Համբերություն ունեցողի և չունեցողի մասին.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Համբերություն ունեցողի և չունեցողի մասին.
Եղբայրնե՛ր, երանյալ է նա, ով համբերության տեր է լինում, քանզի համբերության մեջ հույս կա, իսկ հույսը երբեք չի ամաչեցնում (Հռոմ. 5: 5): Հիրավի երանյալ և երիցս երանյալ է նա, ով համբերություն ունի. ով մինչև վերջ համբերի, նա պիտի կփրկվի (Մատթ. 10: 22): Եվ ի՞նչն է ավելի լավ այդ ավետիսից: Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ, ովքեր ապավինում են նրան.(Նաում 1:7):
Եղբայրնե՛ր, արդյոք գիտե՞ք, թե որքան է գնահատվում համբերությունը: Թե՞ այդ առթիվ էլ հարկ է, որ խոսքեր փնտրեմ ձեզ վկայելու համար: Համբերությունն առանձին չի լինում. նրա պահանջը կա բազում առաքինություններում: Համբերողը հասնում է ամենայն առաքինության: Վշտերի մեջ նա բերկրում է, կարիքների մեջ իրեն բարեվայելուչ է պահում, գայթակղությունների մեջ սքանչանում է: Նա պատրաստ է հնազանդության, զարդարված է երկայնամտությամբ, լցված է սիրով: Վիրավորանքների համար նա օրհնում է, վեճերի մեջ խաղաղ է լինում, մնջանքի մեջ արի է, սաղմոսերգության մեջ ծույլ չէ, պահքերին պատրաստ է, աղոթքներում համբերատար է, գործերի մեջ անխոտոր է, պատասխանների մեջ ուղղամիտ է, հանձնարարությունը կատարելիս բարեհնազանդ է, կյանքում փութաջան է, ծառայություններ մատուցելիս սիրալիր է, վարվեցողության մեջ առինքնող է, միաբանական համակեցության մեջ հաճելի է, խորհրդակցելիս քաղցրաբարո է, հսկումների մեջ մռայլ չէ, թափառականներին խնամելիս ջանադիր է, անկյալներին խնամելու մեջ պատրաստակամ է, դժվար կացության մեջ առաջին օգնականն է, միտքը սթափ է, ամենայն բանում բարի է:
Համբերություն ձեռք բերողը հույս է ձեռք բերում: Քանզի նա զարդարված է ամենայն բարի գործով: Այդ պատճառով էլ համարձակորեն ձայնում է Աստծուն՝ ասելով.  համբերությամբ սպասեցի Տիրոջը,  և նա նայեց ինձ և լսեց իմ աղոթքը (Սաղմ. 39: 2):
Համբերություն չունեցողների մասին
Ձախավեր և խղճուկ է նա, ով համբերության տեր չի լինում: Այդպիսիներին Սուրբ Գիրքը սպառնում է վշտով: Վա՜յ, ձեզ, – ասում է,– որ կորցրել եք համբերությունը (Սիրաք 2, 16):
Եվ հիրավի վա՜յ նրան, ով համբերություն չունի: Նա այս ու այն կողմ է թռչում քամուց քշված տերևի պես և վիրավորանքները չի տանում, վշտերի մեջ անհոգության է մատնվում: Նրան հեշտ է ներքաշել վեճերի մեջ: Որտեղ հարկ է համբերել, այնտեղ տրտնջում է: Որտեղ հնազանդություն է պետք, այնտեղ հակաճառում է: Աղոթքների մեջ ծույլ է, հսկումներում տկար է, պահքերում մռայլ է, ժուժկալության
մեջ անփութաջան է, պատասխանների մեջ դանդաղկոտ է, գործերի մեջ անճշտապահ է, խորամանկության մեջ անկոտրում է, զբաղմունքների մեջ` ինքնակամ, վիճելիս արի է, մնջանքի մեջ` անուժ:
Խրախուսանքի արժանի մարդկանց նա հակառակորդ է և առաջադիմողներին`մրցակից: Համբերություն չունեցողը բազում զրկանքների է ենթարկվում և ի զորու չէ առաքինի դառնալու: Քանզի համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ (Եբր. 12: 1): Համբերություն չունեցողը զուրկ է ամենայն հույսից: Ուստի և ամեն ոք, ով ինձ նման անհամբեր է, պաղատում եմ, որ համբերության տեր լինի, որպեսզի փրկվի:
Սուրբ Եփրեմ Ասորի <<Խրատներ>>

Օրվա ընթերցվածք.

Պողոս առաքյալի Ա թուղթը կորնթացիներին 14.18-25
Գոհութի՜ւն Աստծոյ. ձեր բոլորից աւելի շատ լեզուներ եմ խօսում. բայց որպէսզի ուրիշներին էլ սովորեցնեմ, եկեղեցում կամենում եմ հինգ խօսք խօսել խելքով, քան բազում խօսքեր՝ լեզուով: Եղբայրնե՛ր, մտքով երեխայ մի՛ եղէք, այլ եղէք երեխայ չարութիւն գործելու մէջ, բայց մտքով եղէք չափահաս.  քանզի օրէնքում էլ գրուած է. «Օտար լեզուներով եւ օտարոտի շրթունքներով պիտի խօսեմ այդ ժողովրդի հետ, սակայն եւ այնպէս չպիտի լսեն ինձ»:  Ապա ուրեմն, լեզուները նշան են. բայց ոչ՝ հաւատացեալների, այլ՝ անհաւատների համար. իսկ մարգարէութիւնը ոչ թէ անհաւատների համար է, այլ՝ հաւատացեալների:  Իսկ եթէ ամբողջ եկեղեցին ի մի վայր հաւաքուի, ու բոլորն էլ լեզուներ խօսեն, եւ այնտեղ մտնեն անգէտներ ու անհաւատներ, չե՞ն ասի, թէ՝ դուք գժուել էք:  Իսկ եթէ բոլորն էլ մարգարէանան, եւ այնտեղ մի անհաւատ կամ անգէտ մտնի, կյանդիմանուի բոլորից եւ բոլորից կքննուի,  ու նրա սրտի գաղտնիքները յայտնի կլինեն. եւ ապա, երեսի վրայ ընկած, կերկրպագի Աստծուն ու կխոստովանի, թէ՝ «Արդարեւ, ձեր մէջ է Աստուած»: