Աղոթող սիրտ, խոնարհ հոգի և կատարող կամք ունենանք մեր մեջ: Չմոռանանք գոհանալ, քանզի Աստված չմոռացավ մեզ այսօր էլ կյանք պարգևել: Օրը սկսենք խաղաղ դեմքով, որովհետև բոլորս էլ տեսել ենք, որ բարկացած դեմքը գեղեցիկ չէ, և ինչպես Հովհան Ոսկեբերանն է ասում, եթե բարկացած դեմքը գեղեցիկ չէ, ապա որքան տգեղ է հոգին այդ պահին:
Առաջին մեղքերից մեկը, որ մեզ հանդիպում է օրվա ընթացքում դա բարկությունն է: Մեր օրը սկսենք ինչպես մարմնավոր, նույնքան էլ հոգևոր կարիքները հոգալով:
Եթե մենք հոսանքին ձեռք չենք տա, որովհետև մահացու է:
Դեղը չենք խմի, մինչև ցուցումը չկարդանք:
Թույներին չափազանց զգուշավոր ենք, որովհետև վտանգավոր է առողջությանը.
Կարմիր լույսի տակ չենք անցնում փողոցը, որովհետև վթարի կենթարկվենք:
Առանց հայելուն ժամերով նայելու տնից դուրս չենք գա, պատշաճ չէ.
Սրանցից և նմանատիպ բաներից անգետ ձևով օգտվելը վտանգավոր է, սակայն սրանք առկա են մեր կյանքում, առանց սրանց կենցաղը դժվար է պատկերացնել: Մենք ամենայն զգուշությամբ և բծախնդրությամբ ենք օգտվում այս բաներից: Այսինքն մենք հոգ ենք տանում մեր մարմնի համար, ինչը գնահատելի է, մեղք չէ, դատապարտելի չէ:
Իսկ ինչո՞ւ այսչափ զգույշ չենք մեղքին մոտենալիս: Իսկ ինչո՞ւ հոգևոր առաքինություններից օգտվելիս այսքան պասիվ ենք, երբեմն հրաժարվում ենք կիրառել այս կամ այն պատվիրանը, ասելով
դժվար է, հնարավոր չէ, խանգարում է իմ ազատությանը, դեմ է իմ սկզբունքին և այլն: Հանգիստ կարող ենք տնից դուրս գալ, առանց հիշելու Աստվածաշնչի մասին, կամ աղոթքի մասին:
Չէ որ մենք ունենք հոգի, որին սնունդ է պետք, որին չենք տեսնում, սակայն անմահ է:Աստված է տվել, որ կրթենք, դաստիարակենք, խոնարհեցնենք, հեռու պահենք ամեն մեղքից և կոչման օր հանձնենք Տիրոջը` Պարգևատուին`Իր նախախնամությամբ: Եթե այսքանը գիտակցում ենք և անտեսում ենք, ապա մեր հոգու թոշնելու և հիվանդանալու համար տրտնջալու իրավունք չունենք, քանզի մեզ` յուրաքանչյուրիս որպես մեծագույն պարգև, որպես անհատական բժիշկ` տրված է Աստվածաշունչ Մատյանը մեզ ուղղորդելու համար:
«Աստվածաշնչի վրա մի հայացքն իսկ ինքնին ետ է պահում մեզ մեղքից,- ասում է ս. Հովհաննես Ոսկեբերանը։ Եթե նույնիսկ համարձակվենք և օրինազանց լինենք, պղծենք ինքներս մեզ և ապա, տուն
վերադառնալով, տեսնենք Ս. Գիրքը, խղճմտանքը մեզ առավել կդատապարտի։ Եթե այս բանին միանա նաև մեծ ուշադրությամբ ընթերցանությունը, այդժամ հոգին, որն ասես դեգերում է սուրբ վայրերում, կմաքրագործվի ու կբարելավվի, քանզի Գրքերի միջոցով մեզ հետ խոսում է Ինքը՝ Աստված»։
Աղոթող սիրտ ստեղծենք մեզ համար, խոնարհ հոգի և կատարող կամք: Անհոգ չլինենք Աստծո խոսքի նկատմամբ: Հրավերը բոլորին է տրված: Արտասուքի նյութը թող մեր հոգում լինի:
Արտասուքը ոչ թե աչքերից, այլ սրտից թող հոսի.