Երբ բարեգործության մեջ բարիք չկա...
Սատանան գեղեցիկ երիտասարդի կերպարանքով ծառայում էր մի զորականի, և երբ իր գեղեցիկ հասակի ու խոսվածքի համար վերջինիս հաճելի եղավ, սկսեց է՛լ ավելի հոժարակամ, երկյուղածությամբ ու
մտերմությամբ ծառայել, իր տիրոջ զարմանքը հարուցելու աստիճան: Ամեն անգամ, երբ զորականը ձի էր նստում կամ ձիուց իջնում, ճիշտ ժամանակին գալիս ու պատրաստ կանգնում էր և միշտ պատկառանքով, խոնարհությամբ և խոհեմությամբ սպասավորում էր նրան:
Մի օր, մինչ նրանք երկուսով գնում էին և մոտեցան մի ընդարձակ գետի, զորականը, ետ նայելով, տեսավ թշնամիների մեծ բազմություն, որ իրեն էր հետապնդում: Եվ ծառային ասաց.
– Ահավասիկ կործանվեցինք, քանի որ թշնամիներս հասան ինձ, իսկ մեր առջևում անեզր գետն է, փախուստի տեղ չկա. կա՛մ կսպանեն ինձ, կա՛մ կբռնեն: Ի՞նչ անեմ:
– Տե՛ր, մի՛ երկնչիր, որովհետև այս գետն անցնելու տեղը քաջ գիտեմ: Ե՛կ իմ ետևից, և կփախչենք:
– Այս գետը ոչ ոք չի կարող անցնել,– ասաց տերը: Սակայն փախչելու հույսով գնաց ծառայի ետևից և անվնաս անցավ:
Արդ, երբ դեմ հանդիման կանգնեցին`սրանք գետի մի կողմում, նրանք էլ՝ մյուս, թշնամիները զարմացած ասացին.
– Ո՞վ է երբևէ լսել, թե այս գետը մեկն անցնի. ոչ այլ ինչ է, բայց միայն այն, որ սատանան նրան անցկացրեց:
Եվ այսպես տուն վերադարձան:
Դրանից հետո զորականի կինը խիստ հիվանդացավ, այնպես որ բժիշկների բոլոր դեղերն անզոր էին: Դևն իր տիրոջն ասաց.
– Եթե տիկինն առյուծի կաթով օծվի, այն օգուտ կլինի նրան, և կառողջանա:
– Որտեղի՞ց կարող ենք գտնել այն,– հարցրեց տերը:
– Ես կբերեմ,- պատասխանեց դևը:
Այդ ասելուց հետո գնաց և մի ժամ հետո վերադարձավ` կաթով լի մի աման բերելով իր հետ, որով երբ կինն օծվեց, անմիջապես սկսեց թեթևություն զգալ և առողջացավ:
– Որտեղի՞ց այս կաթն այսքան արագ բերեցիր:
– Արաբիո լեռներից, – պատասխանեց նա, – քանզի այստեղից Արաբիա գնացի, առյուծին այրի մեջ բռնեցի, ձագին հեռու վանեցի, մորը կթեցի և քեզ մոտ դարձա:
Այս լսելով` տերը զարմացավ և նրան ասաց.
– Մի՛ տրտմիր այս բանի համար, քո ծառան եմ, – պատասխան տվեց նա:
Սակայն երբ ստիպեց, հայտնեց` նրան ասելով.
– Ես սատանա եմ, մեկը նրանցից, որ Բելիարի հետ երկնքից ընկան:
Այն ժամանակ տերն է՛լ ավելի սարսափեց.
– Եթե դու ի բնե սատանա ես, ինչո՞ւ ես մարդուն այսքան մտերմաբար ծառայում:
– Ինձ համար մեծ մխիթարություն է լինել
մարդու որդիների հետ, – պատասխանեց դևը:
– Այլևս չեմ համարձակվում թույլ տալ, որպեսզի ծառայես ինձ:
– Ստույգ այս իմացիր, – ասաց դևը, – որ եթե ինձ քեզ մոտ պահես, իմ կողմից կամ իմ պատճառով երբեք չարիք չի պատահի քեզ:
– Չեմ համարձակվում, բայց ինչ խնդրես քո ծառայության դիմաց, քեզ կտամ, մինչև իսկ իմ ունեցվածքի կեսը հոժար կամքով քեզ կբաշխեմ, քանի որ երբեք մարդը մարդուն այսքան հավատարիմ չի ծառայել և օգտակար եղել, ինչպես դու` ինձ, որովհետև քեզնով փրկվեցի մահից, և քեզնով իմ կինն առողջացավ:
– Քանի որ քեզ հետ չեմ կարող այլևս ապրել, իմ վաստակի փոխարեն քեզնից ոչինչ չեմ ուզում, բայց միայն հինգ ոսկի:
Եվ այն առնելով` վերադարձրեց տիրոջը.
– Խնդրում եմ քեզ, որ սրանով զանգակ գնես և հրամայես կախել աղքատ ու անխնամ այն եկեղեցու տանիքից, որպեսզի նրա միջոցով թերևս կիրակի օրերին քրիստոնյաները հավաքվեն աստվածային պաշտամունքի:
Արդ, սատանան այս խնդրանքը ներկայացրեց նրան հետևյալ պատճառով.
մարդիկ մինչ այդ վաղ առավոտյան էին գալիս եկեղեցի և աղոթում` սպասելով սուրբ պատարագին, քանզի վախենում էին, թե միգուցե քնով անցնեն և պատարագից զրկվեն, իսկ
այժմ զանգակի ձայնը լսելուց հետո են գալիս եկեղեցի և ծուլանում աղոթելու մեջ:
Հայելի Վարուց (Բարոյախրատական պատումներ)