Ի՞նչ է անժուժկալության վնասը, ո՞վ է անժուժկալը.
Ով ժուժկալ չէ և ում մեջ չկա ժուժկալություն, նա դառնում է ամենայն անպարկեշտության որսը: Անժուժկալը նաև հեշտասեր է: Անժուժկալը հաճույք է ստանում շատախոսությունից և դատարկաբանությունից: Նրան դուր է գալիս դատարկախոսությունն ու սրախոսությունը, նրան հաճելի է ուտելիքների քաղցրությունը, նա իր խիզախությունը ցուցաբերում է շատակերության և
շատ խմելու մեջ, հրապուրվում է ունայն հաճույքներով, հակվում է դեպի անմաքուր խորհուրդները, հաճույքներ սիրելու պատճառով անխոհեմության է տրվում, փառքի հետևից է ընկնում, երազում է մեծարանքի մասին որպես մի բանի, որն արդեն իր ձեռքում է: Կանանց հանդիպելիս զվարճանում է, տարվում է նրանց գեղեցկությամբ: Մարմնի գույնի պայծառությունը ճոխությունը նրան խելքահան է անում, դեմքի բարետեսությունը հիացնում է, մարմնի վալելչակազմությունը հմայում է նրան, կանանց և ծաղրաբանների հետ զրուցելիս հաճույքից հալվում է:
Տեսածը վերհիշելիս երազում է, նրա մեջ հուշերը գերակայում են, նա մտքում հստակ պատկերացնում է կանանց դեմքերը, ձեռքերի շփումը, մարմինների գրկախառնումները, անդամների հպումները, կրքոտ արտահայտությունները, դյութիչ ժպիտները, աչքերի խաղը, հագուստների շքեղությունը, մարմնի գեղեցիկ գույնը, շողոմ խոսքերը, շուրթերի սեղմումը, մարմնի հաճելիությունը, շարժումների
արտահայտչականությունը, հանդիպումների ժամանակն ու տեղը և այն ամենը, ինչը ծառայում է հաճույքներին: Ահա թե ինչ է տռփասերն ու անժուժկալը վառ գույներով պատկերացնում իր մտքում` հակվելով դեպի այդ խորհուրդները:
Երբ այդպիսի մարդը տեսնում է, որ ողջախոհության մասին գիրք են կարդում, մռայլվում է, երբ տեսնում է, որ հայրերը հավաքված խորհրդածում են օգտավետ բաների մասին, խուսանավում է և հավանության չի արժանացնում, հայրերի խստակրոն վարքը տեսնելիս վրդովվում է, երբ պահքի մասին խոսք է լսում, ըմբոստանում է: Միաբանների հավաքները նրան դուր չեն գալիս, իսկ երբ տեսնում է կանանց, պայծառանում է, հետ ու առաջ է վազում, որպեսզի իր ծառայությունները մատուցի, այդժամ նա երգելու ձայն էլ ունի, ունի նաև սուր խոսք ասելու և զվարճանալու ընդունակություն,
որպեսզի հաճույք պատճառի և՛ ինքն իրեն, և՛ ներկա գտնվող կանանց, և՛ հաճելի ու հետաքրքիր կողմերով երևա:
Մնջանքի մեջ նա տաղտկալի է և տկար: Այդ պատճառով դժբախտ և խղճուկ է նա, ով չունի ամենայն ժուժկալություն և ժուժկալություն` ամեն ինչում: Այդ պատճառով, եղբայրնե՛ր, լսելով, թե
ինչպիսին են ժուժկալության պտուղները և թե ինչպիսին է անժուժկալության հունձքը, հեռո՛ւ մնանք վերջինից և փարվենք ժուժկալությանը:
Քանզի մեծ է ժուժկալության վարձքը, և չիք սահման նրա մեծությանը: Այդ պատճառով երանի՜ նրան, ով իսկապես ժուժկալություն է ձեռք բերել: Երանի՜ նրան, ով հաստատվել է ամենայն առաքինության մեջ և ջանացել է փայլել բարի գործերով: Երանի՜ նրան, ով Աստծուն թաքուն անհաճո բաներ չի արել, այլ ծառայել է Նրան ամենայն ճշմարտությամբ:
Երանի՜ նրան, ով չի տարվում ունայն խորհուրդներով: Իսկ ի՞նչ անեմ ես, եթե գովաբանում եմ բոլոր առաքինությունները, սակայն դրանցից ոչ մեկի մեջ չեմ առաջադիմել, այլ տարիներս
անցկացրել եմ բազմաթիվ արատավոր գործերում: Եվ իմ օրինակով էլ է կատարվում ասվածը. Վա՜յ ձեզ, օրենսգետնե՛ր, որ մարդկանց դժվարակիր բեռներ եք բարձում, բայց դուք ինքներդ մեկ մատով իսկ բեռներին չեք դիպչում (Ղուկ.11, 46): Այդ պատճառով հայցում եմ ձեր համընդհանուր սերը, Քրիստոսո՛վ օրհնվածներ, դրախտի՛ մասնակիցներ, ամենքդ ջանացե՛ք հաճո լինել մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Ով Իր զորքի մեջ է անդամագրել ձեզ, որպեսզի ձեզանից ոչ մեկը չմերժվի անփութության և անհոգության համար: Դուք բոլորդ, որ Քրիստոսի վերին շնորհով լծի տակ եք մտել,
զգուշացե՛ք մարմնի կամակատարները լինելուց, որպեսզի անպատասխան չմնանք Ահեղ ատյանի առաջ, որտեղ բոլորին հատուցում կլինի թե՛ բարի, թե՛ չար գործերի համար (Բ Կորնթ.5, 10): Բայց վա՜յ ինձ այդ ժամին, որովհետև պիտի ներկայանամ առանց սխրագործության:
Եվ ի՞նչ անեմ ես այդ անխուսափելի հատուցման ժամին: Երանի՜ նրանց, ովքեր համարձակ կկանգնեն Դատավորի առջև, ովքեր Աստծո ձեռքից կընդունեն սրբազան պարգևը: Բայց վա՛յ նրանց, ովքեր ամոթահար կլինեն ատելի և անարժեք գործերի համար: Օրինակ՝ ի՞նչ արդարացում կարող է ունենալ փառասիրության, գոռոզամտության, անհնազանդության, անհաշտության, որովայնամոլության,
թեթևամտության, շատախոսության, ինքնագլխության, մեծամտության, նախանձի, թշնամության, դյուրագրգռության, չարախոսության, բանսարկության մեջ մեղադրվողը:
Ի՞նչ արդարացում կգտնի նա, ով կմեղադրվի այդ քստմնելի արատներում: Ի՞նչ օգուտ կամ ի՞նչ հաճույք ենք ստանում դրանցից: Բայց և ի՜նչ դժվար է դրանցից ազատվելը:
Այդ պատճառով պաղատում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ջանացե՛ք, որ ձեզանից ոչ մեկը չմեղադրվի այդ մեղքերից որևէ մեկի մեջ: Քանզի երբ մարդ գիտակցում է իր ծանր մեղքերը (դա շատ լավ գիտեմ), դրանով իշխանություն է ունենում ինքն իր վրա: Իսկ այդ մեղքերն ամենքն արհամարհում են որպես ոչինչ չնշանակող բաներ, ամեն ոք քամահրում է` մտածելով, որ դրանց մասին չեն էլ հարցնի:
Բայց հենց այդ արատներով է մեզ որսում սատանան, քանզի այնպես է անում, որ մեզանից յուրաքանչյուրը անտեսում է դրանք, որպես ոչինչ չնշանակող բաներ: Ուրեմն ջանացե՛ք, որպեսզի այդ մեղքերի
պատճառով որս չդառնաք, այլ ընդհակառակը, ամենայն զգուշությամբ հետևե՛ք ինքներդ ձեզ, որպեսզի փառավորվեք Քրիստոսի հետ. Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից: Ամեն:
Սուրբ Եփրեմ Ասորու շահեկան խրատներից