Սիրո մասին և սիրազուրկների մասին
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում:
Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ (Ա Հովհ. 4:16):
Ում մեջ սեր կա, նա Աստծու հետ ամեն ինչից գերիվեր է: Ում մեջ սեր կա, նա չի խորշում ոչ մի բանից` փոքրից և մեծից, փառավորից և անփառունակից, աղքատից և հարուստից. ընդհակառակը`ինքն է բոլորի առջև խոնարհ լինում, մշտապես հույս է տածում... ամեն բանի դիմանում է. (Ա Կորնթ. 13, 7): Ում մեջ սեր կա, նա իրեն ոչ մեկից գերիվեր չի համարում, ոչ մեկի առջև իրեն չի փառաբանում, և ինքը ոչ մեկին չի զրպարտում և զրպարտողներից լսելիքը հեռացնում է: Ում մեջ սեր կա, նա կեղծավոր և ոլոր- մոլոր ուղիով չի քայլում, ինքը չի գայթում և թույլ չի տալիս, որ եղբայրը գայթի: Ում մեջ սեր կա, նա չի մրցակցում, չի նախանձում, չի նայում ատելի աչքով, չի ուրախանում ուրիշների անկումով, չի զրպարտում ընկածին, այլ կարեկցում է նրան և հոգ է տանում նրա մասին, եղբորը զրկանքի մեջ չի արհամարհում, այլ պաշտպանում է և պատրաստ է մեռնելու նրա համար: Ում մեջ սեր կա, նա Աստծո կամքն է կատարում, նա Աստծո աշակերտն է: Քանզի մեր բարեգութ Տերն Ինքն է ասում. Սիրեցե՛ք միմյանց (Հովհ. 13, 35-34): Ում մեջ սեր կա, նա ոչ մի բան երբեք չի սեփականում, ոչ մի բանի մասին չի ասում՝ սա իմն է, բայց իր ունեցած ամեն ինչը առաջարկում է բոլորին՝ ընդհանուր օգտագործման համար:
Ում մեջ սեր կա, նա ոչ մեկին իրեն օտար չի համարում, այլ ամենքն իր համար յուրային են:
Ում մեջ սեր կա, նա բարկությամբ չի գրգռվում, չի գոռոզանում, զայրույթով չի բռնկվում, անիրավության համար չի ուրախանում, չար բան չի խորհում, ոչ մեկին չի համարում իր թշնամին՝ բացի սատանայից: Ում մեջ սեր կա, նա ամեն ինչում համբերատար է... բարեգութ է... երկայնամիտ է (Ա Կորնթ. 13, 4-7):
Ուստի երանյալ է նա, ով սեր է ձեռք բերել և նրանով վերաբնակվել Աստծո մեջ, քանզի Աստված գիտե յուրայիններին և կընդունի նրանց իր գիրկը:
Սեր սերմանողը կլինի հրեշտակների կենակիցը և կթագավորի Քրիստոսի հետ:
Բանն Աստված սիրո՛վ երկիր իջավ:
Մեզ համար դրախտը սիրո՛վ է բացված, և ամենքին ցույց է տրված երկնքի դուռը:
Մենք սիրո՛վ ենք հաշտվել Աստծու հետ, որ նրա թշնամիներն էինք:
Ուստի ճշմարիտ ենք ասում, որ Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ:
Դժբախտ և խղճալի է նա, ով հեռու է սիրուց: Նա իր օրերն անցկացնում է նիրհուն զառանցանքում: Եվ ո՞վ չի լա այն մարդու համար, ով հեռու է Աստծուց, զուրկ է լույսից և ապրում է խավարի մեջ: Ուստի ասում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ում մեջ Քրիստոսի սերը չկա, նա Քրիստոսի թշնամին է: Ճշմարիտ է ասում Առաքյալը, թե ով ատում է եղբորը, մարդասպան է (Ա Հովհ. 3: 15), և խավարի
մեջ է շրջում (Ա Հովհ. 2: 11) և հոժարակամ դառնում է ամենայն մեղքի որսը:
Ում մեջ սեր չկա, նա շուտ է բորբոքվում, շուտ է զայրանում, շուտ է ատելությամբ լցվում:
Ում մեջ սեր չկա, նա ուրախանում է ուրիշների մասին անիրավություն լսելով, չի կարեկցում անկյալին, ձեռք չի մեկնում ընկածին, խորհուրդ չի տալիս տապալվածին, չի սատարում տատանվողին: