Օր Շաբաթ. Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից.
Շնորհավորում եմ Գրիգոր անուն և ազգանունը կրող բոլոր հայորդիներին իրենց անվանակոչության օրը:
Տէ՛ր, ողորմի՛ր մեզ. Յանուն Սուրբ Գրիգորի եւ նրա լուսաւոր զաւակների, որոնց միջոցով ճանաչեցինք մեր Փրկիչդ, որոնց միջոցով հալածեցիր դեւերի բազմութիւնը Հայաստան աշխարհից, այժմ էլ սատանայի՛ն հալածիր մեր մերձակայքից: Սուրբ Գրիգոր Լուսավորչի արթուն հոգին և զորավոր աջը թող պահապան լինի Հայաստան աշխարհին և ժողովրդին հայոց, այնպես ինչպես բազմամյա չարչարանքներից հետո մեր ողջ ազգը բերեց քրիստոնեության: Գթա՜ Տե՜ր և ողորմիր.
Հայոց Տրդատ արքան, տարված սբ Հռիփսիմեի գեղեցկությամբ, չկարողանալով տիրել նազենի կույսին, հրամայեց չարչարանքների ենթարկելով սպանել Հռիփսիմեին, Գայանեին և քրիստոսասեր մյուս 32 կույսերին: Երբ հայոց հողում հեղվեց Հռիփսիմյանց անմեղ նահատակների արյունը, Աստծո պատիժը վրա հասավ Տրդատ արքային: Ագաթանգեղոս պատմիչը գրում է, որ մի անգամ, երբ թագավորը շքախմբով որսի էր գնում, մոլեգնելով, ասես դիվահարված, ընկավ գետնին, զրկվեց մարդկային կերպարանքից, վարազադեմ դարձավ: Արքունիքում և Վաղարշապատ քաղաքում էլի շատերը տարբեր ցավերով և հարվածներով պատուհասվեցին: Այդ ժամանակ լուսեղեն մի տեսիլք երևաց թագավորի քրոջը՝ Խոսրովիդուխտին, և ասաց նրան. «Ձեզ հասած հարվածներից չեք բժշկվի, եթե Արտաշատի խոր վիրապից չհանեք այնտեղ նետված Գրիգորին: Նա կգա և կուսուցանի ձեզ՝ ինչպես բժշկվել ցավերից»: Երբ այդ մասին Խոսրովիդուխտը պատմեց նախարարներին, նրանք ընտրեցին Օտա անունով նախարարին և ուղարկեցին Արտաշատ, ուր 13 տարի առաջ վիրապն էր իջեցվել Տրդատի հրամանով մահվան դատապարտված Գրիգորը:
Երկար, հաստ պարաններ իրար կապելով՝ իջեցրին գուբը: Ապա բարձր ձայնով աղաղակեց նախարարը. «Գրիգո՛ր, ո՞ւր ես, դո՛ւրս արի, որովհետև քո Տեր Աստվածը հրամայեց հանել քեզ այդտեղից»: Եվ այդպես գբից հանեցին Գրիգորին, ով այդ տարիներին մնալով խավար գբում` ածխի պես սևացել էր: Եվ շատ զարմացան, երբ տեսան, որ ողջ է:Հագուստներ տվեցին և տարան Վաղարշապատ: Քաղաքի մուտքի մոտ Գրիգորին ընդառաջ վազեց վարազադեմ թագավորն իր նախարարների հետ և, ընկնելով սուրբի ոտքերը, սկսեց ներում հայցել նրանից: Գրիգորը մոտեցավ, բարձրացրեց թագավորին և ասաց. «Ես մարդ եմ և ձեզ նման մարմին ունեմ, դուք պետք է ճանաչեք ճշմարիտ Աստծուն, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, միայն նա կարող է ձեզ բժշկել»: Հետևյալ օրը թագավորը, նախարարները և ողջ ավագանին, գալով Գրիգորի մոտ, խնդրեցին նրա բարեխոսությունը ամենակարող Աստծո մոտ: Գրիգորը սկսեց նրանց հետ խոսել մարդասեր Աստծո, Նրա փրկչական առաքելության մասին: Սբ Գրիգորի միջոցով Աստված խոսեց ծնկի իջած ժողովրդի հետ, և բացվեցին բոլորի աչքերը, հասկացան և սիրեցին միակ, ճշմարիտ Աստծուն: Գրիգորն աղոթքով ու պաղատանքով Աստծուց թագավորի համար բժշկություն խնդրեց, և բոլորի աչքերի առաջ արքայի դեմքը փոխվեց, վերստացավ իր մարդկային տեսքը:
Վաթսունվեց օր Գրիգոր Լուսավորիչը քարոզեց Քրիստոսի վարդապետությունը, և նրանից չհեռացան թագավորն ու մեծամեծները: Մեծ ուշադրությամբ լսեցին ավետաբեր խոսքը և վաթսունվեց օր պահք պահեցին: Իսկ երբ ավարտվեց Լուսավորչի սահմանած պահքը, թագավորը հավաքեց գլխավոր նախարարներին, իշխաններին և հանդիսավոր պայմաններում սուրբ Գրիգորին ուղարկեց Կեսարիա՝ ձեռնադրվելու և հոգևորական աստիճան ստանալու: Հոգևորական ձեռնադրությամբ հայոց քահանայապետ դարձած սուրբ Գրիգորը, երբ հասավ Արածանիի ափերին, այստեղ նրան ընդառաջ ելավ Տրդատ թագավորը՝ արքայական ընտանիքի և հայոց ավագանու հետ: Այստեղ էլ Գրիգոր Լուսավորիչը մկրտեց բոլորին Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով:
Դա տեղի ունեցավ Աստծո կամքով, սուրբ Գրիգորի ձեռքով, փրկչական 301թ.:
Հայ ժողովրդին հեթանոսության խավարից քրիստոնեության լույսին դարձնելու համար սուրբ Գրիգորն անվանվեց Լուսավորիչ: Լուսավորչի վիրապից ելնելու տոնը մեր Եկեղեցին կատարում է Սբ Էջմիածնի տոնին նախորդող շաբաթ օրը:

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Մատթեոսի 19.27-29
Այն ժամանակ Պետրոսը պատասխան տուեց ու ասաց նրան. «Ահաւասիկ մենք թողեցինք ամէն բան եւ եկանք քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կունենանք»: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ դուք, որ եկաք իմ յետեւից, երկրորդ գալստեանը, երբ որ մարդու Որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: Եւ ամէն ոք, ով թողել է տուն կամ եղբայրներ, կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ՝ իմ անուան համար, հարիւրապատիկ պիտի ստանայ եւ յաւիտենական կեանքը պիտի ժառանգի: