին թողություն ստանալ։ Ս. Ներսես Շնորհալու հանրահայտ «Հաւատով խոստովանիմ» աղոթքի մեջ մի քանի տուն ներկայացնում է հենց այս մասին խնդրանքներ, որոնցով հայ հավատացյալը շատ հաճախ, գիտակցաբար թե հանգետս, դիմում է Աստծուն։
«Աղբյո՛ւր անմահության, իմ սրտից ապաշխարության արտասո՛ւք բխեցրու, ինչպես պոռնիկ կնոջինը, որպեսզի լվամ մեղքերս նախքան այս աշխարհից ելնելը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս։
Պարգևի՛չ ողորմության, պարգևիր ինձ ուղղափառ հավատով, բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ Քեզ մոտ գալու. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս։
Բարերա՛ր Տեր, բարի հրեշտակի՛ն հանձնիր ինձ՝ հոգիս քաղցրությամբ ավանդելու և երկնքի ներքո գտնվող չար ոգիների միջով անխռով անցկացնելու. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝բազմամեղիս։
Ճշմարիտ լո՛ւյս Քրիստոս, իմ հոգուն արժանացրու կանչվելուս օրն ուրախությամբ տեսնելու Քո փառքի լույսը և բարիքների հույսով հանգստանալու արդարների օթևաններում մինչև Քո մեծ գալստյան օրը. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»։
Եվ ուրեմն, քանի որ չգիտենք ոչ Տիրոջ գալստյան ու Մեծ դատաստանի և ոչ էլ այս աշխարհից մեր ելքի օրն ու ժամը, որը ցանկացած օր ու ժամ էլ կարող է լինել, ապա մեր մեղքերի ապաշխարությունը պիտի չհետաձգենք վաղվան՝ Տիրոջ պատմած առակի անմիտ հարուստի պես այսօր անհոգության մեջ կենցաղավարելով ու «Աստծով չհարստանալով» (Ղուկ. ԺԲ 16-21)։ Ապաշխարության, այսինքն՝ մեր մեղքերի զղջման, խոստովանության, թողության, առաքինությունների, մանավանդ՝ ողորմության գործերի համար մեզ այսօրն է տրված։
«Արդ, արթո՛ւն եղեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա՝ երեկոյա՞ն, թե կեսգիշերին, հավախոսի՞ն, թե առավոտյան։ Գուցե հանկարծակի գալով՝ ձեզ քնի մեջ գտնի։
Ուրեմն ինչ որ ձեզ եմ ասում, ամենքի՛ն եմ ասում՝ արթո՛ւն եղեք: (Մարկ. ԺԳ 37)։
Մեղքերի անհատական խոստովանության պատրաստվողներին անհրաժեշտ որոշ տեղեկություններ:
- Մինչև 15 տարեկանը գործված մեղքերն ինքնաբերաբար ջնջվում են՝ որպես մանկության ու անգիտության շրջանում գործվածներ, ուստի որևէ մեկը պարտավորված չէ դրանք խոստովանելու։
- Պետք չէ խոստովանել ոչ գիտուն կամ այնպիսի քահանային, ով չգիտի խոստովանողի մեղքերը գաղտնի պահել։
- Քառասնորդական պահքը պահելուն պատրաստվողները խոստովանում էին նախքան պահքի մեջ մտնելը և նրա ավարտին՝ Զատկին ս. Հաղորդություն ստանալուց առաջ (մեր հայրերից ոմանց կողմից աշխարհական հավատացյալներին թելադրվել է խոստովանել տարվա բոլոր կիրակի օրերին, ներառյալ և Քառասնորդական պահքի կիրակիները)։
- Խոստովանությանը պետք է նախապես պատրաստվել՝ խոկալով գործված մեղքերի շուրջ և ըստ անհրաժեշտության նաև գրավոր նշումներ անելով՝ խոստովանության ընթացքում մեղքերը չմոռանալու համար։
- Մեղքերը խոստովանելիս պետք է խուսափել շատախոսությունից ու դատարկաբանությունից, ինքնարդարացումից, ուրիշների մեղքերը բացահայտելուց և խոսել ըստ էության՝ միայն սեփական մեղքերի կամ տկարությունների մասին։
- Եթե մեկն ինչ-որ մեղք խոստովանում է՝ դարձյալ նույնը գործելու մտադրությամբ, նշանակում է նրա զղջումն անկեղծ չէ, ուստի այսպիսի խոստովանությունն ընդունելի չէ։
- Եթե խոստովանված մեղքը նորից է գործվում, դարձյալ պետք է խոստովանել։
- Ամոթը պատճառ պիտի չդառնա մեղքերի խոստովանությունից խուսափելու. «Մի՛ ամաչիր խոստովանել քո մեղքերը, մի՛ դիմակայիր գետի հոսանքին» (Սիրաք Դ 32)։
Հոգևոր Գրադարան:
Օրվա ընթերցվածք.
Պետրոս առաքյալի Ա թուղթը 2.18-25
Ծառանե՛ր, ամէն ինչում երկիւղով հնազանդ եղէք տէրերին՝ ոչ միայն բարիներին ու հեզաբարոներին, այլեւ դաժաններին, քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մէկը յանիրաւի վիշտ է կրում բարի խղճով. քանզի ի՞նչ երախտիք կունենաք, եթէ մեղանչելուց յետոյ տանջուէք ու համբերէք: Իսկ եթէ բարիք գործէք եւ չարչարուէք ու համբերէք, այդ շնորհ է Աստծոյ մօտ. որովհետեւ այդ բանի համար իսկ կոչուեցիք, քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռաւ եւ ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք. նա, որ մեղք չգործեց, եւ նրա բերանում նենգութիւնը տեղ չգտաւ. նա, որ նախատուելով՝ փոխարէնը չնախատեց, չարչարուելով՝ չսպառնաց, այլ յանձնուեց արդարութեամբ Դատողին. նա, որ մեր մեղքերը իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրայ, որպէսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարութեան համար. նա, որի վէրքերով բժշկուեցիք դուք: Մոլորեալ ոչխարների պէս էիք, իսկ այժմ դարձաք դէպի ձեր հոգիների Հովիւը եւ Տեսուչը: