Եպիսկոպոսը թույլ չտվեց թագավորին տաճար մտնել…

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հոգևոր քարոզներ 2018

Եպիսկոպոսը թույլ չտվեց թագավորին տաճար մտնել...
390 թվականին մեծ խռովություն ծագեց Թեսաղոնիկե քաղաքում:
Երբ, չարախոսություններով հանդերձ, լուրը Թեոդոս թագավորի ականջը հասավ՝ բարկությամբ լցված՝ զորք ուղարկեց Թեսաղոնիկեի վրա:
Նրանք գազանաբար հարձակվեցին թե՛ փոքրերի, թե՛ մեծերի, թե՛տղամարդկանց և թե՛ կանանց, ծերերի և մանուկների, բնիկների և եկվորների վրա, և անխտիր կոտորեցին անմեղին ու մեղավորին, սպանեցին յոթ հազար հոգի և վիրավորեցին շատ ուրիշների: Եվ սուգ պատեց ողջ քաղաքը:
Մի որոշ ժամանակ անց Թեոդոսը գնաց Իտալիայի Միդուլե (Միլան) քաղաքը և, ըստ սովորության, ուզեց եկեղեցի մտնել: Այդ պահին նրա առջև ելան քաղաքի եպիսկոպոսն ու քաջ հովիվ Ամբրոսիոսը: Նա, բռնելով թագավորի ծիրանին, կանգնեցրեց տաճարի արտաքին սրահում և չթողեց,որ տրորի Աստծո տան հատակը՝ ասելով.
- Ո՞ւր ես գնում, այր արյունարբու, չե՞ս ամաչում, որ արյունով շաղախված, ուզում ես Աստծո տաճարը մտնել ու տրորել սուրբ եկեղեցու գավիթը: Չգիտե՞ս քո գործած անիրավությունները, թե՞ արքունականի փառքն է կուրացրել հոգուդ աչքերը, որ այլևս երկինք չնայես և չտեսնես արդարադատ Աստծո վերին դատաստանը: Եվ ի՞նչ աչքով պիտի համարձակվես նայել Տիրոջ սուրբ տաճարին և անմեղների արյան մեջ թաթախված ձեռքերդ վեր բարձրացնես՝ աղոթելու համար:Կամ ինչպե՞ս պիտի պիղծ ձեռքերով ընդունես Տիրոջ պատվական մարմինը և ինչպես պիտի քո շրթունքներին մոտեցնես Աստծո Որդու արյունը, դու, որ բարկությանդ մեջ այդքան արյուն թափեցիր: Դարձի՛ր, ե՛տ դարձիր և ընդունիր այն կապանքները, որ Աստված է տալիս քեզ իմ բերանով, մինչև որ Երկնավոր Բժշկի կողմից քո թարախոտված վերքերը ապաքինվեն:
Թագավորը սարսռեց Աստծո մարդու կրակոտ խոսքերից և ամոթահար ետ դարձավ՝ գլխիկոր ու հեծեծանքներով, ու ասաց.
- Հնազանդ եմ քո աստվածադիր հրամաններին, ո՜վ սուրբ հայրապետ. միայն թե թող, որ ինձ ապաշխարության տեղ տրվի:
Այդ պահին բոլոր ներկա գտնվողները սքանչացան և չգիտեին՝ սուրբ հայրապետի աներկյուղ համարձակության վրա՞ զարմանան, թե՞ աստվածասեր թագավորի խոնարհ հպատակության:
Այս դեպքից ութ ամիս էր անցել, երբ եկավ Քրիստոսի հրաշափառ Ծննդյան տոնը, և մինչ հավատացյալների բազմությունը խուռներամ գնում էր դեպի եկեղեցի, Թեոդոս արքան պալատի մեջ նստած դառնապես լալիս էր: Երբ Ռուփինոս Մագիստրոսը (կառավարիչը) ներս մտավ, թագավորին տեսավ ողբի ու արտասուքի մեջ, ասաց նրան.
-Թագավոր իմ, ինչո՞ւ ես լալիս:
Թագավորը հառաչելով պատասխանեց.
-Ինչո՞ւ ես հարցնում իմ դառնացած հոգուն, իբրև թե տեղյակ չես իմ անտանելի ցավերին: Ահա իմ ծառաներն ու երկրի մուրացիկներն ազատ են, իսկ ես՝ թագավորս, կապված եմ երկնքի մեջ և երկրի վրա, քանի որ լավ գիտեմ տերունական հրամանը՝ թե նա, ում կկապեք երկրի վրա,կապված կլինի նաև երկնքում, դրա համար երկնքի դռներն էլ առջևս փակված եմ տեսնում, ինչպես որ երկրի վրա՝ Աստծո տան դուռը: Այսօր տեսնում եմ ահա, որ ամեն մարդ Աստծո տունն է մտնում ու վայելում է օրվա տոնի երկնավոր պարգևները, և ես եմ միայն զրկված Աստծո շնորհներից: Ռուփինոսն ասաց.
-Արքա՛, անմիջապես հայրապետի մոտ կգնամ և կաղաչեմ նրան, որ կապանքներդ բացի: Ութ ամիս չանցա՞վ ապաշխարությունիցդ:
- Ոչ, այդպես չի լինի. ես անձամբ պիտի գնամ իմ հովվի և հոգուս տեսուչի մոտ և նրանից պիտի առնեմ հանցանքներիս արժանի նախատինքը:
Հասնելով եկեղեցու սրահը, թագավորը ներս չմտավ, այլ դռնից դուրս մնալով բարձրաձայն գոռում էր և կապանքների արձակում էր խնդրում: Իսկ սուրբ հայրապետը, որ նստած էր եկեղեցու ատյանում, թագավորի ձայնից դուրս եկավ ու ասաց նրան.
-Ամբարտավանորեն հանդգնում ես բռնի մտնել Աստծո եկեղեցին և ոտնակոխ անել Տիրոջ օրենքնե՞րը:
Եվ թագավորը ասաց.
-Ո՛չ, հայր սուրբ, առանց քո կամքի ոչինչ չեմ անի: Միայն աղաչում եմ,արձակես ինձ մեղքի կապանքներից ու իմ առջև չփակես տաճարի դուռը,որ Աստված բացեց բոլոր ապաշխարողների առջև:
Ամբրոսիոսն ասաց.
-Դու ի՞նչ ապաշխարություն ես ցույց տվել, որ ես քեզ ցույց տամ Աստծո եկեղեցին: Եվ ի՞նչ դեղ ես առել կարեվեր խոցերդ բժշկելու համար:
Թագավորն ասաց.
-Դո՛ւ պետք է ցույց տաս դեղը և պատրաստես սպեղանին, իսկ ես պարտավոր եմ առանց դիմադարձության ընդունել այն: Պահքերը, աղոթքներն ու ողորմությունը, որ պատվիրեցիր, հա՛յր, բոլորն էլ ահա, ութ ամիս է կատարում եմ: Եվ ինչ որ պիտի հրամայի սրբությունդ՝ ահա պատրաստ եմ:
Այնժամ սուրբ հայրապետն ասաց նրան.
-Բարկասիրտ ես և խիստ՝ հանցավորների նկատմամբ, և դյուրահավատ՝ զրպարտիչների, վնասախոսների ու քսուների հանդեպ. և դատաստանի վճիռը բարկության թելադրության ներքո ես արձակում, որով ոչ թե բանականությունը, այլ բարկությունն է լինում վճռատու: Ուրեմն քո ձեռքով մի արքունական հրամանագիր գրի, որպեսզի ամբաստանողների չարախոսությունը երեք օր քննվի, և անգամ հայտնի մահապարտներին 30-40 օր պահեն, մինչև որ հարցուփորձ անեն ամեն բանի մասին, և քո խիղճն էլ հանդարտվի: Եթե այդքան ժամանակ անցնելուց հետո ուրիշ համոզման գաս, ծանր թող չթվա քեզ նախապես տված վճիռդ բեկանել:
Եվ այս օրենքը պետք է պահեն նաև այն բոլոր դատավորներն ու իշխանները, որոնք քո հրամանի տակ են:
Երբ Թեոդոս արքան լսեց այս ամենը, զարմացավ սուրբ եպիսկոպոսի իմաստուն խրատների վրա, և անհապաղ նրա պատվերը գործի դնելով՝հրովարտակներ գրել տվեց ու իր ստորագրությամբ վավերացնելով՝ ուղարկեց բոլոր դատավորներին:
Ապա եպիսկոպոսը թագավորի կապանքներն արձակեց ու եկեղեցի մտնելու հրաման տվեց:
Թագավորը ներս մտավ ահով և դողով և երեսի վրա ընկնելով՝ արցունքներով թրջեց տաճարի հատակը: Եվ աղոթք անելով՝ Դավթի ձայնով ասում էր.
-Իմ անձը հողին մերձեցավ, Տեր, ապրեցրու ինձ Քո խոսքիդ համաձայն:
Այս ասելով կուրծքն էր ծեծում ու ճակատին էր խփում. մազերն էր պոկոտում՝ Աստծուց թողություն խնդրելով:
Ժողովրդի բազմությունն այս տեսնելով ձայնակցում էր գորովագին և դառնապես լալիս էր թագավորի հետ:
Այս ասելով՝ թագավորը խոնարհությամբ ու զվարթ դեմքով ելավ և ետին տեղերը գնալով՝ ապաշխարողների շարքերում մնաց:
Այսպիսին էր թագավորի հավատն ու երկյուղը առ Աստված և սերն ու հնազանդությունը Նրա քահանաների հանդեպ:
(«Վարք սրբոց»):

Օրվա ընթերցվածք.

Պետրոս առաքյալի Ա թուղթը 5.1-7
Ուրեմն, աղաչում եմ երէցներին՝ ես էլ նոյնպէս լինելով երէց ու վկայ Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալիք փառքի յայտնութեան. արածեցրէ՛ք Աստծոյ այդ հօտը, որ ձեզ է յանձնուած, վերակացու լինելով ոչ թէ հակառակ ձեր կամքին, այլ՝ յօժարակամ, ըստ Աստծոյ՝ ոչ թէ շահախնդրութեամբ, այլ յօժարութեամբ ոչ թէ տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հօտին, որպէսզի երբ Հովուապետը երեւայ, փառքի անթառամ պսակն ընդունէք: Նոյնպէս եւ դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղէք ծերերին. բոլորդ միմեանց հանդէպ խոնարհութիւն ունեցէք, քանի որ «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ»: Խոնարհուեցէ՛ք Աստծոյ հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի: Ձեր բոլոր հոգսերը նրա վրա՛յ գցէք, որովհետեւ նա է, որ հոգում է ձեր մասին: