Հավատքի ճշմարիտ դավանություն ունեցիր և չես սասանվի:

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

https://www.youtube.com/watch?v=&list=PLv3C0j_n-nFLsU2Gk8oUQAteFUGQZVyR_   /// http://www.fatherarmen.com/2018/hogevor-qarozner-հոգևոր-քարոզներ-28-2/

Հոգևոր քարոզներ 2018

Հավատքի ճշմարիտ դավանություն:
Հարկ է և պատշաճ, որ Քրիստոսին երկրպագողները և Սուրբ Երրորդության անունով մկրտվածները խոստովանեն համագո Երեք Անձնավորություններին՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն՝ որպես Մի Բնություն, Մի Աստվածություն և Մի Իշխանություն՝ համապատիվ և զուգափառ: Որը ոչ թե ուրիշից ստեղծված կամ հետո սկսած, ոչ էլ ցածրությունից՝ բարձրության կամ տկարությունից զորության
հասած, այլ բոլոր հավիտյաններից առաջ էր, այժմ է և կլինի անվախճան հավիտյաններում: Անեղ և անմահ էություն է՝ բնությամբ աներևույթ, սակայն արարածների համար՝ երևացող, ամեն ինչ տեսնող և ամենքից անտես: Հայրն անսկիզբ է և անծին: Որդին ծնված է Հոր բնությունից, սակայն՝ անժամանակ, ոչ թե ըստ մարդկային ախտավոր ու անցավոր ծննդի, որը մտքով իսկ անցկացնելը հայհոյություն է, ուր մնաց թե՝ խոսքով բարբառելը: Այլ ինչպես լույսը լույսից է առաջանում, և կրակը՝ կրակից, և բաժանվելով չեն օտարանում միմյանցից, այլ մի են կրակի և լույսի, ծնածի և ծնողի ճառագայթն ու ջերմությունը, և երկուսի բնությունն էլ մի է, թեև անձով զանազանվում են իրարից:
Նույնպես էլ լույս Որդին լույս Հորից է առաջ եկել ծննդյամբ, և Որդու աստվածության կրակը Հոր աստվածության կրակից տարբեր չէ, այլ միևնույնն է բնությամբ: Իսկ Որդու ծննդյան օրինակը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ խոսքի ծնունդը մարդկային մտքից, թեև այս օրինակը ևս ամբողջությամբ չի համապատասխանում ճշմարտությանը: Այս պատճառով էլ ասվում է Բան՝ ծնունդի անապական լինելու
համար, իսկ Որդի՝ քանզի Հոր բնությունից է և ոչ՝ նրանից օտար կամ արարած՝ ըստ Արիոսի հայհոյության:
Եվ անիմանալին իմանալու միակ միջոցը ոչ թե անքննելին քննելն է, այլ՝ հավատալը Սուրբ Գրքում ասվածներին, որոնք հաստատում են, որ աստվածային ծնունդն անհասանելի է մտքին և խոսքով՝ անճառելի: Նույնպես և Սուրբ Հոգին, ասվում է, բխում է Հորից և փառակից է Որդուն, կատարյալ Աստված, ինչպես Հայրը և Որդին: Երեք Անձնավորությունները մի կամք ունեն, մի զորություն և մի արարչություն: Հայրը կամեցավ ստեղծել երևելի և աներևույթ արարածները, Որդին անգոյից գոյացրեց, և Սուրբ Հոգին նրանց իմաստությամբ զարդարեց:
Եվ նույն Ինքը Աստծո Բանն է, որ մարդուն Իր պատկերով ստեղծեց և հանցանքից հետո երևաց նրան և բոլոր առաջին արդարներին՝ Նոյին և Աբրահամին, Իսահակին և Հակոբին, Հոբին և Մովսեսին, Ահարոնին, Հեսուին և այլ մարգարեների, և խոսեց նրանց հետ, վերջին ժամանակներում Գաբրիել հրեշտակապետի ավետիսով իջավ Կույս Մարիամի որովայնը և նրա բնությունից մարմին, հոգի և միտք առնելով՝ նոր և անճառելի միավորությամբ Իր Աստվածությանը միացրեց և մանուկի պես ինն ամիս որովայնի մեջ աճելով՝ ծնվեց որպես կատարյալ Աստված և Մարդ՝ անշփոթ էությամբ և անբաժանելի միավորությամբ, մի Քրիստոս և մի անձնավորություն՝ միացյալ երկու բնությունից:
Կաթնասուն եղավ որպես մարդ և հրեշտակներից փառավորվեց որպես Աստված: Ամեն ինչի կատարիչն աշխարհի վրա շրջեց երեսուն տարի, մինչև մարդկային կատարյալ հասակին հասնելը, որպես մարդ
մկրտվեց ծառայից և Հորից ու Սուրբ Հոգուց վկայվեց որպես Բարձրյալի Որդի: Որպես մարդ փորձվեց սատանայից և որպես Աստված հաղթեց փորձողին:
Քաղցեց, ծարավեց, ննջեց, արտասվեց և հոգնեց որպես մարդ՝ մարմնի օրենքներին ենթարկվելով: Կատարեց նշաններ ու հրաշքներ և ցույց տվեց աստվածային զորությունը՝ որպես կատարյալ Աստված:
Կամովին չարչարվելով եկավ, և անչարչարելին մեր չարչարելի բնությամբ չարչարվեց Խաչի վրա, մահվանն անպարտականը մեռավ մեր մահկանացու մարմնով՝ կենդանացնելու մեր մեղքերով մեռած բնությունը: Աստվածությանը միացած մարդկային Իր հոգով գերեզման իջավ և կրկնակի ավերեց դժոխքը՝ դժոխքում գտնվողներին ազատություն շնորհելով, իսկ աստվածային մարմնի հարությամբ՝ մեր մահկանացու բնությանը տալով մահվան ապականությունից հարություն առնելու հույսը: Երրորդ օրը իշխանաբար հարություն առավ մեռելներից և երևաց Իր աշակերտներից տասներկուսին, յոթանասունին, հինգ հարյուրին և շատերին, որոնք Իր վկաներն ու քարոզողներն եղան աշխարհում: Եվ քառասուն օրերի ընթացքում երևալով խոսում էր նրանց հետ:
Եվ քառասուներորդ օրը երկինք բարձրացավ և բարձունքներում մեր բնությամբ նստեց Հոր աջ կողմը, որից անբաժանելի էր Իր Աստվածությամբ և պիտի գա նույն մարմնով, Հոր և Իր Աստվածության փառքով՝ մեռելներին հարություն տալու և աշխարհը արդարությամբ դատելու համար՝ բարեգործներին տալով բարիքների ժառանգություն և անվախճան թագավորություն, իսկ չարագործներին՝ իրենց գործածի համեմատ հավիտենական ամոթը և տանջանքը:
Եվ արդ, հավատքի այս ճշմարիտ դավանությունը մեր միջի աստվածային տաճարի հիմքն է: Իսկ բարի գործերը հիմքի վրա բարձրացած շինվածքն են, ինչպես որ Տերը Պետրոսի դավանությունը հաստատեց որպես վեմ՝ Իր Եկեղեցու իմանալի հիմք և Իրեն՝ որպես շինողի և բոլոր ազգերից Իր ընտրյալների կատարած բարեգործությունները՝ որպես շինանյութ՝ քարի, փայտի և այլ պետքերի փոխարեն:
Սբ. Ներսես Շնորհալի <<Բ Թուղթ Ընդհանրական>>

Օրվա ընթերցվածք.

Հովհաննես առաքյալի Ա թուղթը 5.1-12
Ամէն ոք, ով հաւատում է, թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնուած. եւ ամէն ոք, ով սիրում է ծնունդ Տուողին, սիրում է նաեւ նրանից Ծնուածին: Սրանով ենք ճանաչում, թէ սիրում ենք Աստծոյ Որդուն, երբ սիրենք Աստծուն եւ կատարենք նրա պատուիրանները. քանզի այս է Աստծոյ հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները: Եւ նրա պատուիրանները ծանր չեն, քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին: Եւ այս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը: Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ՝ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծոյ Որդին: Սա է, որ եկաւ ջրով, Հոգով եւ արեամբ՝ Յիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլեւ արեամբ եւ ջրով: Եւ Հոգին է, որ վկայում է, որովհետեւ հէնց Հոգին է ճշմարտութիւնը: Սրանք երեքը միասին են վկայում՝ Հոգին, ջուրը եւ արիւնը. եւ երեքը վկայութեան մէջ մէկ են: Եթէ ընդունում ենք մարդկանց վկայութիւնը, Աստծոյ վկայութիւնն, ինչ խօսք, աւելի մեծ է: Այս է Աստծոյ վկայութիւնը. այն, որ նա վկայեց իր Որդու համար: Ով հաւատում է Աստծոյ Որդուն, նա իր մէջ իսկ ունի այս վկայութիւնը. ով չի հաւատում Աստծոյ Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հաւատում այն վկայութեանը, որն Աստուած վկայեց իր Որդու համար:  Եւ այս իսկ է վկայութիւնը. այն, որ Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ դա այն կեանքն է, որ նրա Որդու մէջ է: Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաեւ կեանքը. եւ ով չի ընդունում Աստծոյ Որդուն, չի ընդունում նաեւ կեանքը: