Հոգևոր քարոզներ 2018 - Hogevor qarozner 2018 hogevor qarozner, hogevor karoz, hogevor karozner 2018, hogevor karoz 2018, հոգևոր քարոզներ, հոգեւոր քարոզ, հոգեվոր քարոզ, պատգամներ, 2018
ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնն այսօր.
Շնորհավորում եմ բոլորին մեր Տիրոջ Հրաշափառ Համբարձման տոնի առթիվ, և կրկնակի շնորհավորանք ողջ հայությանը մայիսյան հաղթական տոների, ինչպես նաև Համբարձում անուն, ազգանունը կրող անձանց, իրենց անվանակոչության օրվա առթիվ:
Նկարի քարի վրա վերջին անգամ դրվեց մեր Տիրոջ Սուրբ ոտքը: Երանի նրանց, ովքեր ապրեցին ու վայելեցին մեր Տիրոջ ներկայությունը, հավատացին ու սիրեցին, քայլեցին ու լսեցին, տեսան ու զարմացան, և այդ Լույսը տարածեցին աշխարհով մեկ, բայց առավել երանի է մեզ, որ ստացանք մեր Փրկչի գերագույն սիրո Կտակը, հաստատվեցինք ու պատսպարվեցինք Իր հաստատած եկեղեցու մեջ, ամեն րոպե մեզ հետ ունենալով Նրա հետ խոսելու հնարավորություն, Նրան լսելու շնորհ. Նրա հետ հաղորդակցվելու երանություն: Մեր Տերը համբարձվեց, սակայն մեզ անմասն չթողեց Իր լույսից: Ամեն Կիրակի Սուրբ Պատարագի Անհաս Խորհրդից մենք մաս ու բաժին ունենք մեր փրկության համար: Մեզ մնում է միայն կրել այդ լույսը մեր մեջ և ապրել լուսավոր, այնպես, որ այդ լույսը շողարձակի ամենուր մեր միջոցով, և մեր սրտերը թող բերկրանքից ծփան այս խոսքից. «Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»։
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Քրիստոս Իր հրաշափառ հարությունից հետո 40 օր երևաց Իր աշակերտներին՝ նրանց հետ խոսելով Աստծո արքայության մասին: Քառասուներորդ օրը, վերջին անգամ այցելելով նրանց, Հիսուսը վերստին բացատրեց Իր աստվածային տնօրինությունների խորհուրդը, որի վկան ու մասնակիցը եղան նրանք, և պատվիրեց մնալ Երուսաղեմում մինչև Պենտեկոստեի օրը, երբ կիջնի Սուրբ Հոգին և բնակվելով նրանց մեջ՝ կառաջնորդի իրագործելու իրենց առաքելությունը ողջ աշխարհում: Այնուհետև Իր աշակերտների հետ Քրիստոս բարձրացավ Ձիթենյաց լեռը, որտեղ օրհնեց նրանց: Եվ մինչ օրհնում էր, բոլորի աչքի առջև բարձրացավ երկինք, և ամպը ծածկեց Նրան: Աշակերտներն ապշահար դեպի երկինք էին նայում, երբ երևացին երկու ճերմակազգեստ մարդիկ և ասացին.
«Ինչո՞ւ եք կանգնել ու նայում երկինք: Այս Հիսուսը, որ ձեր միջից երկինք վերացավ, պիտի գա նույն ձևով, ինչպես տեսաք Նրան երկինք գնալիս» Գործ.1.9
Այս խոսքերով հրեշտակներն աշակերտներին հիշեցրին աշխարհի վախճանին Քրիստոսի երկրորդ գալստյան մասին:
Քրիստոս Իր համբարձմամբ ոչ թե հեռացավ Իր աշակերտներից, այլ գնաց, որպեսզի Սուրբ Հոգին գա և հեղվի նրանց մեջ՝ բոլորին օժտելով երկնային շնորհներով: Նա համբարձվեց, որպեսզի երկինքը երկրին միավորի և աստվածացնի ու փառավորի մարդկային բնությունը, ինչպես և ասել էր. «Երբ Ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի Ինձ կձգեմ» Հովհ. 12.32: Քրիստոսի համբարձմամբ բացվեց դեպի երկինք տանող ճանապարհը՝ երկնքի ներքո գտնվող և մարդկանց մոլորեցնող սատանայի ու դևերի միջով: Նա ելավ երկինք և նստեց Հոր աջ կողմում առանց լքելու Իր սիրելի առաքյալներին և բոլոր նրանց, ովքեր հավատում և սիրում են Իրեն: Համբարձման տոնը Եկեղեցին նշում է Հինանց շրջանում՝ Զատիկից 40 օր անց, և 10 օր շարունակ՝ մինչև Հոգեգալուստ, պատվում այս տնօրինության հիշատակը նրան նվիրված շարականներով:
Սրբազան Ավանդություն.
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Մատթեոսի 28.16-20
Իսկ տասնմէկ աշակերտները գնացին Գալիլիա՝ այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրուել էր: Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, իսկ ոմանք երկմտեցին: Եւ Յիսուս մօտենալով խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրուած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացէ՛ք, ուրեմն, աշակե՛րտ դարձրէք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը»:
Post Views: 2,564