Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Սուրբ Հռիփսիմյան կույսերի հիշատակության օրն է այսօր: Շնորհավորում եմ բոլոր Հռիփսիմեներին իրենց անվանակոչության օրվա առթիվ, հայցելով Իմաստուն Կույսերի բարեխոսությունը բոլորիս համար: Եթե դու կարող ես գնալ եկեղեցի առանց վախի և բանտարկության կամ մահվան սպառնալիքի, ապա դու ավելի երջանիկ ես, քան նրանք, որ նահատակվեցին քրիստոնեության համար:
Լույսը բացվեց բարին հետը, այսօր մեր եկեղեցին տոնում է Հռիփսիմյան կույսերի հիշատակը: Վաղ առավոտից մենք հնարավորություն ունենք մեր օրը կառուցելու տոնի տրամաբանությամբ: Վերհիշենք կույսերի նահատակության պատճառը, և տեսնենք նրանց մեռնելու պատրաստակամությունը Քրիստոսի սիրո համար: Մովսես Խորենացին Հռիփսիմյանց կույսերին անվանում է «առաքելական ըմբշամարտիկներ», քանի որ Սուրբ Հռիփսիմեն ուսին դրած խաչով ելավ արքայի դեմ և գետնեց վայրագ ախոյանին հանուն Հիսուս Քրիստոս սիրուն:
Հռիփսիմյան կույսերի նահատակության հիշատակին է նվիրված Կոմիտաս I կաթողիկոսի (615-628) կողմից ստեղծված «Անձինք նուիրեալք» հանրահայտ շարականը: Մեր օրերում փառք Աստծո, ոչ մի վտանգ և հալածանք չի սպառնում քրիստոնյա լինելու համար, սակայն մենք չունենք ոչ թե մեռնելու պատրաստակամություն, այլ նույնիսկ ապրելու քրիստոնյայի կյանքով: Մենք այնքան կամք չունենք,
որ ազատվենք նույնիսկ դժգոհելու ամենավատ սովորությունից: Փորձենք այս պահից ոչ թե հաշվել մարդկանց կատարած վատ արարքները, այլ մեկով ավելացնենք բարի մարդկանց բարի գործերի թիվը: Մեր ձեռքերը գործածենք ի սեր Աստծո, մեր սիրտը` մեր հոգու փրկության համար, իսկ մեր կյանքը` որպես օրինակ այլոց դարձի համար, որպեսզի խաղաղ ապրենք Աստծո հետ... Եթե ողջ մարդկությունը ամբողջությամբ ընկալեր Հիսուս Քրիստոսի կամավոր խաչելությունը արված մարդկության փրկության համար, ապա վաղուց աշխարհը կգնար դեպի ծաղկում ու բարգավաճում: Մինչդեռ պատկերը այլ է, մեր մոլորակը ապրում է սոսկալի փորձությունների ժամանակաշրջան: Եթե անհատը ընկալեր Քրիստոսի կամավոր խաչելությունը իր փրկության համար, ապա պատրաստ կլիներ զոհվել Նրա սիրո համար, ու երբեք չէր տրտնջա իր կրած դժվարությունից: Մինչդեռ պատկերը նույնն է ինչպես աշխարհինը: Հանուն Սուրբ Հռիփսիմեանց եւ Գայիանեանց, Աստուա՛ծ, ողորմի՛ր մեզ մեղավորներիս:
Ագաթանգեղոս պատմիչը գրում է, որ Հռոմում լեռների մեջ մեկուսացած մի վանք կար, ուր ապրում էին քրիստոնեական հավատով լի, սրբակենցաղ կույսեր՝ մայրապետ Գայանեի հետ միասին: Այդ վանքում էր մեծանում նաև գեղանի Հռիփսիմեն: Դիոկղետիանոս կայսրը, ցանկանալով ամուսնանալ, պատվիրում է արքունական պատկերահաններին նկարել բոլոր գեղեցիկ աղջիկներին, որ ինքը կարողանա ընտրություն կատարել: Պատկերահանները գալիս են նաև այս մենաստանը` նկարելու Հռիփսիմեին: Գրավված նրա գեղեցկությամբ՝ Դիոկղետիանոսը սիրահարվում է հմայիչ կույսին
և ցանկանում կնության առնել նրան: Իմանալով այդ մասին՝ քրիստոսասեր Հռիփսիմեն մայրապետ Գայանեի և մյուս կույսերի հետ փախչում գալիս է Հայոց երկիր՝ Վաղարշապատ մայրաքաղաք: Շրջելով բնակավայրից բնակավայր՝ կույսերը Քրիստոսի սերն էին քարոզում մարդկանց, օգնում հիվանդներին ու կարիքավորներին: Դիոկղետիանոսից տեղեկանալով կույսերի Հայաստան գալու մասին՝ Տրդատ թագավորը հրամայում է գտնել և իր մոտ բերել Հռիփսիմեին: Առավոտյան՝ այգաբացին, զինվորները գտնում են կույսերին այն հնձանում, որտեղ ապրում էին, և գեղեցկատես Հռիփսիմեին տանում
են թագավորական պալատ: Տրդատն այնպես է հմայվում աղջկա գեղեցկությամբ, որ ուզում է տիրանալ նրան: Բայց այդ ժամանակ հրաշք է կատարվում: Իր արիությամբ և ուժով հռչակված արքան, որ գերազանցել էր բոլորին, չի կարողանում հաղթել մի նազենի կույսի: Արքայի հրամանով Հռիփսիմեի մոտ են բերում Գայանեին, որպեսզի նա իր սանին հորդորի ենթարկվել արքայական հրամանին: Սակայն մայրապետը սրտապնդում է Հռիփսիմեին, պատվիրում չերկյուղել և չենթարկվել հեթանոս թագավորին: Հաղթված և զայրացած արքան հրամայում է չարչարանքների ենթարկելով սպանել
Հռիփսիմեին, Գայանեին և քրիստոսասեր մյուս 32 կույսերին: Արքունական զինվորների և հեթանոս ամբոխի ձեռքով բազում չարչարանքների ենթարկվելուց հետո նահատակվում են կույսերը՝ իրենց վարդագույն արյամբ ոռոգելով հայոց հողը: Հետագայում նրանց նշխարների վրա կառուցվում են Սուրբ Գայանե և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, որոնք Աստծո զորությամբ կանգուն են մինչև այսօր և նվիրական վայրեր են յուրաքանչյուր հայի համար: Հայոց Եկեղեցում Հռիփսիմյանց հիշատակը նշվում է Սբ Էջմիածնի տոնին նախորդող երկուշաբթի օրը, իսկ Գայանյանց՝ Գայանեի և նրա հետ նահատակված երկու կույսերի հիշատակը՝ երեքշաբթի օրը:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 10.26-33
Այսուհետեւ նրանցից չվախենա՛ք, որովհետեւ չկայ ծածուկ բան, որ չյայտնուի, եւ՝ գաղտնի բան, որ չիմացուի: Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ. եւ ինչ լսում էք ականջի մէջ փսփսուքով, հրապարակեցէք տանիքների՛ վրայից: Եւ մի՛ վախեցէք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. այլ դուք առաւել վախեցէ՛ք Նրանից, ով կարող է գեհենի մէջ կորստեան մատնել հոգին եւ մարմինը: Չէ՞ որ երկու ճնճղուկ մէկ դահեկանի է վաճառւում, բայց նրանցից մէկն անգամ առանց ձեր Հօր գետնին չի ընկնում. եւ ձեր գլխի մազերը բոլորն իսկ հաշւուած են: Արդ, մի՛ վախեցէք, քանի որ բազում ճնճղուկներից լաւ էք դուք: Ով որ ինձ կխոստովանի մարդկանց առաջ, ես էլ կխոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: Եւ ով ինձ կուրանայ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ իմ Հօր առաջ, որ երկնքում է: