Երջանկության, ուրախ կյանքի ու անմահության բնական փափագն ունեցող մարդու համար խիստ անհրաժեշտ ազատվել մեղքի իշխանությունից։
Այսպես, Ադամն ու Եվան մեղանչելով՝ աղավաղում են իրենց աստվածային անթերի պատկերը, այսինքն՝ այդ աստվածապատկեր բարի բնության մեջ իրենց ազատ կամքով ու ընտրությամբ ներընդունում են մի թույն, որն ախտահարում է մարդկային ողջ բնությունը՝ վնասելով ու հիվանդացնելով մարդ արարածի թե՛հոգին և թե՛ մարմինը։ Արդյունքում մարմինը մահկանացու է դառնում՝ համաձայն Ադամին նախապես տրված աստվածային պատվիրանի, որն էլ ապա վերածվեց անեծքի։ Ուրեմն՝ մեղքն էր պատճառը, որ մարդու կյանքը լցվեց բազմապիսի ցավերով ու տառապանքներով և մահն առաջ եկավ, այլապես Աստված Ադամին ու Եվային անմահ էր ստեղծել («Բանսարկուի նախանձո՛վ մահն աշխարհ մտավ». Իմաստ. Բ 24)։ Ուստի այժմ պարզ է, թե ինչո՛ւ է երջանկության, անցավ կյանքի ու անմահության բնական փափագն ունեցող մարդու համար խիստ անհրաժեշտ ազատվել մեղքի իշխանությունից։
Առաջին մարդիկ կոչված էին հավիտենապես ապրելու Աստծո հետ միության մեջ։ Աստծո հետ միությունը նախևառաջ Աստծո կամքի հետ միությունն է։ Ազատ կամքը մարդուն տրված էր գիտակցորեն ու ազատորեն Աստծուն իբրև իր նպատակի և կյանքի աղբյուրի ընտրելու համար, այսինքն՝ սիրելու Նրան ամեն ինչից առավել, իսկ առանց ազատության գոյություն չունի սեր։ Բայց երբ եկավ ընտրություն կատարելու պահը, մարդն իր Արարչի հանդեպ անհավատարիմ գտնվեց ու հարեց սատանային՝ այսպիսով անցնելով վերջինիս իշխանության ներքո։ Իսկ սրա պատճառն այն էր, որ առանց Արարչի կամքի հետ համաձայնության կամեցավ իրեն աստված տեսնել և իր կյանքի կենտրոնից Աստծուն հանելով՝ փոխարենն իր անձը դրեց։ Մինչդեռ մարդուն Իր պատկերը շնորհած
Արարիչ Աստծո նպատակն ուրիշ բան չէր, քան մարդու աստվածացումը, բայց աստվածացումն Իրենո՛վ և ո՛չ թե Իրենից դուրս մեկ այլ ճանապարհով, որն իրականում գոյություն չունի էլ։
Այսպիսով պարզ է դառնում, որ մեղքի արտադրիչը սեփական անձն Աստծուց առավել սիրելն է, այսինքն՝ եսասիրությունը՝ իր բոլոր դրսևորումներով։ Եվ վերոնշյալ պատճառներով է մեղքը սովորաբար սահմանվում որպես «անհնազանդություն Աստծո պատվիրաններին», «եսասիրության կամ անձնասիրության արդյունք»։
Այս ամենից հետևում է, որ մարդը մեղքից ձերբազատման միայն մեկ ճանապարհ ունի. վերականգնել Աստծո բացարձակ գերիշխանությունն իր ներսում՝ գահից իջեցնելով սեփական անձը։
Մեղքի դեմ պայքարը հենց այս գործընթացն է. ամեն քայլափոխի շարժվել այնպես, ինչպես մեր Տեր Աստվածն է կամենում, և այնտեղ, ուր մեր սեփական ցանկություններն ու Աստծո կամքը չեն համընկնում, մերը մի կողմ դնել՝ կատարելու համար Աստծունը։ Եվ սա ճանապարհ է դեպի մարդու՝ Ադամով խաթարված աստվածային պատկերի վերականգնումը, այլև դեպի հավիտենական կյանք՝ Աստծո հետ միության մեջ։ Քրիստոնյան, այսինքն՝ մեկը, ով Քրիստոսի հետևորդն է, առանց այս ճանապարհի չի կարող հասնել փափագելի երջանկությանը։ Սեփական անձն Աստծով փոխարինելը, սեփական անձն Աստծո համար այս կերպ «կորցնելը»՝ Տիրոջ խաչը կրելով, նախապայմանն է քրիստոնյայի փրկության՝ համաձայն Տեր Հիսուս Քրիստոսի խոսքի. «Եթե մեկն ուզում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, իր խաչը վերցնի և Իմ հետևից գա։ Որովհետև ով ուզում է իր անձն ապրեցնել, այն կկորցնի, և ով իր անձն Ինձ համար կորցնի, այն կգտնի» (Մատթ. ԺԶ 25-26)։
Տեր Հիսուսը շարունակ ազդարարում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձանով» (Հովհ. 14: 6)։ Այսինքն՝ «Ես եմ միայն, որ ճշմարիտ Աստված և Աստվածորդի լինելով՝ կարող եմ Ադամի մոլորված որդիներին դարձյալ բարձրացնել Հոր մոտ՝ վերականգնելով նրանց աստվածորդիության երբեմնի պատիվը։ Ես եմ միայն, որ Ինքս որևէ մեղք չունենալով՝ ցույց եմ տալիս այն ճանապարհը, որով մարդը կարող է հաղթել մեղքին՝ այդ օտարածին ու մարդու ի բնե բարի բնության մեջ դրսից ներմուծված ախտին, ազատվել դրա հետևանքը հանդիսացող մահվանից և հավիտենապես ապրել։ Հենց այդ նպատակով՝ ձեզ մեղքի ու մահվան իշխանությունից փրկելու և երկնքի արքայությանն արժանացնելու համար էր, որ եկա աշխարհ, այսինքն՝ մարդացա, երկրի վրա կատարեցի այն ամենն, ինչ կամեցավ Իմ Հայրը։ Հենց այդ նպատակով խաչի մահը ճաշակեցի և ապա հարություն առա մեռելների միջից, համբարձվեցի երկինք և երկրորդ անգամ պիտի գամ՝ հարություն տալու մեռելներին և դատաստանի միջոցով արդարներին պարգևելու խոստացված արքայությունը, իսկ անհավատարիմներին կորստյան մատնելու»։
«Հիսուս` փրկիչ և Տիրոջ փրկություն է նշանակում՝ ժողովրդին փրկելու ոչ թե աշխարհի տեսանելի պատերազմողներից ու մարմնական ծառայությունից, այլ ՄԵՂՔԻՑ ու ապականությունից, և ժառանգորդ դարձնելու ոչ թե Աբրահամին իբրև ընծա խոստացված երկրին, այլ ողջերի երկրին՝ երկնքի արքայությանը, և անճառելի բարիքներին, «որոնք աչքը չտեսավ, ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկան» (Ա Կորնթ. Բ 9)»
(Սարգիս Շնորհալի վարդապետ, 12-րդ դ.):