Այս տարվա վերջին ուրբաթն է այսօր.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Այս տարվա վերջին ուրբաթն է այսօր.
Փորձի՛ր ինձ, Աստուա՛ծ, ու ճանաչի՛ր իմ սիրտը, քննի՛ր ինձ ու ճանաչի՛ր իմ շաւիղները, եւ տե՛ս, եթէ իմ ճանապարհին անօրէնութիւններ կան, առաջնորդի՛ր ինձ քո յաւիտենական ճանապարհներով։ Սաղմոս 138:23
 
Այսօր ուրբաթ է, որը հրաժեշտ է տալու մեզ այսօր իր ասելիքով: Ուրբաթ օրը մեր հիշողության մեջ մնայուն տեղ է զբաղեցնում իր ավագությամբ, քանի որ ամրագրված է Ավագ Շաբաթվա մեջ` Տիրոջ Խաչելության հիշատակով: Ամեն անգամ «ուրբաթ» անունը լսելիս մեր միտքը մեզ տանում է Գողգոթա` Տիրոջ Խաչափայտի մոտ: Ինչպես շաբաթվա բոլոր օրերը ունեն իրենց խորհուրդները և ասելիքը, ուրբաթը նույնպես ունի իր շեշտադրումը մեր կյանքում, միշտ սթափ ապրելու հարցում:
Հետևաբար մենք էլ մեր կյանքի առանձին փուլերը անցնելիս, կարողանանք ճիշտ շեշտադրում կատարել` զանազանելով անհրաժեշտը հաճելիից, առաջնայինը` երկրորդականից:
Կարևորը անկարևորից զանազանելը նույնպես իմաստություն է, և քիչ դեր չի խաղում մեր կյանքում:
Այս օրերին քաղաքի փողոցները, տները, աշխատավայրերը և ամենուր զարդարում ենք արհեստական փայլերով և լույսերով, որպեսզի այդ արհեստական լույսերը հիշեցնեն մեզ գալիք տոնի ուրախության մասին: Այդ ուրախությունը չի բխում մեր ներսից, այն ժամանակավոր է, որովհետև արհեստական է, և միայն այդ օրերի համար է: Տոները անցնում են, անցնում է նաև ուրախությունը, և մենք հայտնվում ենք նորից հին մարդու կարգավիճակում: Սակայն կա մի այլ` հավերժական Լույս, Բեթղեհեմյան Աստղի ցույց տված Լույսը, որը կարող ենք դնել մեր սրտերում, որպեսզի հավերժ փայլի ու լուսավորի մեր սրտերը, և մեր ուրախությունը կատարյալ լինի բոլոր տոների ժամանակ: Մեզնից թող բխի ուրախությունը և շուրջ բոլորը ուրախացնի: Մեր սիրտը թող լինի Մանուկ Հիսուսի համար տաքուկ բնակարան, այնտեղ ապրի ու գործի մեր Տերը և մեր ուրախությունը լիակատար լինի: Խորհենք նաև այդ մասին: Մեր Տերը ծնվեց ոչ թե փայլփլուն, զարդարված ու շքեղ տներում, այլ մսուրի մեջ, և ինքը լուսավորեց իր լույսով մսուրը և ողջ աշխարհը` ապացուցելով աշխարհին, որ` ոչ թե տեղն է սրբացնում մարդուն, այլ մարդն է սրբացնում տեղը: Հետևաբար մենք էլ այս օրերին գիտակցաբար շեշտը ճիշտ տեղում դնենք: Երբ զարդարենք ու զարդարվենք, ապա մեր սրտում ունենանք Սուրբ Ծննդյան Բարի Ավետիսը, որը կիմաստավորի մեր գալիք 2019 թվականը և մեր ողջ կյանքը: Սովորենք մեր կյանքի կարևոր շեշտերը ճիշտ տեղերում դնել...
Մաղթանքների մեջ էլ շեշտը ճիշտ տեղում դնենք: Նորանոր հաջողությունները և նորանոր ձեռքբերումները նոր տարում հանդիպում են միայն նոր սիրտ ունեցող և իրեն նոր մարդ դարձրած մարդկանց: Հին մարդը նոր հաջողություն չի ունենում, դա խաբկանք է, արհեստական հույս է, արհեստական լույս է, ինքնագոհացում է, որ կրկնում ենք ամեն տարվա ավարտին` ոչինչ չփոխելով:
Այս ուրբաթ օրն էլ փակենք մի դուռ աշխարհի զվարճությունների առջև...  բացենք մեր սրտի դռները լայնորեն, սպասենք Մանուկ Հիսուսի Ժամանումին և ի մտի ունենանք Երանելի Օգոստինոսի խոսքը, թե`
Ի՞նչ ունես դու, երբ Աստված քեզ հետ չէ,
և ի՞նչ չունես, երբ Աստված քեզ հետ է.

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Ղուկասի 19.1-10
Եւ Յիսուս մտել էր Երիքով ու շրջում էր:  Եւ ահա մի մարդ՝ Զակքէոս անունով, որ մաքսապետ էր ու մեծահարուստ,  ուզում էր տեսնել, թէ ով է Յիսուս, բայց բազմութեան պատճառով չէր կարողանում, որովհետեւ կարճահասակ էր: Եւ առաջ վազելով՝ բարձրացաւ ժանտաթզենու վրայ, որպէսզի տեսնի նրան, որովհետեւ նա հէնց այդտեղով էր անցնելու: Երբ այդ տեղը եկաւ, Յիսուս վեր նայեց եւ ասաց. «Զակքէո՛ս, շտապիր իջի՛ր այդտեղից, որովհետեւ այսօր պէտք է, որ ես քո տանը գիշերեմ»:  Զակքէոսը շտապեց իջաւ եւ նրան ընդունեց ուրախութեամբ:  Երբ ամէնքը այս տեսան, տրտնջում էին ու ասում, թէ մեղաւոր մարդու մօտ մտաւ գիշերելու:  Իսկ Զակքէոսը եկաւ կանգնեց եւ ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ահա իմ ինչքերի կէսը կտամ աղքատներին եւ, եթէ որեւէ մէկին զրկել եմ, քառապատիկ կհատուցեմ»: Եւ Յիսուս նրան ասաց. «Այսօր այս տան համար փրկութիւն եղաւ, քանի որ սա եւս Աբրահամի որդի է,  որովհետեւ մարդու Որդին եկաւ փնտրելու եւ փրկելու կորածին»: