Սկզբնական և ներգործական մեղք. ի՞նչ է տարբերությունը:

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Սկզբնական և ներգործական մեղք. ի՞նչ է տարբերությունը:
Ինչպես Ադամը, Աստծուն կամովին թողնելով, մտավ սատանայի իշխանության տակ ու զրկվեց Աստծո որդին լինելու պատվից՝ ժառանգելով տառապալից ու մահվամբ պսակվող կյանքը, այդպես էլ «վերջին Ադամի»՝ Քրիստոսի անունով մկրտվողը, կամովին դուրս գալով սատանայի իշխանության տակից և Սուրբ Հոգով մաքրվելով մեր նախահոր անկման պատճառը հանդիսացած մեղքից ու մինչ մկրտության պահն իր գործած բոլոր մեղքերից, դարձյալ որդեգրվում է Աստծուն։ Սրանով նա հոգևոր վերածնունդ է ապրում՝ բռնելով դեպի հավիտենական կյանք կամ երկնքի արքայություն տանող ճանապարհը։ Ուրեմն՝ սկզբնական մեղքից ձերբազատվելը նշանակում է սատանայի իշխանության տակից ելնել ու դարձյալ Աստծուն որդեգրվել՝ մահվանից դեպի կյանք քայլափոխել, սակայն սա դեռ չի նշանակում, թե փոխվում է մարդու մեղանչական դարձած բնությունը, և այն այլևս մեղքին ենթակա չէ։ Մարդը շարունակում է մնալ ազատ կամքի տեր բանական էակ, ով իրավունք ունի չարի
և բարու միջև ընտրություն կատարելու. այլև քնած չէ սատանան, որն իրեն ենթակա չար հրեշտակների միջոցով շարունակում է Աստծո որդեգիրներին մեղքի զանազան ծուղակների մեջ գցել՝ նպատակ ունենալով նրանց հեռացնել Աստծուց ու զրկել հավիտենական կյանքից։ Այս իսկ պատճառով քրիստոնյան, ով մկրտությամբ սկիզբն է դնում իր փրկության գործընթացի, Մկրտության և Դրոշմի (Կնունք) խորհուրդներով Սուրբ Հոգուց ստանում է շնորհ, այսինքն՝ աստվածային զորություն, օգնություն և պաշտպանություն։ Եվ իր ողջ կյանքի ընթացքում, Աստծո շնորհի զորակցությամբ և իր իսկ ջանքերով, նա կարիքն ունի շարունակ պայքարելու փրկության գլխավոր արգելքի՝ մեղքի դեմ, որով և՝ սատանայի ու նրա դիվային ամբողջ բանակի։ Եթե մկրտվողը մանուկ է կամ անչափահաս, մկրտվում է իր ծնողների և կնքահոր հավատքով ու կամքով։
Ինչպես ասում է մեր Եկեղեցու հայրերից Եզնիկ Կողբացին (Ե դ.), «Այս կյանքը պատերազմ է»։ Իսկ «մեր պատերազմը,- ասում է ս.Պողոս առաքյալը,- մարմնի և արյան հետ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս աշխարհի խավարի տիրակալների և երկնքի ներքո գտնվող չար ոգիների հետ» (Եփես. 6:12)։ Եվ մեր զորագլուխն ու առաջնորդն այս պայքարում Քրիստոսն է։
Բոլոր այն մեղքերը, որ քրիստոնյան գործում է մկրտությունից հետո, կոչվում են ներգործական մեղքեր, որոնք լինում են ներելի և մահուչափ կամ մահացու։ Սկզբնական կամ ադամական մեղքից մեկընդմիշտ մաքրվում ենք մկրտությամբ, իսկ ներգործական մեղքերից՝ շարունակաբար՝ ապաշխարությամբ։
Ապաշխարությունը զղջումն է մեղքերի համար, դրանք խոստովանելը և ապա որպես գործված հանցանքների փոխհատուցում՝բարի գործեր, մանավանդ՝ ողորմության գործեր կատարելը։

Օրվա ընթերցվածք.

Գործք առաքելոց 8:30-40
Եւ Փիլիպպոսը, առաջ վազելով, լսեց, որ նա Եսայի մարգարէ էր ընթերցում.  եւ ասաց. «Հասկանո՞ւմ ես արդեօք, ինչ որ ընթերցում ես»: Իսկ նա ասաց. «Ինչպէ՞ս կկարողանամ հասկանալ, եթէ մէկն ինձ չառաջնորդի»: Եւ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանայ ու իր մօտ նստի:  Եւ նրա ընթերցած գրքի հատուածն այս էր. «Մորթուելու տարուեց նա ինչպէս մի ոչխար. եւ ինչպէս անմռունչ գառը իր բուրդը խուզողի առաջ, այնպէս էլ նա իր բերանը չի բացում.  իր խոնարհութեան պատճառով նրա դատաստանը տեղի չունեցաւ. եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի. քանի որ նրա կեանքը երկրից վերացուած է»:  Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. «Խնդրում եմ քեզ, մարգարէն ո՞ւմ մասին է ասում այս. ի՞ր մասին, թէ՞ մէկ ուրիշի»:  Փիլիպպոսը բացեց իր բերանը եւ այդ գրքից սկսելով՝ Յիսուսին աւետարանեց նրան:  Երբ իրենց ճանապարհն էին գնում, հասան մի ջրի մօտ: Եւ ներքինին ասաց. «Ահա ջուր, ի՞նչն է ինձ արգելում մկրտուել»:  Եւ նա ասաց նրան. «Եթէ քո ամբողջ սրտով հաւատում ես, կարելի է»: Նա պատասխան տուեց ու ասաց. «Հաւատում եմ, որ Յիսուս Քրիստոս Աստծոյ Որդին է»:  Եւ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան՝ ե՛ւ Փիլիպպոսը, ե՛ւ ներքինին: Եւ Փիլիպպոսը մկրտեց նրան:  Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջաւ ներքինու վրայ. եւ Տիրոջ հրեշտակը յափշտակեց տարաւ Փիլիպպոսին, ու ներքինին այլեւս նրան չտեսաւ: Եւ իր ճանապարհն էր գնում ուրախութեամբ.  իսկ Փիլիպպոսը իրեն գտաւ Ազոտոսում: Եւ շրջելով աւետարանում էր բոլոր քաղաքներին, մինչեւ որ եկաւ Կեսարիա: