ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Վերջին հորդոր, վերջին մաղթանք, վերջին օր.
Մենք սովոր ենք, որ երկուշաբթին լինի նոր սկիզբ շաբաթվա համար, բայց այս տարի երկուշաբթին իր վրա վերցրեց տարին ամփոփելու և ավարտին հասցնելու ծանր բեռը:
Սա թերևս իմ վերջին հորդոր - մաղթանք- խնդրանքն է այս տարվա համար: Շնորհակալ եմ, որ ողջ տարվա ընթացքում ձեր ներկայությամբ ոգեշնչեցիք ինձ, և միասին Աստծո կամքով անցանք հոգևոր մի կ ճանապարհ, որը տևեց 365 օր: Այս օրերի ընթացքում մենք ունեցանք և ուրախություն և տխրություն, որից օգուտ քաղեցինք: Ունեցանք և հաղթանակ և պարտություն, որից դարձյալ մեկ ուրիշ բան սովորեցինք: Բայց տարին ամփոփելի մի բան հստակ հասկացանք, որ առանց Աստծո ձախողված է մեր ամեն քայլ: Բարեպաշտ քրիստոնյայի կյանքում ցնցումներ շատ չեն լինում, որովհետև նա իր բոլոր քայլերում փնտրում է Աստծու կամքը, և այլոց շահը: Իրական քրիստոնյայի կյանքում տարվա 365 օրերն էլ Աստծո հետ են անցնում:
Քրիստոս ամեն օր է ծնվում մեր սրտում, երբ հետևում ենք Իրեն:
Քրիստոս ամեն օր է քարոզում տարբեր մարդկանց միջոցով մեր ականջին` երբ լսում ենք Նրա Լուսավոր խոսքը:
Քրիստոս ամեն օր է խաչվում, երբ մենք մեղք ենք գործում կամա թե ակամա:
Քրիստոս ամեն օր է Հարություն առնում, երբ ազատվում ենք մեր մեծ ու փոքր մեղքերից:
Քրիստոս ամեն օր է Համբարձվում, երբ հավատով ու լիահույս ենք Իրենով:
Քրիստոս ամեն օր է գալիս դատաստանի համար Իր Սուրբ Գրքով, երբ կարդում ենք այն ամեն օր:
Նա ամենուրեք է, բերդում, հիվանդանոցում, ծերանոցում, մանկատանը, զորամասում, մեր տանը, ձեր տանը, սգավոր մոր կողքին և հսկում է մեր սրտերը, թե
ով է իրեն փնտրում որպեսզի նրա մոտ մնա, նրան մխիթարի, սփոփի, խրատի, բուժի, ների, կամ ասի, բարի ծառա, քչի մեջ հավատարիմ եղար, ապրես...
Այս տարվա վերջին Խոսքս ուղղում եմ առաջին հերթին հիվանդներին, նեղյալներին, կարոտյալներին...
Սիրելիներ, ձեզ Աստված է պետք, որ բուժվեք հոգով և մարմնով: Աստված ձեր նվիրական, անտրտունջ աղոթքներին է սպասում, որպեսզի ուղարկի դարմանը:
Սիրելի բանտարկյալ քույրեր և եղբայրներ, ձեզ Աստված է պետք, որպեսզի մխիթարի: Աստված սպասում է ձեր անկեղծ զղջումին ու արտասուքին, որ արձակի ձեզ:
Սիրելի ծերեր ծերանոցի, ձեզ Աստված է պետք, որ զգաք Որդու քաղցրությունը: Աստված սպասում է ձեր անկեղծ աղոթքին, ապավինելուն, որ հուսադրի ձեզ, թե` մենակ չեք:
Սիրելի և չքնաղ մանուկներ մանկատան, Աստված ի սկզբանե ձեզ է սիրել, ձեզ է օրինակ բերել մեծերի համար, ձեր մաքուր սրտով աղոթեք բոլորիս համար, Աստված միշտ ձեզ հետ է, և դուք Սիրասուն և Գթած Ծնող ունեք Երկնքում:
Սիրելի զինծառայողներ, ձեզ Աստված է պետք, որ առողջ վերադառնաք ձեր մայրերին: Փառք տվեք Աստծուն յուրաքանչյուր խաղաղ օրվա համար:
Սիրելի սգակիր մայրեր, մի՞թե Աստծուց բացի մեկը կարող է ձեզ մխիթարել, ձեր նահատակ զավակների հոգիները Նրա մոտ են, Նրա նախախնամության ներքո: Նա ձեր կոտրած սրտի աղոթքներին է սպասում, որ մխիթարի ձեզ:
Սիրելի Քրիստոսասեր ընկերներ և բարեկամներ, ծանոթներ և անծանոթներ, հոգևոր և մարմնավոր հայրենակիցներ, բոլորիս Աստված է պետք մեր փրկության համար: Սիրելի՛ «Հովնան Մարգարեներ» մեզ ապաշխարություն է պետք, որ չկորսվենք: Սիրելի Աստված մեզ Քո զորությունն է պետք, որպեսզի մնանք Քո կամքի մեջ և 2019 թվականը արժևորենք Քո Սուրբ Ծննդյան տոնը հիմք ունենալով: Ողորմիր, ապրեցրու և լսիր մեր խնդրանքները այսօր: Այս և բոլոր տարիներ մեր ձեռքբերումը պայմանավորված է մեր հոգևոր աճի մեջ առաջընթացով:
Սա է իմ մաղթանքը և՛ տարվա սկզբից և՛ տարեվերջին: Մաղթում եմ ձեզ կամք և ուժ: Աստծու հետ ամեն ինչ հնարավոր է:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 20. 9-19
Եւ սկսեց ժողովրդին ասել այս առակը. «Մի մարդ այգի տնկեց եւ այն յանձնեց մշակներին, իսկ ինքը երկար ժամանակով ճանապարհորդութեան գնաց։ Եւ յարմար ժամանակին մշակների մօտ մի ծառայ ուղարկեց, որպէսզի այգու պտղից իր բաժինը տան նրան. իսկ մշակները ծեծեցին նրան ու ձեռնունայն արձակեցին։ Տէրը դարձեալ մէկ ուրիշ ծառայ եւս ուղարկեց. նրանք սրան եւս ծեծեցին, անարգեցին եւ ձեռնունայն ճամբու դրին։ Ապա ուղարկեց նաեւ մի երրորդի. նրանք սրան էլ վիրաւորեցին եւ այգուց դուրս հանեցին։ Այգու տէրն ասաց. «Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերեւս նրանից կը պատկառեն»։ Երբ մշակները նրան տեսան, իրար հետ խորհուրդ արին եւ ասացին. «Սա՛ է ժառանգը, սպանենք սրան, որպէսզի ժառանգութիւնը մերը լինի»։ Եւ նրան այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ Արդ, այգու տէրը նրանց ի՞նչ կ՚անի։ Չէ՞ որ կը գայ ու կորստեան կը մատնի այդ մշակներին եւ այգին ուրիշներին կը տայ»։ Երբ այս լսեցին, ասացին. «Քա՛ւ լիցի»։ Եւ Յիսուս նրանց նայելով՝ ասաց. «Իսկ ի՞նչ է այն, որ գրուած է, թէ՝ «Այն վէմը, որ անարգեցին շինողները, նա՛ է, որ անկիւնաքար եղաւ»։ Ով որ այս վէմին բախուի, կը խորտակուի, եւ ում վրայ որ այն ընկնի, կը ճզմի նրան»։ Եւ օրէնսգէտներն ու քահանայապետները նոյն պահին ուզում էին նրա վրայ ձեռք դնել, բայց ժողովրդից վախեցան, որովհետեւ հասկացան, թէ այն առակը իրենց մասին ասաց։