Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
Հոգևոր քարոզներ 2018
Առաքինության ղեկը բռնողին ո՛չ խաղաղությունը կարող է թուլացնել, և ո՛չ էլ մրրիկը՝ ջրասույզ անել.
Ի՞նչ ասեմ, կամ ի՞նչ խոսեմ: Օրհնյալ է Աստված: Այս խոսքերը ես ասացի, երբ հեռանում էի ձեզնից. դարձյալ նույնն եմ ասում. մանավանդ այնտեղ եղած ժամանակ էլ չէի դադարում այդ ասելուց:
Յիշո՞ւմ եք՝ ինչպես մեջբերեցինք Հոբի գոհաբանության խոսքը. «Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտյան» : Ես այն իբրև ողջերթի խոսք թողեցի ձեզ գնալիս. նույնը կրկնում եմ այժմ իբրև գոհաբանություն. «Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտյան»: Տարբեր է իրադրությունը, բայց նույնն է փառաբանությունը: Արտաքսվելիս գոհաբանում էի և վերադառնալիս բարեբանում եմ: Տարբեր են հանգամանքները, բայց ձմռան և ամռան վախճանը նույնն է, մեկ է վախճանը՝ անդաստանների պտղաբերություն: Օրհնյալ է Աստված, որ հաճեց, որ ես մեկնեմ: Օրհնյալ է կրկին, որ վերադարձրեց ինձ: Օրհնյալ է Աստված, որ թույլ տվեց, որ մրրիկ լինի, օրհնյալ է Աստված, որ վերացրեց մրրիկը և խաղաղություն արեց: Նույն խոսքն եմ ասում և ձեզ ուսուցանում՝ օրհնելու Աստծուն: Բարի՞ք պատահեց, օրհնի՛ր Աստծուն, և կմնան բարիքները: Չարիքնե՞ր պատահեցին, օրհնի՛ր Աստծուն, և կվերանան չարիքները: Քանզի և Հոբը, մինչ հարուստ էր, գոհանում էր, իսկ երբ աղքատացավ, փառաբանեց. ո՛չ այնժամ մոռացավ Աստծուն, ո՛չ հետո հայհոյեց: Տարբեր էին հանգամանքները, բայց նույնն էին խորհուրդները: Առաքինության ղեկը բռնողին ո՛չ խաղաղությունը կարող է թուլացնել, և ո՛չ էլ մրրի կը՝ ջրասույզ անել: Օրհնյալ է Աստված և՛ այնժամ, երբ ձեզնից հեռացա, և՛ երբ կրկին ձեզ մոտ դարձա. երկուսն էլ Նրա նախախնամությամբ եղան: Ես ձեզնից բաժանված էի մարմնով, բայց բաժանված չէի մտքով:
Տեսեք, թե թշնամիները որքան քաջացան՝ դարաններ նյութելու, ճիգեր թափեցին, բոցավառեցին սերը և ինձ համար բյուր բարեկամներ պատրաստեցին: Սրանից առաջ սիրելի էի իմ ազգակիցներին, այժմ հրեաներն էլ են ինձ պատվում: Հույս ունեին ինձ անջատել, բաժանել իմ ազգակիցներից, և դեպի ինձ բերեցին օտարներին: Սակայն գոհություն ոչ թե նրանց, այլ Աստծո անվանը, որ նրանց չարությունը ուղղվեց դեպի մեր պատիվը: Այդպես հրեաները մեր Տիրոջը գամեցին խաչին, և Նրանով աշխարհը փրկվեց, բայց դրա համար ոչ թե հրեաներից, այլ Խաչյալից եմ գոհանում:
