Անզայրացկոտության և դյուրագրգռության մասին.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հոգևոր քարոզներ 2018

Անզայրացկոտության և դյուրագրգռության մասին.
Երանի՜ նրան, ով հեշտ չի զայրանում կամ բորբոքվում: Նա մշտապես խաղաղ է: Վանելով իրենից բորբոքվածության և բարկացկոտության ոգին՝ նա հեռու է պատերազմից և խռովությունից, մշտապես հոգով հանգիստ է և դեմքով՝ բերկրուն: Ով հեշտ չի բարկանում և պարապ խոսքերից չի հուզվում, նա իրավացիության և ճշմարտացիության գործիչ է: Նա առանց ճիգի զսպում է շատախոսությամբ տառապողներին և համբերատար է նրանց հանդեպ: Նա չի վիրավորում, նրա հետ վատ բաներ չեն պատահում, նա վեճերից չի ուրախանում, քանզի բոլորի հանդեպ սեր է տածում:
Անզայրացկոտը վեճեր չի սիրում, այլ մշտապես ողջախոհ է, սիրում է խաղաղությունը և համբարետարության մեջ է մնում:
Ով իր մեջ հեշտ չի ընդունում դյուրագրգռության ոգին, նա Սուրբ Հոգու կացարան է դառնում: Դյուրագրգռություն չունեցողը չի վշտացնում Սուրբ Հոգուն: Նա կարող է և՛ հեզաբարո լինել, ունենալ և՛ սեր, և՛ համբերություն, և՛ խոնարհություն: Բարկության մեջ չընկնողը զարդարվում է ամենայն բարի գործով և սիրելի է Քրիստոսին: Այդ պատճառով նա է հիրավի երիցս երանելի, ով մշտապես վանում է իրենից զայրացկոտության և դյուրաբորբոքության ոգին, քանզի նրա թե՛ մարմինը, թե՛ հոգին, և թե՛ միտքն առողջ են:
Դյուրագրգռության մասին
Իսկ ով միշտ դյուրագրգռության մեջ է, հաճախ և շուտ է բարկանում նույնիսկ չնչին բաներից, թող լսի, թե ինչ է ասում առաքյալը.
Մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում (Հակ. 1, 20): Եվ հիրավի, ձախավեր և խղճուկ է նա, ով պարտվում է այդ կրքերից:
Քանզի զայրացկոտը, ինչպես ասում են, սպանում է իր հոգին: Եվ իրոք, բարկացկոտը սպանում և կործանում է իր հոգին, քանզի իր ողջ կյանքն անցկացնում է խռովության մեջ և հեռու է հանգստությունից: Նա օտար է խաղաղությանը, հեռու է նաև առողջությունից, քանզի և՛ մարմինն է անընդհատ հյուծվում, և՛ հոգին է տրտմում, և՛ մարմինն է թոշնում, և՛ դեմքն է դժգունանում,
և՛ միտքն է հարափոփոխ դառնում, և՛ գիտակցությունն է ուժասպառվում, և՛ խորհուրդներն են ջրի պես հոսում կորչում, բոլորի համար նա ատելի է:
Այդպիսի մարդը հեռու է երկայնամտությունից և սիրուց, հեշտությամբ խռովքի մեջ է ընկնում պարապ խոսքերից, դատարկ բանից վեճ է սարքում, որտեղ իր կարիքը չկա, այնտեղ խառնվում է գործին, և իր վրա ավելի ու ավելի մեծ ատելություն է բարդում: Այդպիսի մարդը սիրում է շատախոսությունը և պարծենում է անօգուտ բաներով: Նրան հաճելի է չարախոսությունը, հեզության կարողություն չունի, իսկ խորամանկության մեջ արի է: Եվ ո՞վ չի արտասվի նրա համար: Նա նողկալի է Աստծո և մարդկանց
առջև: Քանզի դյուրագրգիռը ամեն ինչում անտանելի է: Ուստի զգուշացե՛ք դյուրագրգըռությունից:
Սուրբ Եփրեմ Ասորի <<Խրատներ>>

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 15.20
Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին Պտուղը.  քանզի մի մարդով մահ եղաւ, եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն: Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան՝  իւրաքանչիւրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, եւ ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստեանը.  եւ ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծոյ եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն.  որովհետեւ նա պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ:  Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է. եւ Աստուած «ամէն ինչ հնազանդեցրեց՝ դնելով նրա ոտքերի տակ»: