Սուրբ Կոստանդիանոս թագավորի և նրա մոր` Հեղինեի հիշատակության օրն է այսօր:
Ս. ԿՈՍՏԱՆԴԻԱՆՈՍ ՄԵԾ (306-337)
Դժվար է պատկերացնել, թե ինչպիսի ընթացք կունենար աշխարհի պատմությունը առանց ս. Կոստանդիանոս Մեծ կայսեր, որը Եկեղեցու պարծանքն է և երկրային տիրակալների ճշմարիտ տիպարը:
Երբ 312 թ. Կոստանդիանոսը ստիպված է լինում արշավել Հռոմ՝ կայսրության մայրաքաղաքում ամրացած ինքնակոչ բռնակալ Մաքսենտիոսի դեմ, վճռական ճակատամարտից առաջ հանկարծ երկնքում դեպի մայրամուտ իջնող արևի վրա տեսնում է հստակ ուրվագծվող խաչի լուսեղեն նշանը՝ աստղանման գրությամբ. «Սրանո՛վ հաղթիր»: Տեսիլքը երևում է նաև նրա զորքին, ինչից բոլորը համակվում են երկյուղով: Այդ գիշեր Կոստանդիանոսին երազում հայտնվում է Քրիստոս նույն նշանով հանդերձ և պատվիրում, որ նա խաչի պատկերը զետեղի դրոշների ու զինվորների զրահների վրա իբրև հաղթության և անխորտակելի զորութան խորհրդանիշ: Վարվելով ըստ վերին հրամանի՝ Կոստանդիանոսի բանակը, քանակով զգալիորեն զիջելով հանդերձ թշնամուն, լիակատար հաղթանակ է տանում: Այդ հաղթանակի պատվին Հռոմում կառուցվում է հսկայական հաղթակամար, որը կանգուն է մինչև այսօր:
Ապրելով հանդերձ քրիստոնյայի կյանքով՝ Կոստանդիանոսը շարունակ հետաձգում էր իր մկրտությունը՝ թերևս գիտակցելով խորհրդի վեհությունը և իրեն անպատրաստ համարելով: Եվ միայն կյանքի վերջում, զգալով մոտալուտ մահը, նա մկրտվում է և աղոթքը շուրթերին ավանդում հոգին 377 թ. մայիսի 21-ին:
Կոստանդիանոսին իր մահից հետո պատմիչները պատվեցին Մեծ մականունով, իսկ Եկեղեցին սրբերի շարքը դասեց, քանզի նա, արդարև, սրբությամբ ավարտեց իր կյանքը, և նրա գործերն անգնահատելի նշանակության ունեցան Եկեղեցու և համայն մարդկության պատմության համար:
Հայ Եկեղեցին ս. Կոստանդիանոս Մեծի հիշատակը տոնում է Հոգեգալստյան երրորդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ իր մոր՝ ս. Հեղինե թագուհու հետ միասին:
Ս. ՀԵՂԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ (250-330)
Ս. Կոստանդիանոսի Մեծի մայրը՝ ս. Հեղինե թագուհին, Եկեղեցու կյանքում փայլեց ոչ միայն իր առաքինի վարքով և իր որդուն դեպի քրիստոնեական հավատն ուղղորդելով, այլև այն մեծ ու եզակի առաքելությամբ, որի շնորհիվ առավել փառավորվեց քրիստոնեությունը, և առավել պայծառացավ Եկեղեցու փառքը:
Աստված երանելի թագուհու սրտում դրել էր Քրիստոսի խաչափայտը գտնելու մեծ ցանկությունը, որի համար նա 326 թ. ուղևորվում է Երուսաղեմ: Այստեղ իմանալով, որ Տիրոջ խաչափայտը թաղված է այնտեղ, ուր կառուցված է Վեներայի հեթանոսական տաճարը, թագուհին հրամայում է քանդել այն և փորել հիմքերը, մինչև որ գտնվում են երեք խաչափայտեր: Դրանց մեջ տերունականը հայտնի է դառնում շնորհիվ այն բանի, որ մի մեռյալ հրաշքով հարություն է առնում, երբ դրվում է նրա վրա: Խաչափայտի գյուտը մեծ ցնծություն է առաջացնում ողջ Երուսաղեմում, և ժողովուրդը գալիս է տեսնելու և երկրպագելու նրան:
Ս. Հեղինեն մնում է Պաղեստինում ևս երկու տարի, որի ընթացքում կարգադրում է եկեղեցիներ հիմնել Քրիստոսի տնօրինական վայրերում. Գողգոթայում՝ Փրկչի գերեզմանի վրա, Ձիթենյաց լեռան վրա, որտեղից Նա համբարձվեց, Բեթղեհեմում՝ Տիրոջ ծննդավայրում, ինչպես նաև Քեբրոնում, որտեղ Աստված հայտնվել էր Աբրահամին: Այսպես սուրբ թագուհու ջանքերով Պաղեստինը, որը հռոմեական կայսրերի կողմից վերածվել էր հեթանոսական երկրի, դառնում է քրիստոնեկան ուխտատեղի: Ս. Հեղինեն նպաստում է նաև Պաղեստինում կուսանոցների հաստատմանը, որոնցում միառժամանակ ապրում է սպասուհու խոնարհ կարգավիճակով: Սուրբ թագուհին փառքով վերադառնում է Կոստանդնուպոլիս՝ իր հետ բերելով սուրբ խաչափայտի մասունքը, և կարճ ժամանակ անց, 330 թ., հարազատ որդու գրկում խաղաղությամբ ավանդում է հոգին 80 տարեկան հասակում: