Սուրբ Էջմիածնի տոնն է այսօր. «Միածնաէջ Տաճար անշարժ, հրաշակերտ, Դուն Տիրոջ Տուն՝ ես խորհուրդիդ աշակերտ»:

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

«Միածնաէջ Տաճար անշարժ, հրաշակերտ, 
Դուն Տիրոջ Տուն՝ ես խորհուրդիդ աշակերտ» (Դ.Վ. Շամենց)
Սուրբ Էջմիածնի տոնն է այսօր. Ոչ ոք այսօր իրավունք չունի անհարկի տանը մնալու, բոլորս պետք է դուրս գանք, եկեղեցի գնանք ու մասնակցենք Պատարագի ընդհանրական աղոթքին, դառնանք մի հոտ, որի աղոթքին է սպասում Աստված: Շնորհավորում եմ բոլորին այս կարևոր տոնի առթիվ.
Երանի նրանց, որոնք լսեցին քարոզը այն մասին, թե ինչ խոստացավ Տերը իրեն հետևողներին և ինչ պարգև տվեց նրանց, որոնք Իր խոսքը պահեցին, թողնելով տուն, եղբայր, քույր, հայր ու մայր: Ահավասիկ` այսօրվա տոնի հիմքը այդ խոստման մասին է: Սուրբ Գրիգոր Լուսավորիչը թողեց ամեն բան Հիսուս Քրիստոսի անվան համար, և որպես վարձատրություն` իր չարչարանքների` արժանացավ մի ողջ ազգ քրիստոնյան դարձնելու պատվին, և նրան միայն ցույց տրվեց այսօրվա Սուրբ Էջմիածնի կառուցման տեղը:
Իսկ ինչ ենք թողնում մենք` քրիստոնյա դարձածներս, Հիսուս Քրիստոսի անվան համար: Նույնիսկ կիրակի օրը մեր անկողինը չենք լքում, մեր քունը չեն ընդհատում, երկու ժամ եկեղեցում ընդհանուրի հետ աղոթքի կանգնելու, ծնկի գալու, խնդրելու և թողություն ստանալու: Խորհենք այս մասին...
Այս տոնը կատարվում է Ս. Հոգեգալստից երկու շաբաթ հետո՝ ս. Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապից ելնելու հիշատակին նվիրված տոնին անմիջապես հաջորդող կիրակի օրը: Ս. Էջմիածնի տոնին հիշատակվում է Ագաթանգեղոսի կողմից նկարագրված Լուսավորչի տեսիլքը, ըստ որի՝ Աստծո Միածին Որդին, իջնելով երկնքից, ոսկե մուրճով խորտակեց Վաղարշապատի հին հայկական հեթանոսական պաշտամունքի վայրը և հաստատեց Իր լուսեղեն տաճարը: Այս հիշատակով տոնում ենք Հայ Եկեղեցու և հայրապետության, միաժամանակ և ամբողջ ընդհանրական Եկեղեցու ստեղծումը:
Իսկ մենք` մեղավորներս, ամենաշատը պետք է ուրախանանք եկեղեցու հաստատման համար, քանի որ այնտեղ ենք հաշտվում Աստծո հետ, ինչպես մեր սուրբ հայրերը մեզ սովորեցրին, այնտեղ ենք ընդունում ամենայն բարիք և այնտեղ ենք մերժում ամենայն չարիք: Մենք եկեղեցի մտնելիս խաղաղվում ենք, որովհետև այնտեղ է Պատարագվում մեր Տերը, այնտեղ է պահվում մեր Տիրոջ Սուրբ Մարմինն ու Արյունը, Սուրբ Ավետարանը, Սուրբ խաչը և սրբերի մասունքները: Ինչպես ամեն կիրակի Պատարագի ժամանակ լսում ենք այս խոսքերը խորհրդակատար քահանայի շրթներից. «Այս տաճարում և աստվածընկալ ու պայծառացած սուրբ նշանների առջև և սուրբ վայրում երկյուղածությամբ խոնարհվելով երկրպագում ենք և Քո սուրբ, հրաշալի և հաղթող տերությունը փառավորում ու Քեզ՝ Քո Հոր և Սուրբ Հոգու հետ, մատուցում ենք օրհնություն և փառք, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»։ Ինչ որ խնդրում ենք, Աստված լսում և կատարում է մեր հավատի և մեր սրտի մաքրության համեմատ: Փառք տանք Աստծուն, որ հաստատեց Սուրբ Եկեղեցին և մենք ամեն կիրակի հնարավորություն ունենք հանդիպելու մեր Տիրոջը և փառաբանելու Նրան:
 
Սիմեոն Երեվանցի կաթողիկոսի աղոթքը
Աղաչեմ զՔեզ, ո՜վ բարերար և ողորմած Աստուած, զքոյահաստատ Աթոռն և զմայրն մեր Սուրբ Էջմիածին, զոր իբր յատուկ փառք, պարծանք և մխիթարութիւն
մեզ հայազնէիցս և լուսաւորչակրօն հօտիս շնորհեցեր, հաստատուն և անշարժ պահեա զնա ի վերայ անխախտելի վիմիդ` լոյս անսուտ խոստմանդ քոյ։
Անպակա՛ս արա ի նմանէ զմշտագեղ և զհոգեպարար շնորհս Հոգւոյդ Սրբոյ մինչև ի կատարած աշխարհիս` ի մխիթարութիւն և ի զուարճութիւն մեզ և եկեղեցեացս մերոց։ Ամէն։
Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛. եւ զերկրպագուս անուանըդ քում պահեա՛ ի խաղաղութեան:

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 24.27-35
Որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կլինի: Ուր որ դիակն է, այնտեղ կհաւաքուեն արծիւները: Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ արեգակը պիտի խաւարի, եւ լուսինն իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւնները պիտի շարժուեն: Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով:  Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը:  Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կիմանաք, որ ամառը մօտ է: Նոյնպէս եւ դուք, երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է նա՝ դռների առաջ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի:  Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն: