Սատանան կամեցավ Եկեղեցին սասանել այն բանից հետո, երբ քաղաքը հանդարտվեց:

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Սատանան կամեցավ Եկեղեցին սասանել այն բանից հետո, երբ քաղաքը հանդարտվեց:

Բարձրացել են ալիքները, և սաստկացել է մրրիկը, սակայն մենք բնավ չենք վախենում, թե երբևէ անդնդասույզ կլինենք, քանի որ հաստատվել ենք ժայռի վրա: Թող գազազի ծովը, վեմին ոչինչ անել չի կարող: Թող բարձրացնի ալիքները, Հիսուսի նավը ջրասույզ չի լինում: Ինչի՞ց վախենանք մենք, ասա՛ ինձ. մահի՞ց. «Ինձ համար կյանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ» (Փիլիպ.1: 21):
Մի՞թե աքսորվելուց. «Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ» (Սաղմ.23: 1): Թերևս արքունիքի՝ մեր ունեցվածքը գրավելո՞ւց. «Ոչինչ չբերեցինք աշխարհ և ոչինչ էլ չենք կարողանալու տանել» (Ա Տիմ.6: 7): Աշխարհում սարսափելի բաներն արհամարհելի են ինձ համար, իսկ հաճելի բաները՝ ծիծաղելի: Աղքատությունից չեմ վախենում, հարստություն չեմ ցանկանում, մահից չեմ սարսափում, չեմ խնդրում ապրել, այլ միայն ձեր առաջադիմության համար է: Այդ պատճառով էլ այժմ հիշում եմ այս ամենը և աղաչում եմ ձեզ քաջալերվել, սիրելինե՛ր: Չկա մեկը, որ կարողանա բաժանել մեզ, քանի որ ում Աստված զուգեց, մարդը բաժանել չի կարող: Եթե ամուսնու և կնոջ մասին է ասում այս, թէ՝ «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորը և մորը և պիտի գնա իր կնոջ ետևից. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն: Արդ, ինչ որ Աստված զուգեց, մարդը թող չբաժանի» (Մատթ.19:5-6): Եթե ամուսիններին բաժանել չես կարող, ապա որքան առավել չես կարող քակտել Աստծո Եկեղեցին:
Բայց դու մարտնչում ու կռվում ես նրա դեմ, որն անհնար է, որ վնաս կրի քո պատերազմից: Սակայն դու ինձ առավել գեղապանծ ես դարձնում, իսկ քո զորությունը՝ վատնում՝ ինձ հետ մարտնչելով: Քանզի. «Քեզ համար խիստ դժվար է սուր խթանի դեմ աքացի տալը» (Գործք,26:14). խթանը բթացնել անկարող ես, իսկ ոտքերդ կարյունոտես, այդպես ալիքներն էլ չեն կարողանում փշրել վեմը, այլ իրենք են հեռանում՝ փրփուր դառնալով:

Եկեղեցուց զորավոր ոչինչ չկա, ո՛վ մարդ: Դադարեցրո՛ւ պատերազմդ, որպեսզի ուժերդ չվատնես: Մի՛ վազիր՝ պատերազմելու երկնքի դեմ: Եթե կռվես մարդու հետ, կա՛մ կհաղթես, կա՛մ կպարտվես, բայց եթե Եկեղեցու դեմ ես ելնում, անհնարին է վնասել նրան, որովհետև Աստված Իր զորությամբ հզոր է ամեն բանից: «Ուզում ենք Տիրոջ նախա՞նձը գրգռել. մի՞թե ավելի զորեղ ենք, քան նա» (Ա Կոր.10: 22):Աստված ամրացրեց, ո՞վ է նա, որ կհանդգնի սասանել: Հասու չե՞ս Նրա զորությանը. «Նա նայում է երկրին և դող պատճառում նրան» (Սաղմ.100: 32): Նա հրամայում է, և հաստատվում են երերացողները: Եթե նա ամրացրեց երերացող քաղաքը, առավել ևս կարող է ամրացնել Եկեղեցին: Երկնքից ավելի զորեղ է Եկեղեցին. «Երկինքն ու երկիրը պիտի անցնեն, իսկ իմ խոսքերը չպիտի անցնեն» (Մատթ.24:35): Ո՞ր խոսքերը. «Դու ես վեմը, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, և դժոխքի դռները չպիտի հաղթահարեն նրան» (Մատթ.16:18):
Եթե խոսքին չես հավատում, գործերի՛ն հավատա: Քանի՜բռնակալ ջանաց վերացնել Եկեղեցին, քանի՜ տապակ, քանի՜ հնոց, որքա՜ն գազանների ժանիքներ, սուր սայր սուսերներ. ոչինչ չկարողացան անել: Ո՞ւր են հակառակամարտները. լռեցին ու մոռացվեցին: Իսկ ո՞ւր է Եկեղեցին. արեգակից ավելի պայծառ է: Հանգան նրանք, անմահ են սրանք: Եթե քրիստոնյաները չպարտվեցին, երբ նվազ էին թվով, ինչպե՞ս կարելի կլինի հաղթել, երբ տիեզերքը հորդում է բարեպաշտությամբ: «Երկինքն ու երկիրը պիտի անցնեն, իսկ իմ խոսքերը չպիտի անցնեն»: Երկնքից ավելի Եկեղեցին է սիրելի Աստծուն:

Քրիստոս ոչ թե երկնքի, այլ Եկեղեցու մարմինն առավ: Եկեղեցու համար է երկինքը, ոչ թե երկնքի համար՝ Եկեղեցին: Այստեղ կատարվածները թող չխռովեցնեն քեզ: Շնորհեցեք ինձ այս անսասանելի հավատը: Չտեսա՞ք ջրերի վրայով քայլող Պետրոսին. փոքր-ինչ երկմտեց և սկսեց ընկղմվել ոչ թե ծփացող ալիքների, այլ իր հավատի տկարության պատճառով: Մի՞թե մարդկային ընտրությամբ այստեղ եկանք, մի՞թե մարդը մեզ բերեց այստեղ, որ մարդն էլ դուրս հանի: Ո՛չ թե հանդուգն համարձակությամբ եմ բարբառում այս ամենը, քա՛վ լիցի, և ո՛չ հպարտությամբ, այլ կամենալով հաստատուն դարձնել այն, ինչ ձեր մեջ անհաստատ է: Սատանան կամեցավ Եկեղեցին սասանել այն բանից հետո, երբ քաղաքը հանդարտվեց:
Բայց պի՛ղծ, ամենապի՛ղծ բանսարկու, դու չհաղթահարեցիր պարիսպները և հույս ունես Եկեղեցի՞ն սասանել, մի՞թե եկեղեցին պատվար է ոմանց համար: Եկեղեցին հավատացյալների բազմությունն է: Ահավոր քան անսասանելի են սյուները. երկաթով չեն կապված, այլ հավատով են ամրացված: Չեմ ասում, թե այդքան բազմությունը կրակից զորեղ է, այլ եթե անգամ մի հոգի լիներ, անկարող կլինեիր պարտության մատնել: Դու գիտես, թե որքան վերքեր հասցրին քեզ նահատակները: Եղավ, որ բազում անգամ ներս բերվեց օրիորդ՝փափկասուն, առագաստին անփորձ, մոմից առավել կակուղ, և կարծր երևաց ժայռից առավել: Բզկտում, պատառոտում էիր նրա կողերը, բայց հավատը նրանից հանել չէիր կարողանում:

Հաղթվում, տեղի էր տալիս մարմնի բնությունը, բայց հավատի զորությունը չէր թուլանում: Մեռնում էր մարմինը, նահատակվում էին խորհուրդները, վերանում, սպառվում էր գոյությունը, և կար, մնում էր բարեպաշտությունը: Դու չկարողացար բռնանալ մի կնոջ, հույս ունես այսքան բազմությա՞նը հաղթել: Չլսեցի՞ր Տիրոջը, որ ասում է. «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով,
այնտեղ եմ ես՝ նրանց մեջ» (Մատթ.18:20), իսկ ուր սիրով կապված է այսքան մեծաքանակ ժողովուրդը, Նա այնտեղ չի՞ լինի:
Նրա գրավականն ունեմ, մի՞թե իմ զորությանն եմ ապավինում: Ես Նրա Գիրքն ունեմ: Այն ինձ համար գավազան է, այն ինձ համար հանգիստ վայր է, այն ինձ համար խաղաղ նավահանգիստ է: Եթե անգամ ամբողջ տիեզերքը տակնուվրա լինի, ես Նրա Գիրքն ունեմ, ես կարդում եմ այն. նրա խոսքերն ինձ համար պատվար են, ապավենի տեղ: Որո՞նք են այդ խոսքերը: «Ես ձեզ հետ եմ ձեր կյանքի բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ.28: 20): Քրիստոս ինձ հետ է, ես ու մի՞ց վախենամ: Չնայած իմ դեմ խռովվեցին, բարձրացան ալիքները, ծովերը, իշխանների բարկությունը, այդ ամենն առավել հեշտ հաղթահարելի են ինձ համար, քան սարդոստայնը: Եվ եթե ձեր հանդեպ սերը չլիներ, այսօր իսկ տեղի կտայի և կմեկնեի: Քանզի անընդհատ այս եմ ասում. «Տե՛ր, թող քո կամքը լինի. ո՛չ այսպես և ո՛չ այնպես, այլ ինչպես Դու ես կամենում» (Մատթ. 6:10): Սա ինձ համար աշտարակ է, սա ինձ համար անսասանելի ցուպ է: Եթե Աստծո կամքն է, որ այդ լինի, թո՛ղ լինի: Եթե Նրա կամքն է, որ ես մնամ այստեղ, շնորհակալ եմ. ինչ որ կամենա, շնորհակալ կլինեմ: Թող ոչ ոք ձեզ չխռովեցնի: Հաճա՛խ աղոթեցեք: Սատանան այս հնարը մտածեց, որպեսզի կտրի ձեր՝ պաղատանքներ մատուցելու ճիգերը: Բայց նրան այդ չհաջողվեց. մենք տեսնում ենք ձեզ առավել նախանձախնդիր, առավել ջերմ:

