Ուրեմն՝ Տերն է, որ «կամենում է, որ ամենքը գան ապաշխարության» (Բ Պետ. 3: 9), այսինքն՝ զղջան իրենց մեղքերը, մաքրվեն նրանցից և իրենց կյանքն առաքինություններով պտղավետ դարձնեն։ Եկեղեցին որպես մեղքերից մաքրվելու ճանապարհ ցույց է տալիս խոստովանությունը, որով ենք թողություն գտնում մեր մեղքերին։ Աստված անշուշտ առանց մեր խոստովանության էլ ամեն բան գիտի, սակայն Ի՛նքն է պահանջում. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Եսայի 43:26)։
Հայտնի է, որ երբ մարդ վիշտ կամ ներքին խնդիրներ է ունենում, որոնք տանջում են նրա հոգին, կարիք է ունենում իր ներքին անցուդարձի մասին որևէ մեկին պատմելու։ Սա տեղի է ունենում, օրինակ, այնժամ, երբ հիվանդը դիմում է հոգեբանին՝ պատմելով նրան իր անհանգստություններն ու ներքին խնդիրները։ Մեղքը նույնպես «խնդիր» է, ցավ և հիվանդություն, ինչպես վկայում է նաև մեր Տերը՝ Իրեն բժիշկ, իսկ մեղավորներին հիվանդ կոչելով։ Ուստի կարիք կա այս ցավը բացահայտելու։ Մեղքը թաքցնելը միայն է՛լ առավել է հիվանդացնում մարդու հոգին, ինչն էլ ի վերջո կարող է պատճառ դառնալ նրա մահվան՝ հավիտենական կյանքից զրկման։ Այս տեսանկյունից դիտելիս՝ ակնհայտ է դառնում մեղքի խոստովանության կարևորությունը։
Զղջացող մարդը նախ դիմում է Տիրոջը, իր հանցանքը կամ հանցանքները խոստովանում Նրան ու թողություն հայցում՝ մեղքն այլևս չկրկնելու որոշմամբ, որն իրագործելու համար Տիրոջից օգնություն է խնդրում՝ գիտենալով իր տկարությունը։ Այնուհետև, համաձայն սեփական խղճի կարիքի ու պարտադրանքի, առանձնաբար խոստովանում է օծյալ հոգևորականի առաջ՝ անհրաժեշտության դեպքում նրանից խորհուրդներ ստանալով։ Քահանայի առաջ կատարված այսպիսի խոստովանությունը կոչվում է առանձնական կամ անհատական խոստովանություն։
Քահանան մեղքերի արձակում է տալիս խոստովանողին՝ հատուկ բանաձևի միջոցով և երկու ձեռքերը խոստովանողի գլխին դնելով։ Մեղքեր արձակելու այս իշխանությունը քահանաներին, ովքեր ձեռնադրության ու օծման միջոցով առաքյալների իրավահաջորդն են, տրված է Տեր Հիսուսից՝ համաձայն Նրա խոսքի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ինչ որ կապեք երկրի վրա, կապված կլինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի երկնքում» (Մատթ. 18:18)։ Այլև երբ հարությունից հետո երևաց աշակերտներին, նրանց վրա փչելով՝ Իր իշխանությունը փոխանցեց նրանց՝ ասելով. «Առե՛ք Սուրբ Հոգին։ Եթե մեկի մեղքերը ներեք, ներված կլինեն, և եթե մեկի մեղքերը չներեք, ներված չեն լինի» (Հովհ.20: 23)
Խոստովանության ու մեղքերի արձակման միջոցով թողության արժանացած, այսինքն՝ մեղքերից մաքրված մարդն է միայն, որ իրավունք ունի ճաշակելու Տեր Հիսուսի մաքրամաքուր Մարմինն ու Արյունը՝ Սուրբ Հաղորդությունը՝ Տիրոջ հետ միավորվելու և հոգևոր կյանքում զորանալու համար, քանի որ Սրբությանը պետք է սրբությամբ մոտենալ։ Ուստի և Պատարագի արարողության ընթացքում կամ նրանից անմիջապես առաջ նրանք, ովքեր պատրաստվում են այդ օրը հաղորդվելու, ծնկի են գալիս քահանայի առաջ, և հավատացյալներից մեկը բոլորի անունից կարդում է տարատեսակ մեղքերի խոստովանության մի աղոթք՝ «Մեղայ Ամենասուրբ Երրորդութեանն» սկզբնավորությամբ, և սրա ավարտին քահանան կարդում է մեղքերի արձակման բանաձևը՝ «Ողորմեսցին»։ Խոստովանության այս ձևը կոչվում է ընդհանրական խոստովանություն։
Քանի որ որևէ մարդ անկարող է իր բոլոր մեղքերը հիշել ու խոստովանել, ուստի «ինչ հիշում, խոստովանում ու ապաշխարում է, այդքանով սրբվում է, և ինչ էլ չի կարողանում հիշատակել, այն Քրիստոսի Մարմինն ու Արյունն է սրբում», որը բաշխվում է մեր «մեղքերի թողության համար»՝ ըստ Տիրոջ խոսքի (Մատթ. ԻԶ 26)։ Ի հավելումն՝ հարկ է նշել, որ ամեն մեղք չէ, որ թողության արժանանալու համար պարտադիր կերպով պետք է խոստովանվի անհատական խոստովանության ժամանակ։ Շատ մեղքեր թողնվում են նաև միայն ընդհանրական խոստովանությամբ։
«Ո՞վ կարող է իր հանցանքները տեսնել. իմ գաղտնիքներից մաքրի՛ր ինձ, Տե՛ր, և օտարներից պահի՛ր Քո ծառային, որ ինձ չտիրեն։ Այդժամ մեծ մեղքերից մաքուր ու անբիծ կլինեմ» (Սաղմ. 18:13)
Թողություն տալու իշխանություն ունեցող մարդկանց առաջ մեղքերի խոստովանությունը կիրառվել է դեռևս մովսիսական շրջանում, և այս մասին վկայություններ կան Աստվածաշնչում (Ղևտ. 5: 4-10, Թիվք 5: 6-7)։ Հովհաննես Մկրտչի մոտ գնացողներն էլ «Հորդանան գետում մկրտվում էին նրանից՝ խոստովանելով իրենց մեղքերը» (Մատթ. Գ 6, Մարկ. Ա 5)՝«մեղքերի թողության համար»։ Առաքյալներին նույնպես «հավատացյալներից շատերը գալիս խոստովանում էին ու պատմում իրենց արարքները» (Գործք ԺԹ 18)։
Սրտի անկեղծ զղջմանը նայելով է Աստված թողություն տալիս մեղավորին, ինչը Տերը ցույց է տալիս մաքսավորի օրինակով, ով «արդարացած գնաց տուն» Ղուկ. 18:14, սակայն մարդու առաջ կատարված անկեղծ խոստովանությունը նպաստում է մարդու խոնարհեցմանը, որն էլ մեզ վրա է իջեցնում Աստծո շնորհը. «Տերը հակառակ է ամբարտավաններին. Նա շնորհ է տալիս խոնարհներին» (Առակ. 3: 34, Հակ. 4: 6, Ա Պետ. 5: 5)։
«Իր ամբարշտությունը ծածկողը հաջողություն չի ունենա, բայց բացահայտողը և իրեն պախարակողը կդառնա սիրելի» (Առակ. ԻԸ 13)։
Չխոստովանված ու թողության չարժանացած, մարդու սրտի գաղտնարանում թաքնված մեղքը, որքան էլ, խղճի քարացման կամ քնեցման հետևանքով, թվա, թե մոռացվել ու անհետացել է, մի օր անպայման պիտի արթնանա, գլուխ բարձրացնի՝ խղճի տանջանք պատճառելով։ Քրիստոնյան հավատում է, որ, միևնույն է, «չկա ծածուկ բան, որ չհայտնվի, և ոչ գաղտնի բան, որ չիմացվի»(Մատթ. 10: 26), քանի որ Տեր Հիսուսի Երկրորդ գալստյանը դատաստանի առաջ է կանգնելու և իր բոլոր մեղքերն ամենքին հայտնի են դառնալու։ Բայց միայն այդ Մեծ դատաստանը չէ, որ սպասում է ամեն մարդու։ Իր մարմինն ու երկիրը լքող մարդուն սպասում է սատանայի կողմից հարուցվող մի մարտ, որը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդու հոգին լքում է մարմինը՝ գնալու հոգիների կայանները (օթևանները)՝ արդարների կամ մեղավորների, ուր ուրախալից հույսով կամ դառնությամբ պիտի սպասի Մեծ դատաստանի օրվա հատուցմանը։ Ըստ Եկեղեցու հայրերի ընդհանուր նկարագրության՝ մարդու մահվան ժամանակ հայտնվում է նրա հրեշտակը (կամ հրեշտակներ)՝ հոգին տանելու (հմմտ. Ղուկ. 16:22)։ Շարունակելի...
Հոգևոր Գրադարան «Մեղա Աստծո»