ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Հոգևոր քարոզներ 2018
Այսօր տարվա վերջին հինգշաբթին է.
2018 թվականը ևս ավարտվեց: Մեզ համար ավարտվեց` Տիրոջ ողորմությամբ, բայց որոշ մարդկանց համար այն կիսատ մնաց... Սակայն բոլորիս համար, ողջ` թե, ննջած` որպես հիշատակ մնաց այն ինչ արեցինք և կորցրինք այն, ինչ չարեցինք: Ավարտվող տարին լի էր կարևոր իրադարձություններով և տհաճ անակնկալներով: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, թե մենք ինչով օգտակար եղանք որևէ բարի գործի մեջ` մեր մասնակցությամբ: Մենք` քրիստոնյանես, 2018թվականի սկզբից ծանոթացանք մեր հոգևոր պարտականությունների հետ, տեղեկացանք մեր Եկեղեցու կարևոր դերի ու նշանակության մասին: Իմացանք նաև տարվա մեջ Եկեղեցու կողմից նշվող, հիշվող տոների մասին, ամեն կիրակի մատուցվող սուրբ Պատարագների մասին, որոնք մեր կյանքի բաղկացուցիչ մաս են կազմում: Եկանք այն համոզման, որ մեր կյանքը աննպատակ չէ և այս ամենը ստեղծվել է մեզ համար, որպեսզի մենք արժևորենք մեր կյանքի նպատակը` այն է` ծառայել մեր Տեր Հիսուս Քրիստոսին` ծառայելով մեր նմանին, մեր ձեռքում ունենալով համապատասխան հոգևոր գործիքներ: Այստեղ էլ կարևոր է, թե ի՞նչ վերցրինք այս տարի մեր հոգու համար, որքանո՞վ մեր վերցրածը օգնեց մեր կյանքը փոխելուն, թե՞ լսող եղանք միայն և դարձյալ նույնն է ամեն բան:
Հաջորդ 2019թվականը կրկնությունն է նախորդի, եկեղեցական տոների և ծեսերի առումով, դրանք այնքան կկրկնվեն, մինչև վերջին քրիստոնյան վերցնի դրանք և կյանքի կոչի: Ահա այն գործիքները, որոնցով մենք պետք է մշակենք մեր կյանքի անդաստանները, ստացած բերքն ու բարիքը բաժանենք չունեցողներին և երբ ամենքի Տերը գա, լսենք այս երանավետ խոսքերը`«Ապրես բարի ու հավատարիմ ծառա»: Այս օրերին ապրողներս երջանիկ ենք այն առումով, որ ազատ, առանց խոչնդոտի կարող ենք ամեն կիրակի Պատարագին մասնակցել: Սուրբ Գիրքը առանց արգելք կարող ենք կարդալ` իր մեկնություններով: Եկեղեցական բոլոր տոներին կարող ենք մասնակցել և տեղեկանալ տոնի խորհրդի հետ: Այս բոլոր հնարավորությունները հեշտացնում են մեր կյանքը, ավելի հասկանալի է դառնում կյանքի իրական իմաստը: Շոշափելի է դառնում այն նպատակը, ինչի համար աշխարհ ենք եկել: Սա է մեր կյանքը, որ աշխարհ գանք, հասկանանք գալու նպատակը, ծառայենք և վերջում հանդիպենք մեզ Ստեղծողին ու ստանանք մեր վարձը: Թվում է, թե մեկ նախադասությամբ հասկացանք մեր կյանքի իմաստը, սակայն խոստովանենք, որ, մեզ բաժին ընկած ողջ կյանքի տարիները չեն հերիքում այս ամենը իրագործելու համար: Դրա համար կյանքը քաղցր է իր դժվարություններով ու մեզ համար անհասկանալի` փաստերով:
Սրանք են մեր կյանքի ղեկ հանդիսացող և ճշմարիտ ճանապարհից չշեղող գործոնները: Հազար փառք Աստծուն, որ մեզ միտք, պատրաստակամություն, սեր և հնարավորություն պարգևեց ողջ տարվա ընթացքում օգտակար լինելու մեր նմանին: Շնորհակալություն բոլոր նրանց, որոնք ողջ տարին հետևեցին մեր տեսանյութերին: Ես փորձեցի իմ կարողության չափով օգտակար լինել,
իսկ բացթողումներիս և թերություններիս համար ներողամիտ գտնվենք միմյանց նկատմամբ, հաջորդ տարին նորովի սկսելու համար:
Բարի տարեվերջ և բարի Նոր Տարի թող լինի բոլորիս համար, և բոլորս միասիրտ, միախոհ, միաբան ցնծանք Մանուկ Հիսուսի Սուրբ Ծնունդով, որ տեղի կունենա մեր սրտերում:
Օրվա ընթերցվածք.
Ավետարան ըստ Հովհաննեսի 21.15-22
Եւ երբ ճաշեցին, Յիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան նրանք»: Սա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ գառներին»: Դարձեալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»: Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»: Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թէ՝ «Սիրո՞ւմ ես ինձ»: Ու նրան պատասխանեց. «Տէ՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, որ սիրում եմ քեզ»: Յիսուս նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր, ուր եւ կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կբարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կկապեն ու կտանեն, ուր չես կամենայ»: Այս ասաց՝ նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն: Եւ երբ այս ասաց, աւելացրեց. «Արի՛ իմ յետեւից»: Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքով ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»: Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ նա ի՞նչ կլինի»: Յիսուս նրան ասաց. «Եթէ ես կամենում եմ, որ նա ապրի, մինչեւ որ ես գամ, այդ քեզ ի՞նչ հոգ, դու արի՛ իմ յետեւից»: