«Մենք կգանք քեզ հետ, եթե քո Տեր Աստված քեզ հետ լինի»։

Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հոգևոր քարոզներ 2018

«Մենք կգանք քեզ հետ, եթե քո Տեր Աստված քեզ հետ լինի»։
Ցանկացած քրիստոնյա կարող է իր մեջ կրել թե Հեսուին և թե Աքարին։
Ինչպե՞ս մենք պետք է հասնենք երկնային Քանան, եթե մենք ունենք բազում թշնամիներ՝ սատանան, աշխարհը և մեղքը, ինչպե՞ս մենք պիտի հաղթահարենք սրանց առանց Աստծո զորության։ Իսկ ինչո՞ւ առանց Աստծո զորության. որովհետև Տերը և Աքարը մի բանակի մեջ ապրել չեն կարող, քանի որ գրված է, թե՝ երկու տիրոջ չես կարող ծառայել. մեկին կատես և մյուսին կհարես, կամ հակառակը։ Նույն աղբյուրից դառը և քաղցր ջուր միաժամանակ չի կարող բխել։ Կամ ի՞նչ ընդհանուր բան ունի խավարը լույսի հետ, կամ Բելիարը՝ Քրիստոսի հետ։ Աստված չի բնակվում աղտեղությամբ լցված անոթների մեջ, ինչպես որ Իսրայելի մեջ չբնակվեց, քանի դեռ այնտեղ նզովք կար։ Եվ երբ տեսնում ենք, որ պարտվում ենք փոքր Գայիից, պետք է լրջորեն մտահոգվենք, թե ինչն էր պարտության պատճառը, և Հեսուի պես ընկնենք Տիրոջ առջև արտասվելով և սգալով, մինչև որ Տերը Հեսուի պես մեզ էլ այցելի և հայտնի մեր պարտության պատճառը, և ոչ թե անտարբեր նստենք և ենթադրություններ անենք։ Փոքր Գայիից պարտություն կրելն այն է, որ մենք մի փոքր վիրավորանքից իսկույն նեղվում ենք, մի փոքր արհամարհանքից՝ խռովվում, մեր կարծիքին դեմ լինելուց՝ բարկանում, աշխարհային ցանկություններից գայթակղվում, եղբոր բարի գործերից չար նախանձով բռնկվում, աղոթքից՝ ձանձրանում, ծուլանում Սուրբ Գիրքը կարդալուց, գովասանքից՝ փառավորվում, հպարտանում և սկսում ենք
բոլորին վերևից նայել, մխիթարվում արտաքին բաներով, նեղության պահին հույսներս կտրում Տիրոջից և ապավինում մեզ կամ ուրիշին։ Եվ այսպիսի բազում բաներ։ Եվ երբ սրանք մեր մեջ ի հայտ գան, ուրեմն պետք է քննենք մեր անձերը և աշխատենք դրանց պատճառները գտնել ու վերացնել, ինչպես որ վարվեց Հեսուն։ Մենք էլ մեր ներսի Աքարին հայտնաբերելու համար պետք է Հեսուի պես Տիրոջ առջև ընկնենք, աղոթքով աղաչելով խնդրենք Իր օրհնությունը՝ նրան հայտնաբերելու և բնաջնջելու, ինչպես որ պատգամեց Պողոս առաքյալը. «Հին մարդը կրքերով հանդերձ խաչը հանեք»։
Այս գիրքն էլ, եթե աղոթքով կարդանք, ապա նա էլ կարող է պատճառ լինել մեր միջի Աքարի հայտնաբերման համար։ Եվ երբ Աքարին մեր մեջ հայտնաբերենք՝ հպարտության կամ փառամոլության տեսքով, որկրամոլության և արծաթասիրության ու դրամապաշտության տեսքով կամ այլևայլ կրքերի տեսքով, ապա մենք Հեսուի և ողջ Իսրայելի պես առանց խղճի խայթի դուրս հանենք դրանք մեր միջից և քարկոծելով ոչնչացնենք։ Եվ քանի որ Աքարին ոչնչացրին ոչ թե սրով կամ կախելով կամ մի ուրիշ ձևով, այլ, հատկապես, քարկոծելով, մենք էլ պետք է դիմենք նույն օրինակին։ Երբ մեր մեջ կտեսնենք հպարտություն, ապա այս Աքարին ոչնչացնենք այն քարերով, որ մեզ վրա կգան վիրավորանքի, արհամարհանքի, հիվանդությունների, այլ նեղությունների և վշտերի տեսքով։ Չխուսափենք այս քարերից, այլ գոհությամբ Տիրոջ ձեռքից ընդունենք որպես բուժիչ դեղ՝ թեկուզ դառը և ցավոտ։ Իսկ եթե չենք կարողանում, ապա խնդրենք Տիրոջը՝ ասելով. «Ո՜վ Տեր, շնորհ՛իր զորություն, որպեսզի այն բոլոր բաները, որ ինձ ցավ են պատճառում, գոհունակությամբ օրհնյալ ձեռքիցդ ընդունեմ, քանզի Դու ում որ սիրում ես, նրան էլ խրատում ես»։
Եթե մեր մեջ նկատենք որկրամոլության Աքարին, ապա նրան պետք է քարկոծենք պահքով և ժուժկալությամբ, արծաթասիրությանը՝ մահվան և դժոխքի հիշողությամբ։ Եվ մնացած բոլորին էլ համարել քարեր, այսինքն՝ դեղերը կգտնվեն այս գրքի համապատասխան վերնագրերում, եթե աղոթքով այն փնտրենք։ Պետք չէ վշտանալ, եթե Աքարը միանգամից չի մահանում մեր մեջ. Հեսուի ժամանակ էլ նրան միանգամից չգլխատեցին, այլ հազարավոր քարերով քարկոծեցին։ Ուրեմն մենք էլ այդ հազարավոր քարերը, որ գալիս են մեզ վրա, որպես գանձ ընդունենք և ոչ թե՝ պատիժ։
Այնժամ օրեցօր աքարները մեր միջից կվերանան, և Հեսուն, այսինքն՝ նոր մարդը, Քրիստոսով, Աստծո զորությամբ կպատերազմի բարի պատերազմը և կհասնի խոստացված լուսե պսակին։ Երբ մի ամրոցի դեմ բազմաթիվ թշնամիներ են դուրս գալիս, որպեսզի գրավեն այն, այդ ամրոցի մարդկանց համար կրկնակի դժվար կլինի պատերազմելը, երբ պարզվի, որ իրենց մեջ դավաճան կա, որը դաշնակից է դրսի թշնամու հետ. և առաջին գործը ինքնըստինքյան պետք է լինի այն, որ հայտնաբերեն և ոչնչացնեն ներքին թշնամուն, որպեսզի կարողանան արտաքին թշնամուն դիմակայել և հաղթել։ Բայց այդ թշնամուց՝ հին մարդուց, ազատվելն էլ առանց Տիրոջ օգնության չի լինում։ Ուրեմն, երբ մեր մեջ եղող հին մարդը՝ մեզ պարտության մատնող կրքերը, կքարկոծենք, այնժամ մենք նրանց վրա քարեր պիտի դիզենք, որպեսզի նորից չկենդանանան և գլուխ չբարձրացնեն մեր դեմ։ Այսինքն՝ առավել սիրենք արհամարհանքը, քան փառքը, պահքը, քան ճոխ ուտելիքների տենչանքը, Քրիստոսով աղքատանալը, քան այս աշխարհի սերն ու արծաթասիրությունը, և այլ և այլ շատ բաներ։
Երբ մենք ազատվենք այս նզովքներից, այնժամ, վերստին նորոգվելով, կարժանանանք Սուրբ Հոգու տաճար լինելուն, Տիրոջ զորությամբ և առաջնորդությամբ կարժանանանք մտնելու երկնային Քանան և պատճառ կդառնանք շատերի համար ևս այդ ճանապարհով գնալու։ Հիշենք, թե ինչ ասաց Իսրայելի ժողովուրդը Հեսուին, երբ նա նոր սկսում էր ղեկավարել Իսրայելին Մովսեսի փոխարեն.
«Մենք կգանք քեզ հետ, եթե քո Տեր Աստված քեզ հետ լինի»։ Մենք էլ ջանանք ապրել այնպիսի կյանքով, որ կարողանանք Պողոս առաքյալի պես ասել. «Այլևս ոչ թե ես, այլ Քրիստոս իմ մեջ»։
Եվ այդ ժամանակ, քանի որ պատերազմը մերը չէ, այլ Աստծունը, ապա Աստված էլ կհաղթի մեր բոլոր թշնամիներին, քանի որ ասվում է. «Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ է, որ մեր դեմ է» Հռոմ.8:31։ Ուրեմն, փնտրենք և կգտնենք, դուռը թակենք, և կբացվի, խնդրենք, և կտրվի։ Այնժամ, լինելով ճշմարտապես լուսո որդիներ, կարժանանանք Հոգով և Ճշմարտությամբ փառավորելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։
«Խրատանի ապաշխարության»

Օրվա ընթերցվածք.

Հովհաննես առաքյալի Ա թուղթը 4.7-21
Սիրելինե՛ր, սիրե՛նք միմեանց, քանի որ սէրն Աստծուց է. եւ ամէն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնուած եւ ճանաչում է Աստծուն: Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստուած սէր է: Եւ սրանում երեւաց Աստծոյ սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի նրանով կենդանի լինենք: Սրանում է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար: Սիրելինե՛ր, եթէ Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք եւս պարտաւոր ենք սիրել միմեանց: Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել: Եթէ միմեանց սիրենք, Աստուած բնակւում է մեր մէջ. եւ նրա սէրը մեր մէջ կատարեալ է: Սրանով գիտենք, թէ մենք նրա մէջ ենք բնակուած, եւ նա էլ՝ մեր մէջ. այն, որ նա իր Հոգուց տուեց մեզ: Եւ մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն՝ աշխարհի Փրկիչ լինելու: Նա, ով խոստովանի, թէ Յիսուսն է Աստծոյ Որդին, Աստուած բնակւում է նրա մէջ, եւ նա՝ Աստծոյ մէջ: Եւ մենք հաւատացինք ու ճանաչեցինք Աստծոյ սէրը, որ նա ունի մեր հանդէպ: Աստուած սէր է. եւ ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստծոյ մէջ, եւ Աստուած բնակւում է նրա մէջ: Աստծոյ հանդէպ եթէ սէրը կատարեալ է մեր մէջ, ուրեմն վստահութիւն կունենանք դատաստանի օրը նրա դիմաց կանգնելու. որովհետեւ ինչպէս որ նա է, այնպէս էլ մենք ենք այս աշխարհում: Սիրոյ մէջ երկիւղ չկայ. եւ կատարեալ սէրը հեռու է վանում երկիւղը, որովհետեւ երկիւղը տանջանքի ենթակայ է. եւ ով երկնչում է, կատարեալ չէ սիրոյ մէջ: Սիրե՛նք Աստծուն, որովհետեւ առաջինը նա՛ սիրեց մեզ: Եթէ մէկն ասի, թէ սիրում է Աստծուն, եւ ատի իր եղբօրը, սուտ է խօսում. ով չի սիրում իր եղբօրը, որին տեսնում է, ինչպէ՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել: Եւ նրանից ունենք այս պատուիրանը. ով սիրում է Աստծուն, նա պէտք է սիրի նաեւ իր եղբօրը: