Այսօր տարվա վերջին երեքշաբթին է.

ՆԻՒԹԻ ՁԱՅՆԱԳՐԵԱԼ ՏԱՐԲԵՐԱԿԸ


Հոգևոր քարոզներ 2018

Այսօր տարվա վերջին երեքշաբթին է.
Այսօր սույն թվականի վերջին երեքշաբթին է, ինչը մեզ հիշեցնել է տալիս, որ մոտենում ենք տարվա ավարտին: Հետևաբար մի պահ կանգ առնենք, սթափ նայենք իրականությանը և որոշենք մեր անելիքը: Երբ ժամանակը իր լրումին է մոտենում, անպայման գալիս է հաշվետվության պահը, ինչի մասին մենք գիտենք Աստվածաշնչից: Այդպես է լինում նաև մեր կյանքի բոլոր փուլերում` դպրոց, բուհ, աշխատանք, ընտանիք, հայրենիք, եկեղեցի և կյանքի ավարտ: Ահա տարվա վերջին երեքշաբթի օրը հաշիվ տանք մեզ տարվա բոլոր երեքշաբթիների համար: Գնահատականի հարցում լինենք անկողմնակալ, զղջալու հարցում լինենք անկեղծ, սխալները շտկելու հարցում լինենք պատրաստակամ և ուրախ:
Այս շաբաթվա բոլոր օրերը հաշվետու օրեր են, ուստի մենք սկսենք այսօրվանից: Տարվա ավարտը և նոր տարվա սկիզբը պայմանավորված է մեր անձերի ինքնաքննության և շիտակ գնահատականի իրողությամբ: Տարվա ավարտը ենթադրում է նաև մեկ տարվա ապրած կյանքի ամփոփում, ձեռքբերումների և թերացումների արձանագրում, գոհանալ Աստծուն ստացածի և չստացածի համար, ներում հայցել Աստծուց մեղքերի համար, օրհնություն և ողորմություն խնդրել գալիք տարին պատվով թևակոխելու համար:
 
Նոր Տարին դիմավորենք նոր սրտով, թող հին մարդը մեզ հետ չգա դիմավորելու Սուրբ Ծնունդը, որովհետև Մանուկ Հիսուս ծնվում է մաքուր սրտերում: Մենք ամեն օր նախապատրաստվենք այս օրերին մտքով, սրտով, հոգով լինել Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի հետ, որովհետև Նա այս օրերին ուրախության տագնապի մեջ է իր Փրկիչ Որդու ծնունդով: Չմոռանանք, որ Աստվածամայրը իր սրտում ուներ ամեն գաղտնիք իր Որդու հետագա կյանքի մասին: Ուրեմն մենք ևս ապրենք այդ ուրախությունը, տագնապը, բերկրանքը` մեր սիրելի և հավերժական բարեխոս`Մարիամ Աստվածածնի հետ, մինչև նրա Որդու Սուրբ Ծնունդը: Թող մնայուն ներկայություն և նախապատիվ տեղ ունենա Աստվածամայրը մեր մեջ: Մենք էլ մեր սրտում պահենք Աստծու մնայուն պարգևները, ինչպես Աստվածածինը պահեց իր սրտում և մնաց Տիրոջ աղախինը: Մի խոսքով մենք էլ արթուն լինենք հովիվների պես, որ մեր սրտում էլ ծնվի Մանուկ Հիսուս: Փնտրող լինենք մոգերի պես, և մեր սիրտը նվիրենք Նրան, որպես բնակության վայր: Սա է մեր գլխավոր նախապատրաստությունը տարվա ավարտի և գալիք տարվան դիմավորելու: Մնացած նյութական նախապատրաստությունները երկրորդական են, միտքը զբաղեցնող են, անօգուտ են, մեր հոգու փրկության համար չեն: Մանուկ Հիսուս ծնվում է մեր Փրկության համար: Սկսենք այսօր. Տիրոջ օրհնությունը և օգնությունը մեզ հետ ունենանք այս օրերին:

Օրվա ընթերցվածք.

Ավետարան ըստ Հովհաննեսի 12.24-26
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կտայ: Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի յաւիտենական կեանքի համար:  Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կգայ. եւ ուր ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կպատուի իմ Հայրը: