Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Ինքնամերկացում և խոստովանանք
Հոգևոր քարոզներ 2018
Ինքնամերկացում և խոստովանանք
Եղբայրնե՛ր, ձեր սրտացավությամբ կարեկի՛ց եղեք ինձ: Այժմ, երբ լսում եմ Դատաստանի մասին, դրան ուշք չեմ դարձնում, ասես անկումներից և մեղադրանքներից վեր եմ կանգնած: Ուրիշներին հորդորում եմ հեռու մնալ վնասակար բաներից, իսկ ինքս կրկնակի եմ այդ անում:
Վա՜յ ինձ, ինչպիսի՜ դատապարտության արժանացա: Վա՜յ ինձ, ինչ ամոթի մեջ եմ: Վա՜յ ինձ: Իմ մեջ թաքնվածն այնպիսին չէ, ինչպիսին տեսանելին է: Քանզի մաքրություն եմ քարոզում, բայց մտածում եմ անառակության մասին, խոսք եմ ասում առաքինության մասին, բայց զօր ու գիշեր մտքումս անազնիվ կրքերն են: Եվ ի՞նչ արդարացում պիտի ունենամ: Վա՜յ ինձ, ի՜նչ չարչարանք է ինձ սպասում:
Արդարև, իմ մեջ սոսկ առաքինության պատկերն է, բայց ոչ նրա զորությունը: Ի՞նչ երեսով պիտի կանգնեմ Տեր Աստծո առաջ: Ո՞վ գիտե սրտիս ծածուկները: Այդպիսի աղտեղի գործերի համար պատասխանատվության տակ լինելով, երբ աղոթքի եմ կանգնում, վախենում եմ, որ երկնքից հուրը կիջնի և կոչնչացնի ինձ:
Ուրեմն ի՞նչ: Կորցնե՞մ իմ փրկության հույսը: Ամենևին: Քանզի հենց դրան է սպասում հակառակորդը: Ինչքան շուտ է նա որևէ մեկին հասցնում հուսահատության, այնքան արագ է տապալում նրան: Իսկ ես չեմ հուսահատվում, այլ հաստատակամորեն հույսս դնում եմ Աստծո առատաշնորհության և ձեր աղոթքների վրա:
Այդ պատճառով մի՛ դադարեք հայցել Աստծո մարդասիրությունը, որպեսզի սիրտս ազատագրվի անազնիվ կրքերի ստրկությունից: Չկա իմ մեջ մաքուր ապաշխարանք, չկան իմ մեջ արցունքներ աղոթքի ժամին, չնայած ես հառաչում եմ, խոժոռում եմ իմ ամոթահար դեմքը, կուրծքս ծեծում, որ կրքերի կացարան է դարձել:
Փա՜ռք Քեզ, Ներողամի՛տ: Փա՜ռք Քեզ, Երկայնամի՛տ: Փա՜ռք Քեզ, Անհիշաչա՛ր: Փա՜ռք Քեզ, Բարերա՛ր: Փա՜ռք Քեզ, միա՛կ Գերիմաստուն: Փա՜ռք Քեզ, հոգիների և մարմինների՛ Բարերա՛ր:
Փա՜ռք Քեզ, Ով Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է թափում արդարների և մեղավորների վրա: Փա՜ռք Քեզ, որ սնում ես բոլոր ժողովուրդներին և ողջ մարդկային ցեղը, որպես մեկ մարդու: Աղաչում եմ Քեզ բոլոր նրանց աղոթքներով, ովքեր հաճո են Քո առաջ, քանզի Քեզ հայտնի է իմ մեջ թաքնված կիրքը, Դու գիտես արատներն իմ հոգու: Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, և ես բուժված կլինեմ: Այնտեղ հայտնի կդառնան և՛ խավարի մեջ, և՛ բացեիբաց արված գործերը: Ինչպիսի՜ ամոթ կհամակի ինձ, երբ նրանք, որ այժմ ինձ անարատ են ասում, դատապարտված կտեսնեն ինձ:
Թողնելով հոգևոր գործերս`ենթարկվեցի կրքերին:
Սովորել չեմ կամենում, բայց ուրախությամբ սովորեցնում եմ:
Ենթարկվել չեմ սիրում, սակայն սիրում եմ, որ ինձ ենթարկվեն:
Աշխատել չեմ սիրում, բայց սիրում եմ հետևել ուրիշների գործերին:
Չեմ սիրում պատվի արժանացնել, բայց սիրում եմ, երբ ինձ են պատիվ տալիս:
Չեմ սիրում, երբ ինձ նախատում են, բայց սիրում եմ նախատել ուրիշներին:
Չեմ ուզում, որ հպարտանան, բայց սիրում եմ հպարտանալ:
Չեմ ուզում, որ ինձ մերկացնեն, բայց սիրում եմ մերկացնել ուրիշներին:
Չեմ ուզում ներում շնորհել, բայց ներում եմ փնտրում:
Չեմ ուզում դիտողություններ լսել, բայց սիրում եմ դիտողություններ անել:
Չեմ սիրում, որ ինձ նեղացնում են, բայց սիրում եմ նեղացնել:
Չեմ ուզում, որ ինձ վնաս հասցնեն, բայց ջանում եմ ինքս վնասել:
Չեմ ուզում, որ բամբասեն ինձ, բայց սիրում եմ բամբասել:
Չեմ ուզում լսել, բայց ջանում եմ, որ ինձ լսեն:
Չեմ ուզում, որ ինձ իշխեն, բայց սիրում եմ ինքս իշխել:
Իմաստուն եմ խորհուրդներ տալու, այլ ոչ դրանք կատարելու գործում:
Ասում եմ, թե ինչ է պետք անել, բայց հակառակն եմ անում:
Ո՞վ չի արտասվի ինձ համար: Լացե՛ք, սուրբե՛ր և արդարակյացնե՛ր, լացե՛ք ինձ համար` խավարի, այլ ոչ թե լույսի գործերը սիրողիս համար: Լացե՛ք, բարեխնամնե՛ր, լացե՛ք անպիտանիս համար:
Վա՜յ ինձ, որովհետև մեղքն իմ ոչ մի անդամն առողջ չի թողել: Վերջը մոտ է, եղբայրներ, և դա ինձ չի անհանգստացնում: Ահա բացեցի ես ձեր դեմ հոգուս վերքերը: Ուրեմն մի՛ արհամարհեք ինձ` ամոթապարտիս, այլ պաղատեցեք Բժշկին հիվանդի համար, Հովվին` գառնուկի, Արքային` գերեվարվածի, Կյանքին` մեռյալի համար: Պաղատեցե՛ք, որպեսզի իմ բազում մեղքերի թողությունն
ստանամ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, և որպեսզի Նա առաքի իր բարիքը և ամրապնդի սասանվող հոգիս: Քանզի պատրաստվում եմ կրքերի դեմ պայքարի, բայց դրանց դեմ տակավին պայքարի մեջ չմտած` օձի չարանենգությունը թուլացնում է հոգուս ամրությունը հեշտասիրությամբ, և ես դառնում եմ կրքերի գերի: Ջանում եմ կրակից հանել նրանում այրվողին, սակայն երիտասարդ
լինելուս պատճառով կրակի հոտը հրապուրում է ինձ: Մինչ ձգտում եմ փրկել խեղդվողին, նրա հետ խեղդվում եմ անփորձության պատճառով: Կամենալով դառնալ կրքերի բժիշկ` ինքս եմ մնում դրանց իշխանության ներքո և բժշկելու փոխարեն տառապյալին վերքեր եմ հասցնում: Ինքս կույր եմ, մինչդեռ հանդգնում եմ կույրերին ուղեկցել:
Տե՛ր, քանի դեռ իմ համար վերջը վրա չի հասել, ազատի՛ր ինձ ամենայն նենգապատիր բաներից, որպեսզի Քո առջև բարիք ձեռք բերեմ մահվան ժամին. Քանզի չկա մեկը, որ դժոխքում գոհանա քեզանից:
Տե՛ր, փրկի՛ր հոգիս գալիք վախից և քո առատաձեռնությամբ ու ողորմածությամբ մաքրի՛ր իմ ապականված շուրջառը, որպեսզի ես` անարժանս, պայծառ պատմուճանով հանդերձավորված` արժանանամ Երկնային Արքայությանը և հասնելով չակնկալվող բերկրանքին`ասեմ. «Փա՜ռք առյուծի երախից մորմոքուն հոգուն Ազատողին և նրան երանավետ դրախտում Դնողին»:
Քանզի Քեզ՝ Ամենասուրբ Աստծուն, վայել է փառք հավիտյանս հավիտենից: Ամեն:
Սուրբ Եփրեմ Ասորու խրատներից
Օրվա ընթերցվածք.
Առակներ 11.30-12.4
Կեանքի ծառը բուսնում է արդարութեան պտղից, իսկ անօրէն անձինք տարաժամ պիտի վերանան: Եթէ արդարը հազիւ է ապրում, ապա ի՞նչ կլինի մեղաւորի եւ ամբարշտի կեանքը:
Ով խրատ է սիրում, նա իմաստութիւն է սիրում. ով ատում է յանդիմանութիւնը, նա անմիտ է: Լաւ է, որ մարդ Տիրոջից շնորհ է գտնում, իսկ անօրէն մարդու բերանը պիտի կարկամի: Մարդ անօրինութեամբ յաջողութեան չի հասնի. արդարների արմատները չպիտի կտրուեն: Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է.
Post Views: 2,257