Խղճմտանք և զղջում. Ի՞նչ են սրանք.
Աստված մարդուն ստեղծելիս նրա հոգում կարգել է մի զորություն՝ աներևույթ օրենսդիր, դատավոր կամ նույնիսկ դահիճ և միևնույն ժամանակ օգնական, որ կոչվում է խիղճ։ Ինչպես ասում է Հայ Եկեղեցու՝ վերջին դարերի հայրերից Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցին, «մարդու կամքը հանդուգն է և բանականության սահմանից շատ անգամ ելնում է, ուստի խիղճը նրան որպես սանձ տրվեց, որպեսզի առանց բանականության առաջնորդության չարշավի»։ Ուրեմն՝ խիղճը մարդուն տրված է նրան սխալից կամ մեղքից հետ պահելու և դեպի բարին առաջնորդելու համար։ Ամեն անգամ, երբ մարդ սխալ է թույլ տալիս, խիղճն իր ձայնը բարձրացնում է՝ ազդարարելով այդ մասին։ Սա իր «խայթոցներով» մարդու միտքը խռովեցնում, տագնապեցնում, ցավեցնում ու «տանջում» է՝ մարդուն ստիպելով
գործել, այսինքն՝ սխալն ուղղել կամ որևէ կերպ դրանից ազատվել՝«թողություն կամ ներում ստանալ»։ Խիղճն իր հարվածներով մարդու մեջ առաջացնում է կատարված սխալի համար զղջում։
Զղջումն ապաշխարության սկիզբն է. առանց սրտաբուխ զղջման չի կարող լինել և ճշմարիտ ապաշխարություն։ Կան մարդիկ, ովքեր մտքի փոքր սայթաքման դեպքում իսկ տագնապում են խղճի խայթոցներից, կան և այնպիսիք, ովքեր, թվում է, ընդհանրապես խիղճ չունեն, քանի որ ընդունակ են կատարելու ամենասոսկալի հանցանքներն իսկ՝ բնավ ցավ չզգալով կատարվածի համար։ Իսկ պատճառն այն է, որ, ինչպես արդեն ասվեց, խիղճն առաջնորդվում է մարդու բանականությունից կամ մտքից, իսկ միտքը լուսավորվում է հավատքով ու աստվածային օրենքով։ Ուրեմն՝ խղճի «չափն ու կերպը» և սրանով պայմանավորված մարդկային վարքը մեծապես կախում ունեն նրանից, թե մարդն ինչ աշխարհայացք ունի, ինչին է հավատում և ինչպես: Մեղքի ճշմարիտ գիտակցության, ճշմարիտ զղջման ու ապաշխարության համար շատ կարևոր է անձի աներկբա հավատը մահվանից հետո հոգու կենդանության, մեր մարմնի հարության, Տիրոջ դատաստանի, մարդու՝ այս կյանքում կատարած գործերի քննության ու հատուցման, «դժոխք» կոչված հավիտենական մահվան՝ Աստծուց հեռացման, և «դրախտի»՝ Աստծո հետ միությամբ հավիտենական կյանքի հանդեպ։ Նա, ով սրտանց հավատում է այս ամենին, չի կարող ուշադիր չլինել իր անձին և «ահուդողով չաշխատել իր փրկության համար» (Փիլիպ. Բ12)՝ Մկրտության ժամանակ ստացած լինելով ճշմարիտ քրիստոնյային այնքան անհրաժեշտ աստվածային երկյուղը՝ Սուրբ Հոգու յոթ շնորհներից կամ պարգևներից մեկը։ Միևնույն ժամանակ շատ կարևոր է, թե մարդու սիրտը որքան անկեղծությամբ ու սիրով է «դարձի եկել» առ Աստված՝ Նրան ընտրելով որպես իր կյանքի նպատակի և ամեն բան ծառայեցնելով Նրա փառքին։ Այսպիսին գիտի, որ մեղանչելով ինքը ցավ է պատճառում ու դառնացնում Տիրոջը, «տրտմեցնում Սուրբ Հոգին»:
Եփես. Դ:30, այլև իրենից հեռացնում Նրան, Ով իր մխիթարությունը, երջանկությունն ու կյանքի միակ իմաստն է։ Սակայն չափազանց զգայուն խղճմտանքը, եթե բանականության կողմից ճիշտ չկառավարվի, մարդուն կարող է հուսահատության տանել, ինչպես որ անսթափ վիճակում գտնվող, բայց թվացյալ խաղաղություն վայելող խղճմտանքը՝ դեպի ամեն տեսակ մեղքեր ու անօրինություններ։ «Եթե մեկն ամեն ինչում անսում է խղճին՝ իբրև խղճահար, է՛լ առավել է սխալվում, ուստի խղճի հետ խոհեմությամբ պետք է վարվել: Պետք չէ իսպառ արհամարհել այն կամ լիովին հետևել նրան, այլ բանականության լույսով ու օրենքով բարեկարգել այն և տարակուսական բաներում, ուր խիղճը տկարանում է որոշում կայացնել, դիմել իմաստուններին ու օրինագետներին և նրանցից սովորել, թե ինչ է պետք անել.... Խղճահարությունը չար բան է, բայց ավելի չար է անխիղճ լինելը: Ուստի պետք է խղճմտանավոր լինել, այսինքն՝ իբրև փոքրոգի՝ ամեն ինչից չվախենալ և իբրև հանդուգն՝ամեն ինչին չվստահել, այլ իբրև արի՝ չվախենալ, ուր պետք չէ, և վախենալ, ուր պետք է»:
Աստված սեր է՝ այնքան մեծ, որ մեր ամենասոսկալի մեղքն իսկ որպես փոշեհատիկ կորչում է այդ սիրո օվկիանոսում, եթե մենք սրտանց զղջում ու վստահությամբ դիմում ենք Աստծուն։ Ս.Եփրեմ Ասորին Հիսուսի անունից ասում է. «Դու քո մեղքերի համար թողություն խնդրիր յոթ անգամ, և Ես յոթանասուն անգամ յոթ անգամ կասեմ քեզ, որ քեզ թողություն եմ շնորհում»։
Մեծապես զղջացող մեղավորին օգնության են գալիս Հիսուսին հավատով դիմող բոլոր այն մաքսավորները, պոռնիկները, դիվահարները և այլք, ովքեր իրենց մեղքերին թողություն ստացան։ Օգնում է Պետրոս առաքյալը, ով թեև իր անարիության պատճառով երիցս ուրացավ Տիրոջը, սակայն մեծապես զղջալով ու դառնապես լաց լինելով՝ արժանացավ թողության և առաքելական մեծագույն շնորհների։ Օգնում է Տիրոջ խաչակից ավազակը, ով խոնարհ սրտից բխած ու հավատքով ասված մի խոսքով արժանացավ փրկության։ Օգնում են աստվածաշնչյան բազմաթիվ խոսքեր, որոնք հավաստում են Աստծո մեծ սերն ու գթությունը բոլոր մարդկանց հանդեպ։
«Քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի»։ Հովհ.3:16
«Այս է կամքը իմ Հօր, որ ինձ ուղարկեց. բոլոր նրանք, ում Հայրն ինձ տուել է, նրանցից ոչ մէկին չկորցնեմ, այլ վերջին օրը յարութիւն առնել տամ նրանց»։ Հովհ. 6:39
«Նա կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը». Ա. Տիմ.Բ:4