ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Տարվա վերջին կիրակի` վերջին Սուրբ Պատարագով.
Այս կիրակի 2018 թվականի վերջին Պատարագն է մատուցվում: Շտապենք մասնակցել մեր Տիրոջ` Խորհրդավոր Ընթրիքի հրավերքին: Յուրաքանչյուրս տանք մեր տնտեսության հաշիվը և ինչպես Ավետարանն է ասում, ցույց տանք, թե ինչպես ենք գործածել մեր մնասները: Խնդրենք Տիրոջից ուրիշ մնասներ և իմաստությամբ գործածելով տասնապատիկը վերադարձնենք Նրան: Մասնակցենք Սուրբ Պատարագին և միասնաբար աղոթենք մեր Հայրենիքի սահմանների, մեր Եկեղեցու ամրության և մեր հավատքի անսասանության համար: Հաճախ լինենք եկեղեցում, այնտեղ Տիրոջ մասին են խոսում միշտ: Մեր ականջները թող միշտ արժեքավոր խոսքեր լսեն: Չէ՞ որ աչքերը գնում են տեսնելու այն, ինչ ականջները լսել են...
Այսօր հիշիր ավարտվող տարվա քո բոլոր կիրակիների զբաղմունքը: Հիշիր կիրակիների հանդեպ քո ստանձնած պարտավորությունները և պատգամը` կիրակի օրվա վերաբերյալ: Համեմատիր իրավունքդ և պարտականությունդ, արած և չարած գործերդ, խոստացած և մոռացած խոստումներդ, կամենալդ և կատարելդ: Արդյունքում կունենաս այն, ինչ ունես հիմա` տարվա ավարտին: Մենք հաճախ ենք կրկնում մի արտահայտություն, թե այս թվականը հաջող տարի էր, կամ անհաջող տարի էր, սակայն երբեք չենք անդրադառնում, որ տարին հաջող կամ անհաջող դարձնողը մենք ենք` մեր աշխատավայրում, մեր մեր տանը, մեր երեխաների հանդեպ և մեր անձի հանդեպ: Այսպես անցնում են տարիները մեկը մյուսի հետևից և մենք մեզ հարց ենք տալիս, - ինչ թողեցիք մենք այս տարվա պատմության համար: Դարձյալ ոչինչ: Սակայն Տերը Երանի տվեց այն մարդկանց, որոնք ազատվեցին իրենց մեղքերից: Երանելիների մեջ էին ողորմածները, խաղարարները, արդարության համար պայքարողները, և ամենակարևոր երանին տրվեց մաքուր սրտերին, նրանք Աստծուն պիտի տեսնեն:
Ուրեմն ճանաչիր Աստծո գործերը քո կյանքում և քննիր քո գործերը Աստծու պատգամների կատարման հարցում:
Այս օրը ևս մեծ ասելիք ունի և մեզ հիշեցնում է, որ տարվա բոլոր կիրակի օրերը Տերունական օրեր են: Երբ մենք հանգամանալից անդրադառնում ենք շաբաթվա բոլոր օրերին, տեսնում ենք, թե ինչ սերտ կապ կա բոլոր օրերի միջև, և բոլոր օրերը տանում են դեպի կիրակի` Տերունական օր` դեպի մեր Տիրոջ Հրաշափառ Հարություն:
Իսկ ի՞նչ է մեր պարտականությունը Սուրբ Ծննդյան տոնի առիթով: Ամեն օր մի դուռ փակենք աշխարհի դիմաց, մեր զգայարանների դիմաց, և տարվա վերջին օրը թող փակված լինեն բոլոր դռները, որտեղից կարող է մեղքը ներս թափանցել: Միայն մեր սրտի դուռը լայն բացած թողնենք` Մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդը դիմավորելու համար: Իսկ մինչ այդ մտքով չհեռանանք Սուրբ Մարիամ Աստվածածնի կողքից, որի սրտի տակ բաբախում էր աշխարհի Փրկչի Սիրտը: Խենթանալու զգացողություն է: Կարելի է այս աշխարհում ամեն ինչից հրաժարվել, միայն այս զգացողությունը ունենալու համար, Աստվածածնին ընկալելու համար, Տիրոջ Սուրբ Ծնունդը մեր սրտում զգալու համար: Սրտով ընկալելու դեպքում աշխարհում ամեն ինչ փոշիանում է այս սրբության դիմաց: Ապաշխարությունը այստեղից է սկիզբ առնում, որպեսզի արժանի լինենք վերին բաների մասին խորհելու...
Նախորդ օրերին մենք նախապատրաստվեցինք սրտով, մտքով, հոգով լինել աղոթական երանելի վիճակի մեջ, հայցելով Սուրբ Կույսի բարեխոսությունը մեր անձերի խոնարհության, ժուժկալության և խորագիտության համար: Տիրոջ ողորմությամբ և օգնությամբ, մեր ջանքերով և պատրաստակամությամբ օգնենք միմյանց ոտքի կանգնելու մեր ընկած վիճակից:
Տոները որպես տոն նշենք, դրանք իզուր չեն կրկնվում ամեն տարի, կրկնվում են, որ մեր հիշողության մեջ մնայուն տեղ զբաղեցնեն հոգևոր իմաստով:
Փառք Աստծուն Իր տվածի համար, Մեղա Աստծո, մեր մոռացկոտության և ծուլության համար:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Ղուկասի 22.24-30
Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ով պիտի մեծ համարուի: Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում: Բայց դուք այդպէս չլինէք, այլ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը: Ո՞վ է մեծ՝ սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր: Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ: Եւ ես խոստանում եմ ձեզ, ինչպէս եւ իմ Հայրն ինձ խոստացաւ տալ արքայութիւնը, որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին»: