ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Այսօր տարվա վերջին շաբաթ օրն է. Սկսնակ քրիստոնյան և Պահքը.
Դիմավորենք Մանուկ Հիսուսին ժուժկալությամբ, ինչպես Իր կյանքն էր, սիրով` ինչպես Ինքը մեզ սիրեց, կամավորությամբ` ինչպես Ինքը հանձն առավ խաչվել մեզ համար :
Ինչպես առաջին մարդը չենթարկվեց առաջին`«Մի կեր այս պտղից» պատվիրանին, այնպես էլ ժամանակակից մարդը չի հնազանդվում պահք պահելու պատվիրանին, ասել է թե կարգապահությանը, որովհետև տեղյակ չէ պահքի զորավոր հատկությանը: Ժամանակակից հավատացյալը պահքի մասին ունի մեկ ընդհանուր պատկերացում, այն է` սննդամթերքի սահմանափակում, որը պատճառ է դառնում պահքի հրաժարումից, քանի որ մարդը կախված է իր սիրելի սննդից այնպես, ինչպես կախված է մեղքից: Մինչդեռ պահքի գլխավոր նպատակն է ոչ միայն սննդի սահմանափակում, այլ հատկապես ենթադրում է վարքի քննություն , ազատագրում կախվածություններից և առաքինությունների սանձը ձեռքում պահելու կարողություն: Փորձառու պահեցողները գիտեն, որ իրենց կյանքի գլխավոր ձեռքբերումները ունեցել են պահեցողություններց հետո: Պահքին վարժվելու համար ժամանակ է պետք: Ամեն պահքի ժամանակահատվածի ավարտին մի նոր առաքինություն է ի հատ գալիս, որ նախկինում չկար: Միայն դու կամեցիր, Աստված քեզ կօգնի քո անկարողության մեջ:
Պահքի կանոններ քրիստոնյայի համար
1. Նախ ունեցիր եկեղեցական օրացույց. ապա ծանոթացիր պահքի մանրամասներին, ուսումնասիրիր տարվա մեջ հանդիպող բոլոր պահքերի օրերը և առիթները: Տարվա համարյա կեսը պահք է, բայց այն թող քեզ չտխրեցնի, պահքի նպատակը քո շահերից է բխում: Պահքի գլխավոր պայմաններից մեկը այն է, որ անհարկի պատճառաբանություններ չլինեն պահք պահելու համար:
2. Պահքը սկսիր նախ չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերից` հիշելով, որ այս երկու օրերը անմիջական կապ ունեն մեր Տեր` Հիսուս Քրիստոսի մատնության և խաչելության հետ: Ապա սկսիր շաբաթապահքերից և հետո միայն նախապատրաստվիր Մեր Պահքի 48 օրերի շրջանին.
3. Առաջին անգամ պահք պահելիս լավագույն արդյունք մի ակնկալիր, որովհետև հենց պահք պահողին են հյուր գալիս բոլոր փորձությունները` ինչպես անծանոթների, այնպես էլ ծանոթ բարեկամների տեսքով: Հիմնական հրավերքները առաջարկվում են պահոց օրերին: Պահք պահել չի նշանակում չշփվել մարդկանց հետ, այլ հնարավորինս գաղտնի և ոչ ցուցադրական թող լինի պահքը, որպեսզի ներկաները չզգան քո ներքին հոգեվիճակի մասին, հատկապես, որ շրջապատում չկան պահք պահողներ:
4. Չորեքշաբթի և Ուրբաթ օրերի պահքով ձեռք բեր փորձառություն, դասավորիր քո ժամանակացույցը այնպես, որ համատեղվի աղոթքը, Սուրբ Գրքի ընթերցանությունը, խոկումը և միևնույն ժամանակ սննդամթերքի կարգավորումը: Մինչև կարտոֆիլը խաշվի, դու երկու սաղմոս կարդա...
5. Պահքը ստիպողական չէ, այլ կամավոր, այն էլ սիրով պետք է պահվի: Պահքը կարելի է բոլոր մարդկանց, բայց այն պետք է պահեն հատկապես քրիստոնյաները, քանի որ քրիստոնյաները գիտեն, որ աղոթքն ու զղջումը, պահքի ժուժկալությունը ուղղակի հարված է մեր թշնամուն`սատանային: Որևէ առաքինության ձգտելու մեր ցանկությունը մի քայլ հեռացնում է մեզ մեղքից:
6. Պահքի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ պետք չէ կենտրոնանալ ուտելու և չուտելու խստության վրա և երբեմն էլ` չափազանցության հասնող ծայրահեղության: Սեղանից վեր կաց կիսաքաղցած: Ոչ թե սառնարանի վրա կողպեք դիր, այլ չափավոր սնվիր: Մնացած քաղցդ հագեցրու սաղմոս կարդալով, կամ Սուրբ Գրքից մի գլուխ կարդալով և դրա մասին մտածելով:
7. Պահքը միակ միջոցն է մարմինը ամբողջովին հոգուն հնազանդեցնելու համար: Ուստի ճշմարիտ քրիստոնյան, բարեխղճորեն պահելով այն, ոչ միայն իր հնազանդության պարտքն է կատարում պատվիրանի հանդեպ, այլև պահեցողության շնորհիվ հեշտությամբ առաջադիմում է մյուս առաքինություններում նույնպես:
8. Պահքը անհատական գործընթաց է : Պահքի ժամանակ սննդակարգի նույն կանոնները չեն կարող հավասարապես նույն ուժով ազդել բոլորի վրա: Հիվանդի պահքը տարբեր է առողջի պահքից, ծերի պահքը տարբեր է երիտասարդի պահքից: Սակայն պահոց շրջանում աղոթքը, զղջումը, Սուրբ գրքի ընթերցանությունը անհրաժեշտ է բոլորին: Ճիշտ պահելու դեպքում է ձևավորվում կամքը, իսկ ով ձեռք է բերում կամք, նա հաղթահարում է ցանկացած դժվարություն: Իսկ դժվարությունները քայլում են մեզ հետ ամեն օր: Եթե կա հիվանդություն, ապա կա նաև բուժամիջոց, որի հետևում կանգնած է մեր Տերը` Իր օգնությամբ և օրհնությամբ:
9. Մարդկային կրքերը առավել սրվում են պահքի ժամանակ, որովհետև սննդի սահմանափակումից մարդը դառնում է դյուրագրգիռ, եթե հավասարապես չի սահմանափակում իր սիրելի մոլությունները: Շատ արդյունավետ է պահքի ժամանակ ձեռբազատվել մեկ վատ սովորությունից, օրինակ` սերիալ նայելուց, կամ հեռախոսից, կամ սուտ խոսելուց, կամ հայհոյելուց: Նայած թե ում ինչն է խանգարում որպես կախվածություն:
10. Պահքի շրջանի ապրած կյանքը առավել հետաքրքիր է ու երջանիկ, որովհետև դու պայքարում ես քեզ հետ, և համոզվում ես, թե դու ինչքան անկարող ես մեղքի հանդեպ: Աստված չի ուզում մեզնից տկարացած մարմին` պահքի պատճառով, այլ զորացած հոգի`մարմնի ժուժկալության հետևանքով: Զսպիր մարմինդ` կզորանա հոգիդ:
Պահքի սննդամթերքը բացառապես բուսական է, չափի մեջ: Պահոց ուտելիքը նույնպես չի կարելի չարաշահել: Պետք չէ սևեռվել հատուկ սննդամթերք հայթհայթելու վրա, տարատեսակ ուտեստներ պատրաստելու վրա, ընդհակառակը` տնտեսած ժամանակը տրամադրիր ընթերցանության վրա, մեկին օգնելու , կամ մի հիվանդի այցելելու վրա: Իսկ ողջ պահքից տնտեսած գումարը տրամադրիր մի կարիքավորի` առանց բացատրելու թե ինչի համար է: Մի խոսքով պետք է պահել պահքը և ամեն պահելուց սովորել հաջորդ պահքը որակյալ պահելու համար: Սրանք սկսնակ հավատացյալների համար են, որոնք դեռ անփորձ են պահքի մեջ:
Իսկ պահքի մեջ վարժվածների համար արդեն թանկ է պահքի նպատակը, թե` առաջիկա տոնի, թե` հոգու դաստիարակության:
Հիշենք մեր Հայրերի խրատները պահքի մասին. <<Ոչ թե մենք ենք պահք պահում, այլ պահքն է մեզ հեռու պահում մեղքից>>:
Օրվա ընթերցվածք.
Հովհաննես առաքյալի Ա թուղթը 1.1-7
Խօսում ենք նրա մասին, որ սկզբից էր, որի մասին լսեցինք, որին ականատես իսկ եղանք, որին նայեցինք, եւ որին մեր ձեռքերը շօշափեցին, այսինքն՝ Կենաց Բանը: Նա նոյն ինքը կեանքն էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ: Ինչ որ տեսանք եւ լսեցինք, պատմում ենք ձեզ, որպէսզի դուք էլ հաղորդակից լինէք նրան մեզ հետ, ինչպէս որ մենք հաղորդութիւն ունենք Հօր հետ եւ նրա Որդու՝ Յիսուս Քրիստոսի հետ: Եւ այս բանը գրում ենք ձեզ, որպէսզի ձեր ուրախութիւնը կատարեալ լինի: Եւ այս է այն պատգամը, որը լսեցինք նրանից եւ պատմում ենք ձեզ. Աստուած լոյս է, եւ նրա մէջ խաւար չկայ, բոլորովի՛ն չկայ: Եթէ ասենք, թէ հաղորդութեան մէջ ենք նրա հետ, բայց քայլենք խաւարի մէջ, ստում ենք եւ ճշմարտութիւնը չենք կատարում: Իսկ եթէ լոյսի մէջ ենք քայլում, ինչպէս որ ինքն է լոյսի մէջ, հաղորդութեան մէջ ենք լինում միմեանց հետ, եւ նրա Որդու՝ Յիսուսի արիւնը մաքրում է մեզ ամէն մեղքից: