Առաքինության ղեկը բռնողին ո՛չ խաղաղությունը կարող է թուլացնել, և ո՛չ էլ մրրիկը՝ ջրասույզ անել.

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հոգևոր քարոզներ 2018

Առաքինության ղեկը բռնողին ո՛չ խաղաղությունը կարող է թուլացնել, և ո՛չ էլ մրրիկը՝ ջրասույզ անել.
Ի՞նչ ասեմ, կամ ի՞նչ խոսեմ: Օրհնյալ է Աստված: Այս խոսքերը ես ասացի, երբ հեռանում էի ձեզնից. դարձյալ նույնն եմ ասում. մանավանդ այնտեղ եղած ժամանակ էլ չէի դադարում այդ ասելուց:
Յիշո՞ւմ եք՝ ինչպես մեջբերեցինք Հոբի գոհաբանության խոսքը. «Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտյան» : Ես այն իբրև ողջերթի խոսք թողեցի ձեզ գնալիս. նույնը կրկնում եմ այժմ իբրև գոհաբանություն. «Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը հավիտյան»: Տարբեր է իրադրությունը, բայց նույնն է փառաբանությունը: Արտաքսվելիս գոհաբանում էի և վերադառնալիս բարեբանում եմ: Տարբեր են հանգամանքները, բայց ձմռան և ամռան վախճանը նույնն է, մեկ է վախճանը՝ անդաստանների պտղաբերություն: Օրհնյալ է Աստված, որ հաճեց, որ ես մեկնեմ: Օրհնյալ է կրկին, որ վերադարձրեց ինձ: Օրհնյալ է Աստված, որ թույլ տվեց, որ մրրիկ լինի, օրհնյալ է Աստված, որ վերացրեց մրրիկը և խաղաղություն արեց: Նույն խոսքն եմ ասում և ձեզ ուսուցանում՝ օրհնելու Աստծուն: Բարի՞ք պատահեց, օրհնի՛ր Աստծուն, և կմնան բարիքները: Չարիքնե՞ր պատահեցին, օրհնի՛ր Աստծուն, և կվերանան չարիքները: Քանզի և Հոբը, մինչ հարուստ էր, գոհանում էր, իսկ երբ աղքատացավ, փառաբանեց. ո՛չ այնժամ մոռացավ Աստծուն, ո՛չ հետո հայհոյեց: Տարբեր էին հանգամանքները, բայց նույնն էին խորհուրդները: Առաքինության ղեկը բռնողին ո՛չ խաղաղությունը կարող է թուլացնել, և ո՛չ էլ մրրի կը՝ ջրասույզ անել: Օրհնյալ է Աստված և՛ այնժամ, երբ ձեզնից հեռացա, և՛ երբ կրկին ձեզ մոտ դարձա. երկուսն էլ Նրա նախախնամությամբ եղան: Ես ձեզնից բաժանված էի մարմնով, բայց բաժանված չէի մտքով:
Տեսեք, թե թշնամիները որքան քաջացան՝ դարաններ նյութելու, ճիգեր թափեցին, բոցավառեցին սերը և ինձ համար բյուր բարեկամներ պատրաստեցին: Սրանից առաջ սիրելի էի իմ ազգակիցներին, այժմ հրեաներն էլ են ինձ պատվում: Հույս ունեին ինձ անջատել, բաժանել իմ ազգակիցներից, և դեպի ինձ բերեցին օտարներին: Սակայն գոհություն ոչ թե նրանց, այլ Աստծո անվանը, որ նրանց չարությունը ուղղվեց դեպի մեր պատիվը: Այդպես հրեաները մեր Տիրոջը գամեցին խաչին, և Նրանով աշխարհը փրկվեց, բայց դրա համար ոչ թե հրեաներից, այլ Խաչյալից եմ գոհանում:
Թող իմանան, թե ինչպիսին է մեր Աստված. ինչպիսի՜ խաղաղություն ծնեց նրանց նենգությունը, ինչպիսի՜ փառք պատրաստեց: Սրանից առաջ լցվում էր միայն եկեղեցին, այժմ ամբողջ հրապարակը եկեղեցի դարձավ. մեկ գլուխ է այնտեղ և այստեղ: Ոչ ոք ձեր ժողովին չպատվիրեց այդ հանդարտությունը, բայց բոլորը լուռ էին, բոլորի սիրտը ցավում էր: Մի մասը սաղմոսում էր, մյուս մասը երանի էր տալիս սաղմոսողներին: Ինչպե՞ս խոսեմ Տիրոջ զորության մասին: Տեսնում եք, որ ճշմարիտ են ասածներս. որ երբ մարդ քաջասրտորեն համբերում է փորձություններին, առատ պտուղներ է քաղում դրանցից: Փորձություններից երբեք չես զարհուրի, եթե լինես արի հոգով զինվոր. բոլոր սուրբերը դրանցով պսակների արժանացան. բազում են նեղությունները մարմնի համար, բայց շատ ավելին է հոգիների խաղաղությունը: Երանի՛ մշտապես լինեին այդպիսի տանջանքները:
Այդպես և հովիվն է ուրախանում՝ չարչարվելով իր ոչխարների համար: Ի՞նչ խոսեմ: Որտե՞ղ սերմանեմ. չունեմ թափուր վայր: Որտե՞ղ մշակեմ. խոպանացած այգի չունեմ: Որտե՞ղ կառուցեմ շինությունս. լեցուն է տաճարը: Ուռկաններս պատռվում են ձկների առատությունից: Ի՞նչ անեմ. գործելուս ժամանակը ավարտվել է: Ուսուցանում եմ ձեզ ոչ իբրև վարդապետության կարիք ունեցողների, այլ որպեսզի ձեզ հայտնեմ ձեր հանդեպ սերս: Ահա փթթում ու լցվում են հասկերը: Բազում են խաշները, և ոչ մի տեղ գայլ չկա: Հասունանում են հասկերը, և փուշ չի երևում երբեք: Ահա բազում են այգիները, և չկա աղվես: Թունավոր գազաններն ընկղմվեցին, և գայլերը խուճապահար եղան: Ո՞վ փախստյան մատնեց դրանց. ո՛չ ես՝ հովիվս, այլ դուք՝ խաշներդ: Զարմա՛նք խաշների բարետոհմությանը. հովիվը հեռվում էր, և վանեցին գայլերին:
Ո՛վ հարսի գեղեցկություն, ավելի ճիշտ՝ ողջախոհություն. ամուսինը մոտիկ չէր, և վանեց հոմանիներին: Ո՛վ գեղեցիկ և ողջախոհ հարս. հայտ- հանդիման ցույց տվեց գեղեցկությունը, ցույց տվեց և անարատությունը: Ինչպե՞ս հալածեցիր շնացողներին. որովհետև սիրում էիր ամուսնուդ: Ինչպե՞ս հալածեցիր շնացողներին. սրբությանդ առավելությամբ:
Զենք չառա ձեռքս, ո՛չ գեղարդ բարձրացրի և ո՛չ ասպարներ: Իմ գեղեցկությունը ցույց տվեցի նրանց, և չդիմացան նրա պայծառությանը: Ո՞ւր են նրանք այժմ: Անարգության մեջ: Ո՞ւր ենք մենք: Ցնծության մեջ: Մեզ հետ են թագավորները, մեզ հետ են իշխանները: Էլ ի՞նչ ասեմ: Ի՞նչ խոսեմ. «Տերը թող լիացնի ձեզ՝ ձեզ և ձեր որդիներին» և ձեր ջանքերը պահի իր ուռկանում: Բայց այստեղ ավարտենք մեր խոսքը՝ ամեն բանի համար գոհանալով մարդասեր Աստծուց, Որին փառք հավիտյանս. ամեն:
 
ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆԻ
ԱՌԱՋԻՆ ՃԱՌԸ ԱՌԱՋԻՆ ԱՔՍՈՐԻՑ
ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ.

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Հովհաննեսի 12:35

Յիսուս նրանց ասաց. «Մի փոքր ժամանակ եւս լոյսը ձեզ հետ է. քայլեցէ՛ք, քանի դեռ լոյսն ունէք, որպէսզի խաւարը ձեզ չկլանի, քանի որ ով քայլում է խաւարի մէջ, չի իմանում, թէ ուր է գնում: Քանի դեռ լոյսը ձեզ հետ ունէք, հաւատացէ՛ք լոյսին, որպէսզի լոյսի որդիներ լինէք»: