Աշխարհսիրության և արծաթսիրության մասին են խրատում սուրբ Հայրերը.
Երբ դու ցանկանում ես ապրել աշխարհի հետ, ապա դու առաջին շնացողն ես, և քո արարքը դեմ է Աստծուն, որովհետև դու ամեն գնով ձեռք ես բերում քեզ հաճելի բաներ, անտեսելով, թե ում նեղացրիր, ում սիրտը կոտրեցիր, ում գայթակղեցիր, ում զրկեցիր, ում արհամարհեցիր և այլն: Օճառն ու ջուրը մեղավոր չեն, որ դու կեղտոտ ես, ինքդ պարզիր ձեռքդ և վերցրու քեզ մաքրելու համար: Աստծո շնորհը բավարար է ամեն փորձություն հաղթահարելու համար: Իսկ եթե հարցնես, թե ինչո՞ւ արթնություն չեղավ այսքան քարոզից հետո, քեզ կասեմ, որ մենք չենք սգում մեր մեղքերի համար և մնում ենք մեր մեղքերի մեջ անզեղջ: Մենք` մարդիկս չունենք այնպիսի մի հատկություն, որ գերի Աստծուն, ուրեմն հրաժարվենք ինքնափրկումի անօգուտ ջանքերից և հառենք մեր աչքերը Խաչին ու Խաչյալին, որով եղավ մեր փրկությունը:
Ուշադրություն դարձրու քո անցած կյանքին և խորհիր, թե ի՞նչ ես արել և թե ինչո՞ւ ես այդպես արել, և թե ինչպիսի՞ն է քո գործերը, ո՞ւմ հետ ես անցկացրել կյանքիդ օրերը, կամ ո՞վ օգտվեց քո գործերից
երկրի վրա, ո՞ւմ ես ուրախացրել քո մարտնչումով, որպեսզի Նա՝ Տերը, ընդառաջ գա քեզ հոգուդ ելքի ժամանակ: (Իսահակ Ասորի)
Ասա ինձ, եթե զավակիդ արհեստ սովորելու տայիր, իսկ նա միշտ մնար տանը կամ ուրիշ տեղ խաղար, վարպետը չէ՞ր հրաժարվի նրանից, ասելով.
«Դու ժամանակ որոշեցիր, որպեսզի զավակդ արհեստ սովորի, սակայն այսքան ժամանակվա մեջ, տակավին ոչինչ չի սովորել, որովհետև երբեք չեկավ իմ մոտ, և այս իրողությունը հարկ է, որ իմացնեի քեզ»: Նույնպես և Աստված ասում է. «Ձեզ ժամանակ տվեցի, որպեսզի երկյուղածության, աղոթքի և բարեգործության արվեստը սովորեք, իսկ դուք պարապ տեղը ի՞նչ բանի համար վատնեցիք այդ: Ինչո՞ւ հաճախակի կերպով վարդապետների մոտ գնալով ուշադրություն չդարձրեցիք ասված խոսքերին և առաքինի գործեր չկատարեցիք»: (Բարսեղ Մաշկևորցի):
Ցանկանո՞ւմ ես թագավորել, քեզ մեծ թագավորություն ցույց կտամ, նախ տիրապետիր քեզ և այն ժամանակ ամենքը կհնազանդվեն քեզ: (Վարդապետների ասածից):
Աշխարհի սերը և Աստծո սերը չեն կարող համատեղ բնակվել մի սրտում, ինչպես որ նույն աչքերը չեն կարող միաժամանակ նայել երկինք ու երկիր (Օգոստինոս Երանելի):
Ինչքան աշխարհից հեռու, այնքան Աստծուն մոտ:(Մարկոս Ճգնավոր):
Ով հասավ հոգևոր գիտությանը՝ դուրս եկավ այս աշխարհից, իսկ ով մնաց անգիտության մեջ՝ մնաց այս աշխարհում (Եվագր Պոնտացի):
Ինչպես որ մտրակից, այնպես էլ խուսափիր այնպիսի վայրերից, որտեղ սայթաքելու և ընկնելու վտանգներ կարող են լինել, քանի որ երբ մենք չենք տեսնում արգելված պտուղը, այդքան անհագորեն չենք ցանկանում այն: Հովհաննես Սանդուղք:
Երեքն են, որ խաբում են մարդուն, այսինքն՝ սատանան, այս աշխարը և մեր մարմինը. աշխարհն աղաղակում է՝ ես պակասելու եմ, սատանան՝ ես խաբելու եմ, մարմինը՝ ես ապականվելու եմ, իսկ
Քրիստոս՝ Ես նորոգելու եմ: Ո՛վ մարդ, ընտրիր, թե ում ես կամենում հետևել: (Վարդապետների ասածից):