Վաղ առավոտյան ձեզ հետ պաշտամունքի կելնեմ: Ուր որ ես եմ, այն տեղ էլ դուք, ուր դուք, այն տեղ էլ ես: Մեկ մարմին ենք, ոչ մարմինը գլխից, և ոչ էլ գլուխը մարմնից չի բաժանվում: Բաժանվում ենք տեղով, բայց միավորված ենք սիրով, և մահն էլ չի կարող քակտել այն: Թեև մարմինս պիտի մահանա, բայց հոգիս կենդանի է և կհիշի ժողովրդիս:
Դուք իմ հայրերն եք, ինչպե՞ս կարող եմ մոռանալ ձեզ: Դուք իմ հայրերն եք, դուք իմ կյանքն եք, դուք իմ փառքն եք: Եթե դուք առաջադիմեք, փառք է ինձ համար, քանզի իմ կյանքի հարստությունը ձեր գանձի մեջ է ամբարված: Մեջքս պնդված է՝ ձեզ համար բյուր անգամ մահվան գնալու. և ես այդ իմ կողմից ծառայություն չեմ համարում, այլ պարտքս եմ հատուցում, քանզի. «Լավ հովիվը իր կյանքն է
տալիս ոչխարների համար» (Հովհ. 10:11): Թող բյուր անգամ սպանեն ինձ, բյուր անգամ գլխատեն. այդ մահն ինձ համար անմահության մայր է, այդ դարանները՝ միջոցներ՝ հասնելու հանգստության: Մի՞թե հարստության պատճառով եմ որոգայթներով պատվում, որ ցավեմ, մի՞թե մեղքերի պատճառով, որ սգամ: Ո՞չ ահա սիրո պատճառով, որ ունեմ ձեր հանդեպ: Քանզի բոլոր հնարները մտածում եմ, որ ապահով լինի ձեր հանգիստը, որ օտարը չմտնի գավիթ, որ անարատ մնա հոտը: Այդ ինձ բավական է՝ պսակների արժանանալու համար: Ի՞նչ չկրեցի ձեզ համար. դուք իմ քաղաքակիցը, դուք իմ հայրերը, դուք իմ եղբայրները, դուք իմ որդիները, դուք իմ անդամները, դուք իմ մարմինը, դուք իմ լույսն եք, ավելի ճիշտ՝ այս լույսից առավել քաղցր եք: Ձեր սիրուց առավել ի՞նչ կպարգևի ինձ արևի լույսը: Արևի լույսը ինձ պետք է այս կյանքում, իսկ ձեր սերը ինձ համար պսակ է բոլորում այն կյանքի համար: Ահա այդ եմ բարբառում ունկնդիրներիդ ականջին, և դրանից առավել քաղցր ի՞նչ կա լսելու: Այդքան օրեր տքնեցիք, և ոչինչ չթուլացրեց ձեզ. ո՛չ ժամանակի երկարությունը, ո՛չ վախը, ո՛չ սպառնալիքները: Արի եղաք ամեն բանում. ի՞նչ ասեմ, եղաք այնպիսին, ինչպիսին հանապազ ցանկանում էի. արհամարհեցիք այս աշխարհինը, հրաժարվեցիք այս աշխարհից, տեղափոխվեցիք երկինք, ա զատվեցիք մարմնի կապանքներից, նախանձախնդիր եղաք այն երանելի իմաստությանը: Սրանք ինձ պսակ են, սրանք ինձ մխիթարություն են, սրանք ինձ քաջալերություն են, սրանք ինձ օծություն են, սրանք ինձ կյանք են, սրանք ինձ անմահության գրավական են:

Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետ

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Հովհաննեսի 12: 44-50
Յիսուս աղաղակում էր ու ասում. «Ով ինձ է հաւատում, ինձ չէ, որ հաւատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց: Եւ ով ինձ է տեսնում, տեսնում է նրան, ով ինձ ուղարկեց: Ես որպէս լոյս եկայ աշխարհ, որպէսզի ամէն ոք, որ ինձ հաւատում է, խաւարում չմնայ: Եւ եթէ մէկը լսի իմ խօսքերը եւ չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ չեկայ, որ աշխարհը դատապարտեմ, այլ՝ որպէսզի փրկեմ աշխարհը: Ով անարգում է ինձ եւ իմ խօսքերը չի ընդունում, կայ մէկը, որ նրան դատում է. այն խօսքը, որ ես խօսեցի, դա պիտի դատապարտի նրան վերջին օրը, որովհետեւ ես ինքս ինձնից չխօսեցի, այլ Հայրը, որ ինձ ուղարկեց, նա ինձ պատուիրեց, թէ ինչ պիտի ասեմ եւ ինչ պիտի խօսեմ: Եւ գիտեմ, որ այն պատուիրանը յաւիտենական կեանք է: Արդ, ինչ որ ես եմ խօսում, այնպէս եմ խօսում, ինչպէս Հայրը ինձ ասաց»: