«Հիշեցեք ձեր առաջնորդներին, որոնք ձեզ Աստծո խոսքն ասացին: Նայելով նրանց կյանքի ընթացքի վիճակին, հետևող եղեք նրանց հավատին» (Եբր. 13:7-8):
Ո՞ւր են նրանք, որոնք ասում են, թե ինչո՞ւ սատանան եղավ: Իրականության մեջ բանսարկուն ոչինչ չի անում, այլ՝ մենք: Թեև այս բաներն ասելու իրավունք ունեն ավելի միայնակյացները, որոնք իրենց մտածումները մաքրել են և ինչքերն ու այլ բաներն արհամարհելուց հետո՝ հանձն առել հրաժարվելու իրենց հայրերից ու մայրերից, տներից ու այլ շատ բաներից, սակայն նրանք նման խոսքեր չասացին,
այլ միայն նրանք, ովքեր ասելու պատճառ չունեին, և սրանք են ասում, թե սատանան է ընչասիրության պատճառը և նա է մեր մեջ առաջացնում պոռնկության չար խորհուրդը: Եթե իսկապես նա է պատճառը, պետք է փախչեիր, այլ ոչ թե հանձն առնեիր, իսկ երբ հոժարում ես, այնժամ ոչ թե սատանան է մեղադրելի, այլ դու:
Երբ մեկն աղբն իր տնից դուրս թափի իսկ մեկ ուրիշը ամբողջությամբ այն իր տունը տանի, ոչ թե աղբ թափողին, այլ վերցնողին պիտի մեղադրենք և անվանենք անմիտ: Այսպես էլ հիմա գիտես, որ արծաթսիրությունը բանսարկուից է, նաև ժահահոտ ու գարշելի աղբի նման չար և աղտոտ շնության խորհուրդը նա է մեջդ սերմանում, իսկ դու առանց անդրադառնալու պատրաստակամությամբ այն
ընդունում ես: Պետք է նմանօրինակ ամեն բանից էլ խույս տալ և կամաց-կամաց ձերբազատվել: Ինչպես որ մեր ճամփան շեղելով հեռանում ենք աղբանոցից, նույնպես և դու փախիր ընչասիրությունից և աղտեղի խորհուրդներից:
Եվ ի՞նչ, ցանկանում ես հավիտենական կյանքը ժառանգել և առարկում ես, թե ինչպես ներկա կյանքն արհամարհե՞մ:
Ուզում ես արքայական ծիրանի հագնել և ասում ես, թե ինչպե՞ս մերկանամ ցնցոտիներիցս:
Թագավորի պալատում պետք է բնակվես ու բազմես և ասում ես, թե ինչպե՞ս ատեմ աղքատիկ հարկս:
Իսկապես, ամեն ինչի պատճառը մենք ենք, որ չենք ուզում մեր հայացքը մի քիչ վեր բարձրացնել, մինչ նրանք, որ փորձեցին, շատ հեշտությամբ հաջողության հասան:
(Բարսեղ վարդապետ Մաշկևորցի)
Աստուած մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար եւ արարել է նրան ըստ իր բարերարութեան պատկերի։
Մահը աշխարհ է եկել բանսարկուի նախանձով. եւ ովքեր նրա բաժինն են, նրանք էլ պիտի կրեն այն։
Բայց արդարների հոգիներն Աստծու ձեռքին են, եւ մահը չի մօտենալու նրանց։