Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
Առաքինությունների և արատների մասին.
Բարեբանում եմ ձեր կյանքը, քրիստոսասերնե՛ր, քանզի այն լեցուն է բարի անվեհերությամբ, սակայն նզովյալ է սեփական կյանքն իմ, որովհետև ոչ մի բանի պիտանի չէ:
Բարեբանում եմ ձեզ, սիրեցյալնե՛րս, ձեր արդար վարքով դուք սիրելի դարձաք Աստծուն և հրեշտակներին:
Բայց ո՞վ կողբա ինձ, որ բարկացրի Աստծուն իմ ունայն գործերով: Երանյալ եք դուք, որ ձեր առաքինի վարքի և անսահման սիրո համար դարձել եք դրախտի ժառանգորդներ:
Հիանում եմ ձեզանով, որ հոգևոր օգուտի համար չծուլացաք այդպիսի երկար ուղի կտրել: Եվ առավել զարմանալի է ինձ համար, որ եկել եք անարժան և մեղքերի համար դատապարտված մի մարդու մոտ և նրանից օգտավետ խոսք եք պահանջում: Հիրավի զարմանալի բան. հագեցածներն եկել են քաղցից հյուծվածի մոտ, Հոգու ցողով լիացածներն եկել են ծարավից պապակածի մոտ.
առաքինության քաղցրությունները կրողները` արատավոր դառնությամբ լեցունի, հարուստները՝ աղքատի, իմաստունները` խղճով տկարացածի, Աստծուն հաճո դարձածները` Նրան զայրացնողի,
ազատները` գերու, ժրաջանները` անփութաջանի մոտ:
Դուք զարմանքի եք արժանի ձեր առաքինություններով, իսկ ես` անխոհեմս, կարոտ եմ դրանց:
Դուք, ժուժկալությամբ զարդարվելով, հաճո եք Աստծուն, իսկ ես` անհոգս, պարսավանքի եմ ենթակա:
Դուք ձեր բարի գործերով և գովելի առաքինությամբ դարձաք Քրիստոսի բուրմունքը (ԲԿորնթ. 2: 15), իսկ ես իմ փափկասունությամբ և ծուլությամբ լիովին գարշահոտություն դարձա:
Եւ այսպես, հիրավի զարմանալի է, որ այդչափ առավելություններ ունենալով՝ եկել եք ինձ մոտ, մի մարդու, ով ինքն իրեն չի կարող օգտակար լինել:
Եվ դուք՝ քրիստոսասերներդ, խոհեմ վարվեցիք`մտադրվելով նեցուկ դառնալ իմ փափկասունությանը, փութեռանդ դարձնել իմ ծույլ հոգին, որպես ապավեն և զորավիգ ուժ ծառայել իմ անփութաջանությանը, քանզի դուք ինքներդ` որպես կատարյալներ, ոչ մի բանում թերություն չունեք:
Քանի որ առաջնորդվելով հեզամտությամբ՝ օգտավետ խոսք եք պահանջում ինձնից` անարժան մարդուց, և կամենալով մերկացնել կյանքն իմ` հրամայում եք, որ դա ես ինքս անեմ, այն է` բերեմ խոնարհության պտուղը, ուստի ես խոսքս կասեմ, բայց կասեմ ամոթահար: Որովհետև եթե սկսեմ մերկացնել ուրիշների, ապա ինքս ինձ կմեղադրեմ: Այդժամ իրավամբ ինձ կասվի Փրկչի խոսքը.
Բժի՛շկ, բժշկի՛ր ինքդ քեզ (Ղուկ. 4, 23):
Բայց քանզի Տերը և բոլորի Փրկիչն Ինքն է ասում. ամեն` ինչ որ նրանք ձեզ ասեն, արե՛ք և պահեցե՛ք, բայց մի՛ արեք ըստ նրանց գործերի (Մատթ. 23,3), ուստի, թեկուզ և անմաքուր եմ ես, սակայն կարողանում եմ ճիշտ խորհուրդ տալ, դրա համար էլ, հայացք նետելով այս հրեշտակային վարքին, ես բարեբանեցի նրա յուրաքանչյուր առավելությունը: Արդար ու բարեպաշտ կյանքով ապրողին, առաքինի վարքով փայլողին արդյոք ո՞վ չի բարեբանի նրան սպասող անպարագրելի ու անսահման բարիքների համար: Եվ ո՞վ չի արտասվի այն մարդու համար, ով անփույթ է ապրում և իր
խղճուկ գործերի համար գտնվում է երկնային արքայությունից դուրս և իր անհաջողության համար վտարվել է հարսանեկան սրահից (Մատթ. 25, 11):
(Եվ այս խոսքերը ասում է Սուրբ Եփրեմ Ասորին` խոնարհաբար ու զղջումով):
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մարկոսի 2:3
Եւ նա նորից ժողովարան մտաւ. այնտեղ կար մի մարդ, որի ձեռքը չորացած էր: Եւ ուշադրութեամբ դիտում էին նրան՝ տեսնելու, թէ շաբաթ օրով նրան կբժշկի՞, որպէսզի ամբաստանեն նրան: Եւ Յիսուս ասաց այն մարդուն, որի ձեռքը չորացած էր. «Վե՛ր կաց, մէջտե՛ղ արի»: Ապա ասաց նրանց. «Շաբաթ օրով ի՞նչ բան է օրինաւոր անել. բարի գո՞րծ գործել, թէ՞ չարիք անել. մի հոգի՞ ազատել, թէ՞ կորստեան մատնել»: Եւ նրանք լռեցին: Եւ Յիսուս, ցասումով լցուած, նայելով նրանց եւ տրտմելով նրանց սրտի կուրութեան համար, ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»: Եւ նա երկարեց, ու նրա ձեռքը առողջացաւ:
Post Views: 2,042