Օ՜ նախանձ և մրցակցություն, ինչքա՜ն ավերներ ես գործում.
Նախանձ և մրցակցություն չունենալու մասին.
Երանի՜ նրան, ով նախանձի և մրցակցության ենթակա չէ, քանզի մրցակցությունն ու նախանձը միմյանցով են ապրում, և ում մեջ այս արատներից մեկը կա, ուրեմն երկուսն էլ կան:
Այդ պատճառով, արդարև, երանի՜ նրա՛ն, ով չի ընկել այդ արատների մեջ և դրանցից ոչ մեկով չի վարակվել: Քանզի իր եղբոր հետ անարդարացիորեն մրցակցողը դատապարտվում է սատանայի հետ:
Ով մրցակցում է, նա պարտված է, նրա մեջ նաև թշնամություն կա, նրան տանջում է ուրիշների հաջողությունը: Իսկ նախանձ և մրցակցություն չունեցողին ուրիշների հաջողությունը չի տխրեցնում:
Երբ ուրիշին պատվի են արժանացնում, նա խռովքի մեջ չի ընկնում: Երբ ուրիշը մեծարվում է, նա չի անհանգստանում, քանի որ բոլորին առավելություն է տալիս, բոլորին իրենից գերադասում է, ինքն իրեն համարում է բոլորից անարժանն ու հետինը և բոլորին իրենից ավելի վեր է դասում, իրենից ավելի լավն է համարում:
Նախանձ չունեցողը պատվի չի ձգտում, ուրախացողների հետ ուրախանում է, իրեն փառավոր գործեր չի վերագրում, հաջողակներին օգնում է, հաճույքով է նայում բարի ուղիով ընթացողներին, գովաբանում է բոլոր նրանց, ովքեր ապրում են ինչպես հարկն է:
Եթե տեսնում է, որ եղբայրը լավ է անում իր գործը, չի խոչընդոտում նրան, այլ խրախուսում է իր խորհուրդներով: Եթե տեսնում է մեկին, որ հանգստության է տրվել, նրան չի մեղադրում, այլ սատար է
կանգնում: Եթե տեսնում է եղբոր զանցանքը, նրան չի վարկաբեկում, այլ օգտակար խորհուրդ է տալիս: Եթե տեսնում է զայրացածի, նրան է՛լ ավելի չի բորբոքում, այլ սիրով հանգստացնում
է` հորդորելով խաղաղվել: Եթե վշտացյալի է տեսնում, չի քամահրում նրան, այլ վշտակցում է և սփոփում հոգեպարար խոսքով: Եթե անուսի և տգետի է տեսնում, եռանդով ջանում է ուսուցանել նրան և ճիշտ ուղու վրա դնել:
Եթե անգիտակի է տեսնում, առանց նախանձի ցույց է տալիս լավի ճանապարհը: Եթե տեսնում է, որ մեկը քնած է սաղմոսերգության ժամանակ, ջանադրաբար արթնացնում է նրան:
Կարճ ասած՝ իր մեջ նախանձ և մրցակցություն չունեցողը ոչ մի գործում մերձավորին չի ծանակում, ընդհակառակը, աննախանձն ուրախանում է ընկերոջ բոլոր հաջողությունների և անձնվեր գործերի համար:
Նախանձի և մրցակցության մասին
Իսկ ով վարակվում է նախանձով և մրցակցությամբ, նա խղճուկ է, քանզի բանսարկուի գործակիցն է, ում նախանձով մահը աշխարհ եկավ (Իմ. Սող. 2, 24):
Ում մեջ նախանձ և մրցակցություն կա, նա բոլորի հակառակորդն է, քանզի չի ուզում, որ մեկ ուրիշը գերադասելի լինի իրենից:
Նա նվաստացնում է խրախուսանքի արժանիներին, բարի ուղիով քայլողի ճանապարհին գայթակղություններ է հարուցում, բարեպաշտ կյանքով ապրողին կշտամբում է, երկյուղածներին` քամահրում, ծոմապահներին սնափառ է անվանում, սաղմոսերգության մեջ ջանադիրին` ցուցամոլ, ծառայություններ մատուցելու պատրաստ մարդուն`ագահ, գործերի մեջ ճարտարին` փառասեր, գրքերով ջանասիրաբար զբաղվողին` դատարկապորտ, պատասխանների մեջ հմուտին`որկրամոլ:
Նախանձ մարդը երբեք չի ուրախանում ուրիշի հաջողության համար:
Եթե գործի մեջ ծուլացողի է տեսնում, բարի գործի չի առաջնորդի, այլ ավելի շուտ ի չարը կխոտորի:
Երբ տեսնում է, որ մեկն աղոթքի ժամին քնել է, չի արթնացնի, այլ ավելի շուտ հոգ կտանի, որ լռություն պահպանվի:
Եթե տեսնի, որ եղբայրը հանգստի է մատնվել, կմեղադրի նրան: Եթե տեսնի եղբորը, որ ժամանակին ընկած է եղել, բոլորի առջև կվարկաբեկի:
Վա՜յ նախանձին, քանզի նրա սիրտը տկարանում է տրտմությունից, մարմինը՝ դժգունանում, և նրա ուժերը սպառվում են:
Նա բոլորի համար անտանելի է, բոլորին թշնամի է, բոլորին ատում է, բոլորին շողոքորթում է, բոլորի դեմ դավեր է նյութում, ամենքի առջև դիմակ է կրում, այսօր մեկի հետ
է ընկերանում, վաղը՝ մյուսի, և վերաբերմունքն ամեն ինչի նկատմամբ փոխվում է, յուրաքանչյուրի կամքին հարմարվում է և որոշ ժամանակ անց բոլորին պարսավում է, մեկին մյուսի մոտ անվանարկում է և բոլորի մեջ խռովություն է գցում: Այսպիսով` սարսափելի թույն են նախանձն ու մրցակցությունը, դրանցից են ծնվում զրպարտանքները, ատելությունն ու սպանությունները: Այդ պատճառով, դուք՝
երկնային քաղաքացիության մարտիկներդ, որքան հնարավոր է հեռո՛ւ փախեք նախանձից, որքան հնարավոր է ձեզանից հեռո՛ւ վանեք մրցակցությունն ու նախանձը, որպեսզի սատանայի հետ մեկտեղ չդատապարտվեք:
Խրատում է Սուրբ Եփրեմ Ասորին