Թող իմանան, թե ինչպիսին է մեր Աստված. ինչպիսի՜ խաղաղություն ծնեց նրանց նենգությունը, ինչպիսի՜ փառք պատրաստեց: Սրանից առաջ լցվում էր միայն եկեղեցին, այժմ ամբողջ հրապարակը եկեղեցի դարձավ. մեկ գլուխ է այնտեղ և այստեղ: Ոչ ոք ձեր ժողովին չպատվիրեց այդ հանդարտությունը, բայց բոլորը լուռ էին, բոլորի սիրտը ցավում էր: Մի մասը սաղմոսում էր, մյուս մասը երանի էր տալիս սաղմոսողներին: Ինչպե՞ս խոսեմ Տիրոջ զորության մասին: Տեսնում եք, որ ճշմարիտ են ասածներս. որ երբ մարդ քաջասրտորեն համբերում է փորձություններին, առատ պտուղներ է քաղում դրանցից: Փորձություններից երբեք չես զարհուրի, եթե լինես արի հոգով զինվոր. բոլոր սուրբերը դրանցով պսակների արժանացան. բազում են նեղությունները մարմնի համար, բայց շատ ավելին է հոգիների խաղաղությունը: Երանի՛ մշտապես լինեին այդպիսի տանջանքները:
Այդպես և հովիվն է ուրախանում՝ չարչարվելով իր ոչխարների համար: Ի՞նչ խոսեմ: Որտե՞ղ սերմանեմ. չունեմ թափուր վայր: Որտե՞ղ մշակեմ. խոպանացած այգի չունեմ: Որտե՞ղ կառուցեմ շինությունս. լեցուն է տաճարը: Ուռկաններս պատռվում են ձկների առատությունից: Ի՞նչ անեմ. գործելուս ժամանակը ավարտվել է: Ուսուցանում եմ ձեզ ոչ իբրև վարդապետության կարիք ունեցողների, այլ որպեսզի ձեզ հայտնեմ ձեր հանդեպ սերս: Ահա փթթում ու լցվում են հասկերը: Բազում են խաշները, և ոչ մի տեղ գայլ չկա: Հասունանում են հասկերը, և փուշ չի երևում երբեք: Ահա բազում են այգիները, և չկա աղվես: Թունավոր գազաններն ընկղմվեցին, և գայլերը խուճապահար եղան: Ո՞վ փախստյան մատնեց դրանց. ո՛չ ես՝ հովիվս, այլ դուք՝ խաշներդ: Զարմա՛նք խաշների բարետոհմությանը. հովիվը հեռվում էր, և վանեցին գայլերին:
Ո՛վ հարսի գեղեցկություն, ավելի ճիշտ՝ ողջախոհություն. ամուսինը մոտիկ չէր, և վանեց հոմանիներին: Ո՛վ գեղեցիկ և ողջախոհ հարս. հայտ- հանդիման ցույց տվեց գեղեցկությունը, ցույց տվեց և անարատությունը: Ինչպե՞ս հալածեցիր շնացողներին. որովհետև սիրում էիր ամուսնուդ: Ինչպե՞ս հալածեցիր շնացողներին. սրբությանդ առավելությամբ:
Զենք չառա ձեռքս, ո՛չ գեղարդ բարձրացրի և ո՛չ ասպարներ: Իմ գեղեցկությունը ցույց տվեցի նրանց, և չդիմացան նրա պայծառությանը: Ո՞ւր են նրանք այժմ: Անարգության մեջ: Ո՞ւր ենք մենք: Ցնծության մեջ: Մեզ հետ են թագավորները, մեզ հետ են իշխանները: Էլ ի՞նչ ասեմ: Ի՞նչ խոսեմ. «Տերը թող լիացնի ձեզ՝ ձեզ և ձեր որդիներին» և ձեր ջանքերը պահի իր ուռկանում: Բայց այստեղ ավարտենք մեր խոսքը՝ ամեն բանի համար գոհանալով մարդասեր Աստծուց, Որին փառք հավիտյանս. ամեն:
ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆԻ
ԱՌԱՋԻՆ ՃԱՌԸ ԱՌԱՋԻՆ ԱՔՍՈՐԻՑ
ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 12:35
Յիսուս նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ եւս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում: Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք»:
Post Views: 2,057