Կիրակի, որ կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հոգևոր քարոզներ 2018

Կիրակի, որ կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի.

Այսպես է կոչվում Զատիկին հաջորդող երկրորդ կիրակին, որը Եկեղեցու տոներից մեկն է: Այդ կիրակի Եկեղեցին տոնում է քրիստոնեական առաջին Եկեղեցու՝ Երուսաղեմի այն Վերնատան հիշատակը, որտեղ խորհրդավոր ընթրիքին Փրկիչը հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը, ուր Պենտեկոստեի օրն իջավ Սուրբ Հոգին, որտեղ այնուհետև հավաքվում էին առաքյալներն ու առաջին քրիստոնյաները՝ մշտապես աղոթելով և հաղորդվելով: Այսպիսով, Երուսաղեմի վերնատունը եղավ առաջին քրիստոնեական մատուռը՝ նախօրինակը քրիստոնեական եկեղեցիների, որի համար էլ այն կոչվում է աշխարհամատուռ (այստեղից էլ՝ աշխարհամատրան): Աշխարհամատրան հիշատակի օրը կոչվում է նաև Կանաչ կիրակի՝ իբրև խորհրդանիշ հոգևոր ծաղկունքի: Դժբախտաբար, աշխարհամատուռ կոչման մասին շատ քիչ տեղեկություններ ունենք: Աշխարհամատուռը մեզ հիշեցնում է քրիստոնեության առաջին մատուռը, որը հիմնվեց առաքյալների կողմից: Առաքյալները Հիսուսի կարգադրության համաձայն, Իր Համբարձումից հետո, հավաքվում էին վերնատան մեջ, հիշում էին իրենց Վարդապետին և կատարում էին Վերջին Ընթրիքի ժամանակ Նրա տված պատգամը: Օրհնում էին հացն ու գինին, միասին աղոթում, և միասնաբար ճաշում: Հավաքական կյանք էին ապրում, սեղանը հասարակաց էր, և համայնական կենցաղի գաղափարը իշխում էր բոլորի մոտ: Անհատական սեփականություն չկար, այլ ամեն բան հավաքական էր: Մեկը` բոլորի և բոլորը` մեկի համար: Նման հավաքույթների առաջին աղոթավայրը կոչվեց աշխարհի առաջին եկեղեցին, աշխարհամատուռ և դրա հիշատակին եկեղեցու մեջ նշանակվեց տոնական մի օր: Պատարագից հետո հասարակաց սեղանի շուրջ հավաքվում էին առաջին դարի քրիստոնյաները և ճաշում էին միասնաբար. այս ճաշը կոչվում էր սիրո ճաշ: Հայաստանյայց եկեղեցում ևս, սկզբնական շրջանում այս սովորությունը կար: Հայ հավատացյալներն իրեն հետ եկեղեցի էին բերում հաց, գինի,  ուտելիք և ճաշակում էին Պատարագից հետո: Աշխարհամատրան տոնը եկեղեցական և կրոնական իմաստով մեծ նշանակություն ունի, այն Քրիստոսի հաստատած կատարյալ եկեղեցին էր, և այս օրերի և քրիստոնյա աշխարհի, մանավանդ եկեղեցու առաջնորդների երազած իդեալ եկեղեցին է, ուր բոլոր քրիստոնյաները կարող են միասնաբար աղոթել, հաղորդվել և գործել:
Մենք էլ որպես առաջին քրիստոնյաներ, առաջին եկեղեցու հիմնադրման տոնի առթիվ հավաքվենք մեր եկեղեցիներում խոսելու մեր Տիրոջ հետ` Իր ձեռքով հաստատած Տան մեջ:
Միասնական աղոթք բարձրացնենք մեր թանկ զավակների` Հերոս նահատակների հոգու հանգստության և նրանց թափած անմեղ արյան` որ հեղվեց Հայրենիքի, եկեղեցու և ընտանիքի սրբության համար: Աղոթք բարձրացնենք այս պահին սահմանին կանգնած զինվորի կյանքի անվտանգություն և սահմանների անսասանության համար: Աղոթենք մեր ազգի հոգևոր արթնության համար, աղաչենք Աստծուց իմաստություն մեր ազգի մեծի ու փոքրի համար: Խնդրենք Տիրոջ մեծ ողորմությունը մեզ միավորված պահելու մեր մայր եկեղեցու ներսում, միասիրտ մտածելու և միասնաբար պայքարելու մեր ընդհանուր թշնամու` մեղքի դեմ: Պահիր մեզ Տեր, Քո նախախնամական տեսչության արթնությամբ` չսխալվելու համար: Փառք, Պատիվ, Իշխանություն և Զորություն Քեզ, Հոր և Սուրբ հոգու հետ միասին այժմ և հավիտյան, Քո պահած ու պաշտպանած Հայ ազգի կողմից:

Շարական
Խնդա և զվարճացիր Աստծո հարսնացած եկեղեցի, որովհետև Տերերի Տերը քեզ ընտրեց և հաճեց քո մեջ բնակվել:
Երկրպագում ենք Քեզ Քրիստոս Թագավոր, որ սուրբ Առաքյալներիդ միջոցով Քեզ ճանաչեցրիր, մեր հայրերի Տեր Աստված:
Լուսավորվիր, լուսավորվիր Ընդհանրական Եկեղեցի, որովհետև Հորից աստվածային լույսի շող ծագեց քեզ վրա և լուսավորեց քո զավակներին:

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 16.13-19
Եւ Յիսուս, Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով, հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում. ո՞վ է մարդու Որդին»: Եւ նրանք ասացին. «Մէկը թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք թէ՝ Երեմիան կամ մարգարէներից մէկը»: Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում. ո՞վ եմ ես»: Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծոյ Որդին»:  Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է:  Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ Եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն:  Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»: